2011.04.21,

vox populi

«Լրատվամիջոցը պետք է մարդուն ապուշի տեղ չդնի»

Մարդը կառավարելի էակ է, նրան շատ հեշտությամբ կարելի է ուղղորդել: Եվ լրատվամիջոցն ուղղորդող շատ մեծ նշանակություն ունի: Ու այդ ուղղորդումը կարող է լինել դրական եւ բացասական:

Վերջերս մոդա դարձավ՝ որ կայքը բացում ես, գրում են, թե որ փողոցում որ մեքենան որ մեքենային բախվեց: Չեմ հասկանում`դրա իմաստը ո՞րն է: Ընդ որում դրանք ամենակարդացվող նյութերի մեջ են: Եթե հանկարծ վիրավորներ կամ զոհվածներ էլ կան, մի շաբաթ բոլորը կկարդան: Ինչու՞ են դա գրում, իմաստը ո՞րն է, ի՞նչ են ուզում դրանով ասել: Եթե հայտնի մարդիկ լինեին, դեռ հասկանալի է, բայց սովորական մարդիկ, ովքեր այդ օրը կարող էին իրենց տանը կաթվածից կամ հազար ու մի այլ բանից մահանալ, ավտովթարից են մահացել, ինչու՞ են դա բերում «թոփ» նյութերի մեջ դնում: Բավական չի դնում են, մի հատ էլ կարդում են: Այ դա է զարմանալի:

Այն, որ լրատվամիջոցները հիմնականում քաղաքականացված են, գաղտնիք չէ, բայց պետական լրատվամիջոցներն ուղղակի ծիծաղելի են: Ինքս չինելով քաղաքականությամբ հետաքրքվող, դրանով ապրող մարդ՝ մարտի մեկին գնացել եմ ընդդիմության հանրահավաքին: Ոչ նրա համար, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար ուշքս գնում է, ուղղակի ով մարտի մեկին ինչ միջոցառում աներ, ես պարտավորված էի զգում մասնակցել՝ որպես քաղաքացի, որպես մարդ: Գնացի, տեսա, որ բավական մեծ քանակությամբ մարդ կար, իրենք ասում էին 50.000:  Թող 50.000 չլիներ, 40.000 կամ 30.000 լիներ, կարեւոր չէ, բայց մարդիկ իսկապես եկել էին: Ու առնվազն վիրավորական է, երբ միացնում ես Հ1-ը ու երեկոյան լուրերով լսում ես Թունիսում տեղի ունեցած հանրահավաքի մասին, որին մասնակցել է 15.000 մարդ: Ուրեմն Թունիսի 15.000 –անոց ցույցը տեսել, նկարել, ցույց ես տալիս, քո երկրում տեղի ունեցած հանրահավաքի մասին, որն առնվազն մի քանի անգամ ավելի մեծ էր, չե՞ս խոսում:

Կա սուբյեկտիվություն, ես ընդունում եմ, եւ քաղաքականացված ԶԼՄ-ն, բնականաբար, սուբյեկտիվ պետք է լինի, բայց չափ ու սահման կա: Լրատվամիջոցը պետք է ազնիվ լինի, այսինքն՝ մարդուն ապուշի տեղ չդնի, ընթերցողին, հեռուստադիտողին հարգի:

Եվ նույնը ընդդիմադիր ԶԼՄ-ներում է: Ընդդիմադիր լրատվամիջոցը բացում ես, որ տեսնես՝ ինչ վատ բան կա, որովհետեւ որեւէ դրական, լավ բան այնտեղ չես գտնի: Եթե ուզում ես դեմքիդ արտահայտությունը փոխվի, հարեւաններդ չիմանան, որ գործերդ լավ են, բացիր A1+-ը, հինգ րոպե հետո դեմքդ կայլայլվի: Չնայած դրան՝ A1+ եմ կարդում, որովհետեւ Թունիսի հանրահավաքներն ինձ չեն հետաքրքրում. ուզում եմ տեսնել՝ մե՛ր երկրում ինչ է տեղի ունենում, ի՞նչ կա չկա:

Այս երկրում դրական հերոս, դրական կերպար չկա, որովհետեւ հենց մեկն ուզում է դրական հերոս դառնալ, ԶԼՄ-ները կամ փչացնում կամ կոտրում են՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն:

Այսօր չես կարող ընտրել մի թերթ, հեռուստաալիք կամ ինտերնետային կայք, որը տեղեկատվական առումով ամբողջությամբ բավարարի: Բայց դրա մեջ մի լավ բան կա` վերլուծելու ունակությունդ ես աշխատացնում, խոտի պես  չես հավատում ասածներին ու գրածներին, նույն երեւույթի մասին տարբեր լրատվամիջոցների տեղեկությունները համադրում ես քիչ թե շատ օբյեկտիվ պատկեր ստանալու համար:

Թեեւ լրատվամիջոցների լրատվությունը նման է, նրանք, միանշանակ, մրցակցում են: Ամեն մեկը փորձում է ինչ-որ բանով առանձնանալ, զարգանալ, փորձում է էքսկլյուզիվ ինֆորմացիա գտնել: Բայց ախր ոչ թե ինֆորմացիան պետք է էքսկլյուզիվ լինի, այլ  լրատվամիջոցը, նրա աշխատաոճը, ինֆորմացիայի մատուցման ձեւը:

Լուրջ լրատվամիջոցներին խորհուրդ կտայի ուշադրություն դարձնել բլոգերներին: Ինչ-որ մեկը, ով լրիվ ուրիշ աշխատանք ունի՝ լրատվամիջոցների հետ կապ չունեցող, բլոգ է վարում, որն ավելի շատ ընթերցող ունի, քան լրատվամիջոցը, որովհետեւ մատուցման ձեւ գիտի:

Լրատվամիջոցներից բացի՝ ինձ համար տեղեկատվության աղբյուր է նաեւ ֆեյսբուքը: Օրինակ ես կարող եմ տեսնել Սամվել Ալքեսանյանի կարմիր շալվարով նկարն ու նոր իմանալ, որ Փարվանան հրդեհվել է: Ֆեյսբուքն ինձ համար հետաքրքիր է նաեւ նրանով, որ մի փոքրիկ բանի տակ կարող է հարյուրից ավել հետաքրքիր մեկնաբանություն լինել: Մեկնաբանություններից դատում ես, թե ինչ տեսակի մարդիկ են մեկնաբանողները, ու շատ ես ուրախանում, երբ տեսնում ես, թե ինչքան նորմալ մտածող մարդ կա այս քաղաքում:

Խղճում եմ լրագրողներին. տեսնում ես  բավականին հասկացող ու գրագետ մարդ է, ու հուսով ես՝ այն, ինչ անում է, հաճույքով չի անում: Մեր երկրում շատ մարդիկ կան, ովքեր անում են այն, ինչ իրենց հաճելի չէ, այդ թվում նաեւ մեր ոլորտում: Երբեմն անում ես ինչ-որ քայլեր, որոնք չէիր ուզենա անել, բայց ստիպված ես, որովհետեւ պետությունդ է քեզ այդպիսին դարձրել:

Լրագրողները ֆինանսական կախվածության մեջ են, ու այս ամենը ֆինանսական կախվածության արդյունք է, ինչպես նաեւ լրագրողների մոտ բարոյականության պակասի: Ի վերջո պատվիրողը մեղք չունի: Բայց մտավորականը, իսկ լրագրողը հաստատ մտավորական է, իր էությամբ ընդդիմադիր պիտի լինի, եթե չունի անձնական շահ կամ չի կազմում ինչ-որ համակարգի մաս: Ներքին ընդդիմություն պետք է ունենա, այլ խոսք, որ ինչ-ինչ հարցերում գնացել է հարմարվողականության:

 

Վահե Տեր-Մինասյան
Ուռուցքաբան-գինեկոլոգ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի արտաքին կապերի համակարգող, «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի գիտակ

Համալսարանը՝ Երեւանի պետական բժշկական համալսարան, ՀՀ Պետական կառավարման ակադեմիա
Դպրոցը՝ Նիկոլ Աղբալյանի անվան N 19 դպրոց
Սիրած ֆիլմը՝ «Достучаться до небес»
Սիրած երաժշտությունը՝ դասական
Սիրած գիրքը՝ «Հարյուր տարվա մենություն»
Սիրած սպորտաձեւը՝ ֆուտբոլ
Սիրած արտահայտությունը՝ «Թեթեւ տար»

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *