Վիքիպեդիայի խմբագրական պատերազմները Ստամբուլյան կոնվենցիայի օրինակով

19.08.2019, Ստուգված է

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փաստերի ստուգման խմբի անդամ

Media.am-ի փաստերի ստուգման խմբի անդամ Կարինե Ղազարյանը փորձեց և չկարողացավ հայերեն Վիքիպեդիայից հեռացնել հասարակական հնչեղություն ունեցող թեմայի՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին մանիպուլյատիվ տեղեկությունը։ Վիքիպեդիայի մոդերացիան իր առանձնահատկությունները ունի, և նույնիսկ հանրագիտարանի կանոններին հակասող տեղեկությունը այդքան էլ հեշտ չէ այնտեղից հեռացնել։ 

Վիքիպեդիայի հոդվածում կեղծ տեղեկությունը ուղղելու անհաջող փորձը

Օգոստոսի 5-ին Media.am-ը հրապարակեց իմ հոդվածը, այն ամենի մասին, ինչ պետք է իմանալ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ։ Ինչպես և փաստերի ստուգման այլ նախաձեռնություններ, մենք անդրադարձանք թեմային, քանի որ դրա քննարկումները ուղեկցվում են բազմաթիվ մանիպուլյատիվ հայտարարություններով և կեղծ լուրերով։ 

Հոդվածի վրա աշխատելիս ես այցելեցի կոնվենցիայի հայերեն Վիքիպեդիայի էջ և տեսա, որ այնտեղ նույնպես կան մի քանի մանիպուլյատիվ պնդումներ։ Վիքիի խմբագիր լինելով՝ հեռացրեցի պնդումները։ Քանի որ դրանք իրականությանը չէին համապատասխանում, իսկ որպես աղբյուր օգտագործվել էր ֆեյսբուքյան գրառում, ինչը ընդունելի չէ Վիքիպեդիայի կանոններով, վստահ էի, որ տարակարծություն չի լինի։

Սակայն մի քանի օր անց պատահաբար տեսա, որ կեղծ տեղեկությունը ճիշտ նույնությամբ վերականգնվել էր։ 

Տեղեկությունը Վիքիպեդիա վերադարձնողը՝ «Գարդմանահայ» օգտատերը, ի տարբերություն ինձ, երկար տարիների փորձ ունեցող և ակտիվ Վիքի խմբագիր է։ Ես, «Գարդմանահայը» և մի քանի այլ մասնակիցներ օրեր շարունակ ներգրավված էինք ապարդյուն քննարկման մեջ։ «Գարդմանահայը» խիստ դեմ էր տեքստը ուղղելուն, ես էլ խիստ դեմ էի այդ հոդվածում կեղծ լուրերի օգտագործմանը։ 

Խմբագիրների և ադմինիստրատորների հետ երկար քննարկման ժամանակ ես ներկայացրեցի փաստարկներս, հղում տալով համապատասխան պետական և միջազգային մարմիններին։  Սակայն սխալ տեղեկությունը մնաց հոդվածում, այս թվում նաև Վիքիի մոդերացիայի առանձնահատկությունների պատճառով։ 

Վիքի հոդվածի կեղծ տեղեկությունը վերատպվեց մամուլում

Հուլիսի 25-ին «168 ժամ»-ը Կոնվենցիայի մասին հոդված հրապարակեց, որտեղ արտատպված էին Վիքիպեդիայից կտորներ, այլ թվում՝ «Գարդմանահայ»-ի ավելի վաղ ավելացրած սխալ տեղեկությունը։ 

Ավելին, Վիքիպեդիայից վերատպած կեղծ տեղեկությունը «168 ժամ»-ը ներկայացրել է որպես Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյաննի ուղիղ խոսք։  

Միայն մեկ երկիր՝ Բուլղարիան է կոնվենցիան ճանաչել հակասահմանադրական, սակայն Վիքիպեդիայի և «168 ժամ»-ի տեքստում նշվում է, որ այդպիսի որոշում ընդունել են «մի շարք երկրներ»

Այնուհետև «168 ժամ»-ի այդ հոդվածը «Գարդմանահայ» օգտատերը տեղադրել է Վիքիպեդիայում՝ որպես տեղեկության աղբյուր։ Այսինքն, նրա գրած տեքստը «168 ժամ» թերթը ներկայացրել է որպես Հանրային խորհրդի անդամի հայտարարություն, ինչից հետո նա թերթի այդ հոդվածը դրել է Վիքիպեդիայում՝ որպես իր գրած պնդման հիմնավորում։ Արդյունքում ստացվել է Վիքիպեդիա–«168 ժամ»–Վիքիպեդիա փակ ցիկլ։ 

«Գարդմանահայ»-ը հազարավոր հոդվածների և խմբագրումների հեղինակ է։ Նրա վերջին խմբագրումներից է Սամվել Կարապետյանի՝ հայտնի գեներալ Օգանովսկու հոդվածը, որտեղ նա ավելացրել է այդ թվում «Սպուտնիկ Արմենիայի»՝ Օգանովսկու հերոսական ձեռքբերումները թվարկող հոդված։ Ավելացնումը «Գարդմանահայ»-ը արել է BBC-ի սկանդալային հրապարակումից մի քանի օր հետո։ 

Խմբագրական պատերազմներ

Վիքիպեդիայում պարբերաբար լինում են թեմաներ, որոնց շուրջ խմբագիրները համաձայնության չեն գալիս։ Կա նույնիսկ հատուկ տերմին՝ խմբագրական պատերազմներ, որոնց վերջ դնելը բարդ է։ Հաճախ կոնֆլիկտային թեմաներ ծագում են, օրինակ, հայ և ադրբեջանցի խմբագիրների միջև՝ անգլերեն, ռուսերեն և միջազգային այլ լեզուներով Վիքիպեդիաներում։ Բայց խմբագրական պատերազմները տարածված են բոլոր Վիքիպեդիաներում։

Խմբագիրներից բացի քննարկումներին մասնակցում են ադմինիստրատորներ։ Սակայն պրեմոդերացիա Վիքիում չի արվում՝ ադմինները նախապես չեն հաստատում փոփոխությունները։ 

Տարիների փորձ ունեցող ադմինիստրատոր Ալեքսեյ Չալաբյանը (ով ներգրավված չէր կոնվենցիայի շուրջ քննարկման մեջ) մեզ հետ զրույցում պարզաբանեց․ «Եթե, օրինակ, Ֆեյսբքուքում ադմինները ունեն որոշակի գերակայություն, ապա Վիքիպեդիայում ադմինիստրատոր լիները զուտ ավելի մեծ վստահության մասին է, որ այդ մարդիկ չեն չարաշահի գործիքները»։ 

Ալեքսեյ Չալաբյանին հարցրեցի նաև, թե ինչքան ծանրաբեռնված են աշխատում ադմինիստրատորները։ «Պարբերաբար դա լինում է հոգնացուցիչ, ինչը վերջին տարիներին իմ պասիվանալու պատճառներից մեկն է։ Այդ աշխատանքը անելիս անընդհատ ստիպված ես գործ ունենալ կոնֆլիկտների կառավարման հետ, ու եթե դու խառնվածքով կոնֆլիկտից հաճույք ստացող մարդ չես, դու վաղ թե ուշ հոգնում ես», - նշեց նա։ 

Ադմինիստորների քանակը նույնպես կարևոր է։ Այս պահին հայերեն Վիքիպեդիան ունի 10 ադմինիստրատոր։ 

Չնայած ադմինիստրատորները բովանդակության մոդերացիա չեն անում, այնպես, ինչպես սոցցանցերում, նրանք կարող են արգելափակել օգտատերերի։ «Գարդմանահայ»-ը, օրինակ, բազմիցս արգելափակված օգտատեր է։

Հայերեն Վիքիպեդիան և «Վիքիմեդիա Հայաստան»-ը

Ֆեյսբուքի որոնման միջոցով պարզեցի, որ «Գարդմանահայ»-ը իրական կյանքում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահն է (նա պատկերված է լուսանկարում մակագրված՝ User:Gardmanahay։ Media.am-ը ունի նկարի սքրինշոթը)։ Փաստը հետաքրքիր էր, հաշվի առնելով, որ նա մեկ անգամ չէ խնդրահարույց բովանդակություն ավելացնում Վիքիպեդիա (այստեղից էլ բազմաթիվ արգելափակումները)։ 

«Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ն և հայերեն Վիքիպեդիան տարբեր բաներ են։ Ցանկացած ոք կարող է կամավորական հիմունքներով խմբագրել կամ ստեղծել հոդված Վիքիպեդիայում։ Դրա հետ մեկտեղ գործում է «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ն, որի նպատակն է զարգացնել Վիքիպեդիան մեր երկրում․ կազմակերպությունը նախաձեռնում է տարատեսակ կրթական ծրագրեր, կոնֆերանսներ և այլն։

«Վիքիմեդիա Հայաստան»-ի հաղորդակցության և սոցիալական մեդիայի համակարգող Դաթո Աբուլաձե ինձ հետ զրույցում նշեց․ «Վիքիմեդիա Հայաստանը»-ը չի զբաղվում հոդվածների բովանդակությամբ։ Կազմակերպությունը զբաղվում է նախագծերի հանրայնացմամբ, գաղափարախոսության տարածմանաբ, այսինքն ամեն ինչ արվում է, որպեսզի մարդիկ գան և սկսեն Վիքիպեդիան խմբագրել։ Սակայն բովանդակության հետ «Վիքիմեդիա Հայաստան»-ը կապ չունի»։

Աբուլաձեն չմեկնաբանեց «Գարդմանահայ» օգտատերի և ՀԿ-ի խորհրդի նախագահի նույն մարդը լինելու տեղեկությունը։ Նա նաև հավելեց, որ նույնիսկ այդ դեպքում այս դերերը իրար չէին խանգարի։ 

Վիքիպեդիան չի կարելի օգտագործել որպես աղբյուր 

Հանրագիտարանի ամբողջ բովանդակությունը ստեղծում և բարելավում են կամավորները։ Ցանկացած ոք կարող է միանալ և խմբագրել Վիքիպեդիան։

Վիքիպեդիան աշխարհի ամենաայցելվող կայքերից է։ Այստեղ հոդվածները հաճախ ստեղծում ու բարելավում են տվյալ ոլորտի մասնագետներ։ Սակայն Վիքիում կարող են տեղ գտնել և ոչ այնքան բարեխիղճ խմբագրումներ։ Երբ բանը հասնում է հասարակական հնչեղություն ունեցող թեմաների, այդպիսի խմբագրումները կարող են նպաստել թեմայի շահարկմանը։

Այդպես, «Գարդմանահայ»-ի ավելացրած սխալ տեղեկությունը տեղ գտավ լրատվական կայքում և ներկայացվեց որպես կարևոր հասարակական գործչի հայտարարություն։ 

Այս օրինակով հեշտ է համոզվել, որ Վիքիպեդիան չի կարելի օգտագործել որպես աղբյուր գիտական կամ կրթական նյութերում։ Լրագրողներին նույնպես խորհուրդ չի տրվում  Վիքիպեդիան որպես աղբյուր օգտագործել։

Դպրոցներում Վիքիպեդիան խմբագրելու մասին ծրագրերին զուգահեռ կարևոր է աշակերտներին սովորեցնել քննադատաբար մոտենալ նաև ազատ հանրագիտարանի տեղեկություններին և հղում չտալ Վիքիպեդիային իրենց դպրոցական աշխատանքներում։ 

Միևնույն ժամանակ տարբեր թեմաներով ընդհանուր տեղեկություն ստանալու համար Վիքիպեդիան մնում է արագ և հարմար գործիք։ 

Կարինե Ղազարյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?