2018.09.12,

vox populi

«Կան թեմաներ, որոնք լրատվական դաշտ են նետվում արհեստականորեն»

Ինձ թվում է հիմա մեր լրատվամիջոցներից շատերը աշխատում են տպավորություն ստեղծելու վրա: Դա նման է այն պատմությանը, երբ մի ընկերը մյուսին ասում է՝ գիտես, քո գնալուց հետո տնից կորան արծաթե գդալները: Բայց գտնվեցին, չէ՞: Այո, գտնվեցին, բայց նստվածքը մնաց:

Սա կարծես ամենալավն է բնորոշում այսօրվա ընթացքը: Անընդհատ դաշտ է նետվում ինչ-որ ինֆորմացիա, որը չունի փաստական հիմքեր: Ու թեև այդ ինֆորմացիան շատ արագ հերքվում է, նստվածքը մնում է, կուտակվում և ստեղծում  աղավաղված պատկեր:

Նկատել եմ, որ եթե նախկինում ապատեղեկատվական նյութերի տարածումը երբեմն լինում էր պատահմամբ, պարզապես դյուրահավատության պատճառով, հիմա երբ անգամ հաստատվում է, որ լուրը կեղծ է, այն չի հեռացվում ու որևէ կերպ չի խմբագրվում կայքերում կամ սոցցանցերի էջերում:

Արդյունքում անհայտ է մնում, թե ինչ է եղել իրականում: Տեսնում ես, թե ինչպես են չարչարվում միտումնավոր ապատեղեկատվություն տարածողները:

Դրա օրինակն է Արսինե Խանջյանի հայաստանյան անձնագրերի պատմությունը: Հազար անգամ մեկնաբանություններում գրվեց, թե իրականում ինչ էին իրենցից ներկայացնում այդ երկու փաստաթղթերը, բայց դա էական չէր: Նույնիսկ փաստաթղթերի տարբերության մասին իմանալուց հետո մարդիկ շարունակում էին առաջ տանել այն թեզը, որ Արսինե Խանջյանի վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու նկատմամբ ընդամենը դերասանական խաղ էր:

Հետաքրքիր է, որ երբ հայտնվում է բացասական մի լուր, միանգամից հավաքվում են նույն խմբի մարդիկ ու սկսում բուռն արձագանքել՝ ցանկանալով լինել Հռոմի պապից ավելի կաթոլիկ:

Իհարկե, նախկինում էլ էր այդպես։ Այն ժամանակ հանրությունն այդքան զգայուն չէր, և բնական էր համարվում, որ եթե որևէ մեկը խոսում է քծնելով իշխանություններին, բոլորը նրա վրա հարձակվում էին: Այն ժամանակ տարածված էր իրավիճակի ու իշխանությունների հանդեպ բացասական վերաբերմունքը, փոքրամասնություն էին նրանք, ովքեր խոսում էին իշխանությունների օգտին: Հիմա հակառակն է, ավելի հետաքրքիր:

Կարելի է նկատել, թե որքան հաճախ է շեշտը դրվում անվտանգության վրա:

Դա արվում է ոչ ուղիղ կերպով, ավելի մեղմ մանիպուլյացիաներով: Բոլոր հնարավոր առիթներով ասվում է ազգային անվտանգության (սերունդների, մշակույթների, ինքնության, հավատքի և այլն) մասին:

Անվտանգությունը պահանջմունքների բուրգի ստորին հատվածում է, և դրա վրա են խաղում ու աշխատում՝ գումարելով նաև գոյատևման բնազդները: Եվ դա ներգործում է…

Այսինքն, բերում են ծայրահեղ պրիմիտիվ փաստարկներ ու թեմաներ: Դրանցից է նաև ԼԳԲՏ համայնքի թեման: Եթե նայենք, թե երբ է ԼԳԲՏ թեման հայտնվում տեղեկատվության կիզակետում, կտեսնենք, որ դա միշտ նախորդում է քաղաքական կարևոր իրադարձություններին, օրինակ, ընտրություններին:

Այդ թեմայի շահարկումը փաստացի օգնում է արդարացնել կամ սքողել ցանկացած անհեթեթ որոշում կամ քայլ: Մի քանի տարի առաջ ԼԳԲՏ քարոզի քրեականացման նախագիծ էր ուզում ներկայացնել ոստիկանությունը: Նախագիծը արժանացավ ծաղրուծանակի, հետո հետ կանչվեց: Հետաքրքիր է, թե ինչու էր ընդհանրապես իրենց մտքով անցնել նման նախագիծ գրել:

Երբ 2013 սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը որոշեց, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն, այլ ոչ թե ասոցացման համաձայնագիր է ստորագրում Եվրամիության հետ, տեսանք, որ նորից սկսվեց չարչրկվել նույնասեռականների թեման: Եվ շատ հստակ էր, որ դա ուներ ռուսական հետք:

Մարդիկ շարունակում են կարծել, որ մեր ազգի անվտանգության ու գոյատևման առաջնային խնդիրը ԼԳԲՏ համայնքն է, իսկ պետության հիմնարար և միակ գործառույթը ծնելիության խթանումն է: Սեռական կողմնորոշման ու կրոնական թեմաները պարբերաբար ներկայացվում են որպես պետական առաջնային հարցեր:

Հասկանում ես, որ այդ թեմաները արհեստական են օրակարգ բերվում, բայց շատ լավ են խաղարկվում:

Երբեմն իրոք չեմ հասկանում, թե ինչպես կարելի է մարդկանց այդքան հեռացնել իրականությունից ու իրական խնդիրներից, տալ նրանց արհեստականորեն ստեղծված խնդիր՝ ԼԳԲՏ վտանգ, Եհովայի վկաներ, պատվաստում  ու ասել՝ դուք մտածեք սրա մասին, մինչ մենք մեր ճարը կտեսնենք:

Ինձ թվում է մարդիկ ընտրում են վերացարկված ինչ-որ գաղափարներ, քանի որ հեշտ է մտածել այն մասին, ինչը չի առնչվում առօրյային, բայց օգնում է լիցքաթափվել:

Վերցնում ես երևակայական խնդիրը, քննարկում, բողոքում, գոռգոռում ու հետո հանգստանում, բավարարվում ու անցնում առաջ: Ու այլևս չեն երևում այն խնդիրները, որոնք պետք է լուծես, բայց ի վիճակի չես լուծելու:

Դա նման է երևակայական հողմաղացների դեմ պայքարի:

Կարծում եմ ժամանակի ընթացքում այս թեմաներն  իրոք պետք է լինեն պետության քաղաքականության մաս և քաղաքացիները քննարկեն հասարակության մեջ տարբեր ազատությունները ու փոխհարաբերությունները՝ հիմնվելով մարդու իրավունքների սկզբունքների վրա և չտրվելով տեղեկատվական մանիպուլացիաների:

Բայց այս պահին մեզ մոտ այդ թեմաները լրատվական դաշտ են նետվում արհեստականորեն: Երբ Ռուսաստանը որոշում է, որ ասենք Եհովայի վկաները էքստրիմիստական կազմակերպություն են, նույն քարոզը սկսում է նաև մեզ մոտ:

Եթե մինչ հիմա դա առաջ է տարվել ու խրախուսվել է մեյնսթրիմ մեդիայի՝ հեռուստատեսության կողմից, ապա հիմա փոքր հույս կա, որ առնվազն Հանրայինի եթերում կհայտնվեն նաև այլընտրանքային կարծիքներ: Դժվար է փոխել մարդկանց մտածելակերպը, որը ձևավորվել է նաև միալար խայտառակ քարոզի արդյունքում:

Չափազանց տխուր է, որ մենք երկար տարիներ աշխատում ենք սեփական զարգացման ու աշխարհայացքի ընդլայնման վրա, բայց դեռ շարունակում ենք մնալ այն մակարդակում, որ առաջնորդվում ենք արհեստածին վախերով, երբ օրինակ «սորոսական» բառն ենք լսում ու բնազդաբար ջղաձգվում։

Չնայած հիմնականում չգիտենք ինչ է, ով է, բայց որոշել ենք, որ վատ է, չգիտենք ինչու, բայց ամեն դեպքում հարմար և ապահով ենք համարում այդպես ասել։

Երբեմն տպավորություն է, որ ինֆորմացիոն տարափում ապրելն ավելի վատ է, քան սակավ ինֆորմացիայի պայմաններում:

Տեղեկատվությունն ու ապատեղեկատվությունը մի տեղում են լցված, և մարդիկ պարզապես ժամանակ չունեն փորփրելու, թե ինչը ինչ է: Կարելի էր ենթադրել, որ մրցակցության արդյունքում մնում են միայն լավերը, բայց լրատվական դաշտում մրցակցությունը փաստացի պատվերների կատարման դաշտում է: Եվ դա ոչ մեկի համար օգտակար չէ:

Այն մարդիկ, որոնք պետք է ապահովեն լրատվության որակը, վստահ են, որ պահանջված է արագ ու կարճ՝ ընդամենը մի քանի տողով շարադրված ինֆորմացիայի մատակարարումը: Եվ որքան հեշտ կարդացվի ու որքան անհեթեթ ու տարօրինակ վերնագիր ունենա, այնքան լավ է:

Բայց դա որակի մրցակցություն չէ:

Մենք խնդիր ունենք հասկանալու, ընդունելու, համակերպվելու այն մտքի հետ, որ նախկին ու այսօրվա իրավիճակները տարբեր են: Եվ այն փաստարկները, որ մենք օգտագործում էինք իշխանությունների նկատմամբ անվստահության պայմաններում, հիմա կիրառելի չեն:

Համեմատենք, թե ինչից էինք բողոքում նախկինում և ինչից ենք բողոքում հիմա: Դրանց միջև սարեր ու ձորեր են: Ասում են, օրինակ, որ նորերը լավ չեն խոսում, սխալ են կազմում նախադասությունները, դրա պատճառն այն է, որ մարդիկ խոսում են: Իսկ նախկիններին խոսելուց չենք էլ տեսել: Նրանք պարզապես քայքայել են իրենց վստահված կառույցը հանրության աչքից հեռու՝ ամեն մեկն իր լիազորությունների շրջանակում:

Վարդինե Գրիգորյան
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի
Ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *