Վիրտուալ պատերազմ, որ տեւեց ավելի երկար, քան Րաֆֆիի հացադուլը

06.04.2011, Քննադատ

Առցանց «Առավոտի» խմբագիր

Զգուշացում՝ հետագա տեքստում առկա որոշ մեջբերումներ կոպիտ են ու վիրավորական: Ներողություն ենք խնդրում դրանք առավել տարածելու համար, բայց առանց նման հիշատակումների՝ կտուժեր հրապարակումը:

Շուրջ 2 շաբաթ, մինչ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ էր անում Ազատության հրապարակում` վիրտուալ տարածքի հայ քաղաքական բնակիչները մարտեր էին մղում միմյանց դեմ: Պատերազմական այս գործողությունն առաջին հերթին աննախադեպ էր հակամարտող կողմերի առումով` թերեւս առաջին անգամ էր, որ իրար դեմ նման ուժգին պայքար մղեցին մարդիկ, որոնց հիմնական մասին միավորում է իշխանությանն ընդդեմ դիրքորոշումը: Վիրտուալ երկշաբաթյա պատերազմը ավարտվեց (թեեւ այնքան էլ վստահ չենք, որ կարելի է խոսել դրա վերջնական ավարտի մասին) ընդդիմադիր դաշտում առավել պառակտվածությամբ, քան երբեւէ եղել է վերջին տարիներին:

Պատերազմի սկիզբն ազդարարող յուրօրինակ մեկնարկային ատրճանակի կրակոց դարձավ այն, որ մարտի 17-ի հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չմոտեցավ Ազատության հրապարակում մարտի 15-ից հացադուլ հայտարարած «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, թեեւ վերջինս ու իր կողմնակիցները հոտնկայս եւ «միացում» վանկարկումներով էին դիմավորել ՀԱԿ-ի հանրահավաքի մասնակիցների մուտքն Ազատության հրապարակ:

Նկատենք, որ մինչ այդ էլ ՀԱԿ-ի համակիր մամուլը կամ հեգնախառն հրապարակումներով էր անդրադարձել այս հացադուլին (Տես` http://www.chi.am, 16-ը մարտի), կամ էլ շատ հակիրճ արձանագրել  բուն փաստը` առանց անդրադառնալու այն շուրջ 40 րոպեանոց ելույթում առկա փաստարկներին, որոնցով մինչ հացադուլը հայտարարելը` այն պատճառաբանել էր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Սակայն սրանք միայն ծաղիկներ էին այն ամենի համեմատ, ինչ եղավ մարտի 17-ին կատարվածից հետո, որին հաջորդեցին մի շարք հայտնի հրապարակախոսների բլոգային անդրադարձերը: Պատկերը փոխանցելու համար ընդամենը մի քանի մեջբերումներ անենք դրանցից եւ հաջորդած` երբեմն նաեւ քննադատությունը անձնական վիրավորանքներից բաժանող սահմանն անցած արձագանքներից:

Հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանն իր բլոգում գրել էր. «Թող Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունած լիներ միավորվելու՝ բազմիցս հնչած առաջարկները, եւ ազատորեն օգտվեր ՀԱԿ-ի շուրջ համախմբված բազմության ուշադրությանն արժանանալու իրավունքից»: Հրապարակախոս Մարինե Պետրոսյանը նրան պատասխանել էր. «Տիգրան, դու փաստորեն արդեն մահացել ես, իսկ ես չէի իմացել: Ողորմի հոգուդ», իսկ Վարդգես Գասպարին գրել էր. «Ցավոք հոդվածից 37 թվի հոտ առա»:

Արամազդ Ղալամքարյանն իր բլոգում գրել էր. «Լեւոնը Րաֆֆիին չէր կարող մոտենալ, քանի որ դա կնշանակեր, որ Կոնգրեսը «Ժառանգությանը»  խնդրում է միանալ իրենց: Նման խնդրանք որեւէ ուժի չի արվել ու հուսամ՝ չի արվելու: Բայց Րաֆֆիին աութ-ում թողած հանրահավաքն ինքնին հրավեր էր, ու եթե Րաֆֆին մի քիչ ավելի պակաս ամբիցիոզ, պակաս ինքնասիրահարված լիներ ու մի քիչ ավելի քաղաքականապես հեռատես, նա ինքը կբարձրանար հարթակ, կմոտենար Տեր-Պետրոսյանին ու կասեր, որ բարձրախոսով ուզում է հայտարարել այն մասին, որ ինքն ու իր կուսակցությունը մտնում են Հայ ազգային կոնգրեսի մեջ: Նրան կտրվեր դա անելու հնարավորություն, ինքը դա կաներ, հաշված րոպեների, հաշված վայրկյանների ընթացքում նա քաղաքական изгой-ից կվերածվեր հերոսի, իր անձից վեր կանգնելու ունակ քաղաքական գործչի, ու նրա կարիերան կստանար երկրորդ շունչ: Ավելին, վաղը շանս կունենար դառնալու, օրինակ, Սփյուռքի հարցերով նախարար»: ovanitas  բլոգերը սրան այսպես էր արձագանքել. «Նախընտրական շրջանի Հայլուրի ռեպորտաժի էր նման»:

Մենամարտերը բլոգներից շատ արագ տեղափոխվեցին սոցիալական ցանցեր: Հնարավոր չէ փոխանցել «Ֆեյսբուքում» շուրջ 2 շաբաթ ընթացած կատաղի բանավեճերի ամբողջական պատկերը: Թեեւ կարծում եմ` շատ բնորոշիչ է հետեւյալ երկխոսությունը: Մարտի 21-ին տեղադրելով այն լուրը, որ ոստիկանները ջարդել են Րաֆֆի Հովհաննիսյանի համար նախատեսված անձրեւանոցը` «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ծրագրի ղեկավար Արթուր Ավթանդիլյանը գրել էր. «Հույս ունեմ` նյութի «թարմության» հետևանքով է, որ դեռ ոչ մի կոնգրեսականի դատապարտող մեկնաբանության չեմ հանդիպել...գոնե «շուն-գել, ՀՀ քաղաքացու իրավունք են խախտել» համատեքստում»:  Սակայն սրան հաջորդել էր մասնավորապես նման արձագանք Արթուր Գրիգորյանից . «Էլ ի՞նչնա պետք դատապարտել: Սոսկեն դեռ չե՞ն գողացել»:

Սակայն բարձրակետը Մարինե Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում վերլուծաբաններ Հրանտ Տեր Աբրահամյանի եւ Անդրանիկ Թեւանյանի` այս առիթով մարտի 22-ից սկսված, կարելի է ասելուղղակի զուտ բակային կռիվն էրԻնչ արժե միայն հետեւյալ «բանավիճային» երկխոսությունը. «Խոստացիր, որ եթե պատահաբար ռաստվես` տուզիկանալ չկա»:  «Բայց դու իրոք ինչ մանր տուֆտա դուրս եկար»:

Այս ամենին հաջորդեց մի նոր փուլ, երբ հակամարտող կողմերն ուղղակի սկսեցին միմյանց ջնջել ընկերների ցանկերից, կամ էլ` գերազանցապես այլեւս չէին էլ բանավիճում միմյանց հետ: Երկխոսությունն ընթանում էր բացառապես համախոհ յուրայինների միջեւ: Մի շրջանակը հեգնում ու ծաղրում էր Րաֆֆի Հովհաննիսյանին` նրան «փուչիկ», «կլոուն» ու էլ ինչ ասես անվանելով, մյուս շրջանակը հացադուլավորի հանդեպ այս վերաբերմունքը դիտարկում էր ՀԱԿ-ի` իրեն չմիացածների նկատմամբ անհանդուրժողականության համատեքստում՝ եւ նրանց անվանում «աղանդավորներ», «ճիզվիտներ» եւ էլ ինչ ասես:

Վիրտուալ պատերազմի արձագանքները` արդեն փոքր ինչ խլացած ու մեղմացած, հասնում էին նաեւ ավանդական մամուլ, եւ հատկապես «Հայկական ժամանակ», որտեղ «մարտերի» նույն մասնակիցները` Հրանտ Տեր-Աբրահամյանը, Լիզա Ճաղարյանը, Տիգրան Պասկեւիչյանն արդեն տպագիր էին արձագանքում այն ամենին, ինչ կատարվում էր համացանցում:

Նշենք, որ ողջ ընթացքում կողմերին հրադադարի կոչեր էին արվում` անգամ ՀԱԿ-ի համակիրների կողմից: Բլոգեր Իզաբելլա Սարգսյանը գրել էր. «Փաստորեն հիմա, քան թե սերժիկների դեմ պայքարենք` իրար դե՞մ ենք պայքարում: Ի՞նչ իմաստ ունի»: Կարապետ Ռուբինյանն առաջարկում էր. «ՀԱԿ գրասենյակից պետք է հորդորակ իջնի բոլոր համակիրներին` Րաֆֆիի եւ «Ժառանգության» դեմ բոլոր հարձակումները դադարեցնելու վերաբերյալ: Նույնը առաջարկել անել «Ժառանգությանը»»:  Ժիրայր Սեֆիլյանն ասուլիսում  կոչ էր անում վերջ տալ «Ֆեյսբուքում» առկա քաղաքացիական պատերազմին. «Փակենք այդ էջը, փորձենք բանավիճել քաղաքակիրթ ձեւով, դա լինի «Ֆեյսբուքում», թե Ազատության հրապարակում։ Այս օրերին, քանի տեսնում ենք, որ Ազատության հրապարակի դռները բաց են, եկեք բանավեճը տեղափոխենք ֆեյսբուքյան վիրտուալ աշխարհից կենդանի աշխարհ»: «Հայեր ջան, հորդորում ու խնդրում եմ Րաֆֆիի թեման փակել: Քննարկումները դառնում են անձնական վիրավորանքների մրցավազք: Րաֆֆին հացադուլն ավարտեց` եկեք մենք էլ ավարտենք»,- «Ֆեյսբուքում» կոչ էր անում կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը :

Սակայն վիրտուալ պատերազմը չդադարեց դրանից հետո էլ: Միայն մի օրինակ մեջբերենք. հացադուլը դադարեցնելու պատճառների մեջ` ի շարս բազմաթիվ քաղաքացիների հորդորների եւ բժիշկների զգուշացումների` «Ժառանգության» առաջնորդը նշել էր նաեւ դստեր չափահաս դառնալու տարեդարձին մասնակցելու փաստարկը: «Լավ ա տատու 100-ամյակը չի նշում»,- «Ֆեյսբուքում» անմիջապես արձագանքել էր ՀԱԿ-ի մի համակիր:

Վիրտուալ մարտերը երեւան հանեցին հենց ընդդիմադիր շարքերում գործելակերպի եւ մոտեցումների բավական խորը եւ թերեւս անհաղթահարելի տարբերությունները: Եվ ամենակարեւորը` հերթական անգամ ի ցույց դրվեց Հայաստանի քաղաքական եւ լրագրողական շրջանակներում բանավեճի մշակույթի իսպառ բացակայությունը:

Այս անդրադարձը նման տխուր հնչերանգով չավարտելու համար` վերջում մեջբերենք մի անեկդոտ, որն այս քննարկումների կապակցությամբ հիշեցրեց լրագրող Արթուր Խեմչյանը. «Մարդ ու կին կռվում են մեկ ժամ, երկու ժամ... Վերջում կինն ասում է. «Լավ, արի չկռվենք, համարենք, որ երկուսս էլ մեղավոր ենք... մանավանդ՝ դու»:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?