Նախընտրական 20 օրերը՝ առանց եթերային խախտումների

28.03.2017, Նյուսրում

Լրագրող

Նախընտրական շրջանում ՀՌԱՀ-ը (Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը) յուրաքանչյուր տասն օրը մեկ հրապարակում է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների մշտադիտարկման արդյունքները: 2017թ.-ի ԱԺ ընտրությունների քարոզչության առաջին քսան օրվա ընթացքում հանձնաժողովը խախտում չի արձանագրել:

Մշտադիտարկմանը ենթարկվում են վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները, որոնց աշխատանքը ուսումնասիրվում է ըստ ՀՌԱՀ-ի մշակված մեթոդաբանության:

Մշտադիտարկումից պարզ է դառնում, որ անվճար եթերից ամենաշատը օգտվել է իշխող՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 224 րոպե եթերաժամանակով:

Երկրորդ և երրորդ տեղերում «Ելք» դաշինքն է ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ 216 և 207 րոպե եթերաժամանակով: Ամենաքիչը անվճար եթերից օգտվել է Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 69 րոպե: Ի դեպ՝ ՀՅԴ-ն միակ քաղաքական ուժն է, որ չի օգտվել Հայաստանի և Շիրակի հանրային ռադիոընկերությունների անվճար եթերից:

Եթե անվճար եթերի սպառման առաջատարը ՀՀԿ-ն է, ապա լրատվական թողարկումներում և այլ հաղորդումներում անդրադարձների առաջին տեղում է «Ծառուկյան» դաշինքը, որի քարոզարշավի մասին քսան օրվա ընթացքում խոսվել է 8856 րոպե: Դրան հաջորդում են «Ելք»-ը և ՀՀԿ-ն: Ամենաքիչը խոսվել է Հայաստանի կոմունիստական կուսակցության մասին՝ 5661 րոպե:

Վճարովի եթեր առաջարկող 28 հեռուստաընկերություններից ոչ բոլորն են ակտիվ:

Քաղաքական ուժերի քարոզչության մասին ամենաքիչ անդրադարձները եղել են «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի մասնաճյուղով, «Իջևան» և «ԱԼՏ»հեռուստաընկերություններով: Իսկ «Կոտայք Թիվի» և «Նոյ Հայաստան» հեռուստաընկերություններն ընհանրապես չեն խոսել քարոզարշավից:

ՀՌԱՀ-ի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանի խոսքով՝ հանձնաժողովը եթերաժամանակի խախտման հետ կապված բողոքներ չի ստացել:

Վճարովի եթեր

Եթերի համար վճարող քաղաքական ուժերի առաջատարը ՀՀԿ-ն է, որն առաջին քսան օրվա ընթացքում 3232 րոպե վճարովի եթեր է օգտագործել:

Երկրորդ տեղում 2152 րոպեով «Ծառուկյան» դաշինքն է, իսկ երրորդում՝ «ՕՐՕ»-ն՝ 1865 րոպեով: 1000 րոպեից ավելի վճարովի եթեր է ունեցել նաև «Հայկական վերածնունդ»-ը: Մնացած կուսակցությունները վճարովի եթերում եղել են 800-ից քիչ րոպե: Հայաստանի կոմունիստական կուսակցությունն վճարել է ընդամենը 65 րոպե եթերի համար:

Մոնիտորինգի տվյալներից կարելի է պատկերացում կազմել ոչ միայն քաղաքական ուժերի կարողությունների, այլ նաև նախապատվությունների մասին:

Հետաքրքիր է, որ հանրային հեռուստատեսության վճարովի եթերից ընդհանրապես չի օգտվել «Ելք»-ը, իսկ «Ազատ դեմոկրատները» գնել են 1.45 րոպե եթերաժամանակ:

Մարզային ալիքների համար քարոզարշավը առիթ է՝ գումար վաստակելու համար.

«Ելք»-ը ամենաշատը եղել է «Լոռի»-ի և «Ֆորտունա»-ի, «Ազատ Դեմոկրատներ»-ը՝ «Լոռի»-ի, «Հայկական վերածնունդ»-ը՝ «Հ3»-ի և «Արագած»-ի, «Ծառուկյան» դաշինքը՝ «Կենտրոն»-ի և Գյումրիի «Շանթ»-ի, «Կոնգրես-ՀԺԿ»-ն՝ Գյումրիի «Շանթ»-ի վճարովի եթերում:

ՀՀԿ-ն ամենուր էր, բայց նախապատվությունը տվել էր «Անկյուն գումարած երեք»-ին ու «Լոռի»-ին: «ՕՐՕ» դաշինքը նախընտրել է «Կենտրոն»-ը, իսկ ՀՅԴ-ն՝ «Գեղամա»-ն:

Կոմկուսն ամենաքիչ գումար ծախսողն էր ու վճարովի եթերաժամանակի համարյա կեսը ծախսել է«Կոտայք Թիվի»-ի եթերը գնելու համար:

Մի քանի հեռուստաընկերություններ ընդհանրապես չեն կարողացել իրացնել իրենց վճարովի եթերաժամանակը. «Նոյ Հայաստան»-ը ոչ միայն վճարովի եթերի առաջարկ չի ստացել, այլ ընդհանրապես չի լուսաբանել քարոզարշավը, «Միր»-ը շատ պասիվ է լուսաբանել, իսկ «Հրազդան»-ը չնայած վճարովի եթերի առաջարկի բացակայությանը ակտիվորեն անդրադարձել է քաղաքական բոլոր ուժերի քարոզարշավին:

Անահիտ Դանիելյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?