Հանրաքվեի լուսաբանումը եթերում. հավասարակշիռ, սակայն խնդրահարույց

08.12.2015, Նյուսրում

Լրագրող

Թեև հայաստանյան հեռուստաընկերությունները հավասարակշիռ են լուսաբանել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, այնուամենայնիվ, լուսաբանման հետ կապված որոշակի խնդիրներ եղել են:

Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) մոնիտորինգի արդյունքների համաձայն, որը իրականացվել է 2015 թվականի հոկտեմբերի 26-ից դեկտեմբերի 4-ը, մշտադիտարկված 6 հեռուստաընկերությունները (Առաջին ալիք, «Արմենիա», «Շանթ», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «հ2»), քարոզարշավը լուսաբանել են առանց ակնհայտ կողմնապահության:

Մոնիտորինգի հաշվետվության համաձայն՝ հեռուստաընկերությունները ձգտում էին այնպես կազմել իրենց ծրագրերը, որպեսզի նախագծի նկատմամբ արտահայտված դիրքորոշումները հավասարակշռվեին հակառակ կարծիքներով, սակայն, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ունեցել է որոշակի առավելություն:

«Հավասարակշռված լուսաբանումից որոշակի շեղումները բացատրվում են ոչ այնքան հեռուստաալիքների քաղաքականությամբ, որքան քարոզարշավի որոշ մասնակիցների պասիվությամբ և լրատվամիջոցների հետ նախագահ Սերժ Սարգսյանի շփման հազվադեպ առիթների լայն լուսաբանման ավանդույթներով»,- ասվում է հաշվետվության մեջ:

ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ արդյունքում ՀՀԿ-ի լուսաբանման առավելությունը մնացած քաղաքական ուժերի նկատմամբ պայմանավորված էր Սերժ Սարգսյանի հարցազրույցով:

«Այստեղ օրենքի խախտում չենք կարող արձանագրել, բայց դա քարոզարշավի քաղաքականության առումով անցանկալի երևույթ էր: Այդ մեկ հարցազրույցը լիովին փոխեց պատկերը և առավելությունը տվեց ՀՀԿ-ին, որի առաջնորդն է Սերժ Սարգսյանը»,- ասում է Բորիս Նավասարդյանը:

ԵՄԱ-ն քաղաքական արշավների լուսաբանման համընդհանուր սկզբունքների նկատմամբ արհամարհական մոտեցման օրինակ է համարում «Առաջին ալիք»-ով հեռարձակվող «Եռանկյունի» ծրագիրը:

«Այն, որ դրա առաջին թողարկումը հեռարձակվել է նոյեմբերի 6-ին (հեռուստատեսությամբ քարոզչության փաստացի մեկնարկի օրը), ինչպես նաև փաստը, որ դրա 5 թողարկումներից երկուսը նվիրված են եղել Սահմանադրության ռեֆորմին, անուղղակիորեն վկայում են, որ այդ շաբաթական հաղորդումը զուգադիպել է հանրաքվեին:

Ընդ որում՝ բանավիճային այդ շոուն վարում է ՀՀ կրթության և գիտության նախարար, իշխող Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը (կուսակցության ղեկավարը Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնության հեղինակ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է): Անկախ ծրագրի բովանդակությունից և դրանում վարողի դերից՝ վերը նշված հանգամանքները թույլ են տալիս հանրայինի եթերում «Եռանկյունու» հեռարձակումը գնահատել որպես շահերի բախման ակնհայտ նախադեպ»,- ասվում է հաշվետվության մեջ:

Բորիս Նավասարդյանի խոսքով՝ մոնիտորինգի ողջ ընթացքում «Արմենիա» հեռուստաալիքի հետազոտված ծրագրերը ոչ մի անգամ չեն անդրադարձել «Չե՛ք անցկացնի» և «Նոր Հայաստան» նախաձեռնությունների՝ Սահմանադրական փոփոխությունների թեմային անմիջականորեն առնչվող գործողություններին և դիրքորոշումներին, թեև այդ նախաձեռնությունները ձևավորվել են հատուկ հանրաքվեի կապակցությամբ: Իսկ «հ2» և «Շանթ» հեռուստաընկերությունները չեն լուսաբանել «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը:

««Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը ակտիվորեն լուսաբանում էր քաղաքացիական հասարակության դիրքորոշումները: Սա միակ հեռուստաընկերությունն էր, որտեղ քաղաքացիական հասարակությունն ավելի շատ եթերաժամանակ ստացավ, քան ցանկացած խորհրդարանական ուժ»,- ասում է Բորիս Նավասարդյանը:

ԵՄԱ-ի մոնիտորինգի արդյունքների համաձայն՝ ՀՀԿ-ն միակ կուսակցությունն է, որը բոլոր հեռուստաալիքներով վճարովի եթերաժամանակ է ունեցել, ինչը խոսում է կուսակցության ռեսուրսների մասին:

«Ընդհանրապես ՀՀԿ-ն բոլոր հեռուստաընկերություններով վճարովի եթերաժամանկի 65%-ն է վերցրել, մնացած 5 քաղաքական ուժերին բաժին է հասել 35%-ը»,- ասում է Բորիս Նավասարդյանը:

Վճարովի եթերաժամանկից օգտվելու առումով երկրորդ տեղում Հայ ազգային կոնգրեսն է:

Ամենաշատ վճարովի քաղաքական գովազդը եղել է «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում, քանի որ այս հեռուստաընկերության եթերում քաղաքական գովազդի 1 րոպեի գինը եղել է ամենամատչելին՝ 18.000 դրամ:

Մոնիտորինգի արդյունքներով՝ քվեարկության օրվան մոտենալուն զուգահետ լրատվամիջոցներում ավելի է դրսևորվել այն ընկալումը, որ հիմնական բանավիճող կողմերը ՀՀԿ-ն և ՀԱԿ-ն են:

«Մոնիտորինգի ողջ ընթացքում հանրապետականները անվիճելիորեն գլխավորում էին հատկացված եթերային ժամանակով, իսկ խորհրդարանական կուսակցություններից ՀԱԿ-ը ոչ միայն հանրագումարային ցուցանիշով երկրորդ տեղում էր հետազոտված բոլոր հեռուստաալիքներում, այլ նաև ստացել էր լուսաբանման ավելի մեծ ծավալ, քան «ոչ»-ի ճամբարի մյուս երկու կուսակցությունները՝ «Ժառանգությունը» և «ՕԵԿ»-ը՝ միասին վերցված»,- գրված է հաշվետվության մեջ:

Աննա Բարսեղյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?