ՀՌԱՀ-ը պատրաստ է գնահատել քարոզարշավի լուսաբանման անկողմնակալությունը

01.03.2017, Նյուսրում

Լրագրող

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) գալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում կհետևի ոչ միայն եթերի հավասարաչափ բաշխմանը, այլև նրան, թե ինչպես են հեռուստատեսություններն ու ռադիոընկերությունները լուսաբանում քարոզարշավը:

Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով տուգանք է սահմանում հեռուստառադիոընկերությունների կողմից թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նկատմամբ խտրականության դրսևորման և հեռուստառադիոընկերությամբ հեռարձակվող լրատվական հաղորդումներում նրանց նախընտրական նախապատրաստական) քարոզչական միջոցառումների վերաբերյալ անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն չապահովելու դեպքում:

Անկողմնակալության մասին օրենքի պահանջի պահպանմանը հետևելու է ՀՌԱՀ-ը: Ընդ որում այն տարածվում է և՛ եթերով հեռարձակվող, և՛ կաբելային հեռուստատեսությունների վրա:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, մեկնաբանելով օրենքը, նշել է, որ հեռուստատեսությունները պետք է  ուշադրություն դարձնեն «անկողմնակալ, ոչ խտրական լուսաբանման, ինչպես նաև տոնայնության և չեզոքության պահպանման վրա»:

ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանն ասում է, որ իրենք ունեն մասնագետներ, ովքեր կարող են գնահատել, օրինակ, քարոզարշավի լուսաբանման տոնայնությունը:

«Կարևոր սկզբունքը քարոզարշավի մասնակիցների միջև հավասար պայմանների ապահովումն է»,- ասում է Մուկուչյանը:

Միաժամանակ, Տիգրան Մուկաչյանը նշում է, որ եթե կուսակցությունը կամ դաշինքը լրատվամիջոցների հետ չի համագործակցում, օրինակ, տեղյակ չի պահում իր նախընտրական հանդիպումների մասին, ապա հավասար պայմանների խախտման մասին չենք կարող խոսել:

ՀՌԱՀ-ը քարոզարշավի շրջանում որոշակի մեթոդաբանությամբ մշտադիտարկելու է եթերը՝ հիմնվելով  

  • հեռուստառադիոծրագրերի և դրանց տեսագրությունների (ձայնագրությունների) անմիջական դիտարկման արդյունքների,
  • գրանցամատյանների և Ընկերություններից ստացված տեղեկատվության,
  • ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների և (կամ) նրանց ներկայացուցիչների Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության,
  • ընկերությունների կողմից ՀՀ ընտրական օրենսդրության խախտումների մասին լրատվամիջոցների հրապարակումների,
  • պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների Հանձնաժողով ներկայացրած կամ հրապարակած տեղեկատվության ուսումնասիրության հիման վրա:

Նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքական կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին պատրաստ են վճարովի եթեր տրամադրել 28 հեռուստաընկերություններ և 8 ռադիոընկերություններ:

Հեռարձակման հետ կապված փոփոխություններից մեկն էլ վերաբերում է հանրային հեռուստատեսության և ռադիոյի քաղաքական գովազդների համար եթերաժամանակի սկզբին:

Հանրային հեռուստատեսության եթերում քաղաքական գովազդի հեռարձակումը սկսվելու է ժամը 19:00-ին՝ նախկին 18:00-ի փոխարեն: Հանրային ռադիոյի եթերում օրը բաշխվել է երկու մասի՝ առաջինը 13:30-ին է, երկրորդը՝ 21:40-ին:

Անահիտ Դանիելյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?