2018.06.20,

Տեսակետ

«Ընտրողն ընտրելու է տարբերությունը»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունը ձեռք բերեց նոր կառավարություն: Եվ նորը հավասարազոր էր անհայտին ու թարմին, քանի որ նախարարները, փոխնախարարները և այլ օղակների պատասխանատուներ ծանրաբեռնված չէին անցյալի «փոշով», սոցիալական մեդիայի ակտիվ օգտատերեր էին ու պիտի հակակշիռ դառնային այն պաշտոնյաներին, որոնք սովոր էին ոչ թե ձևակերպել խնդիրները, այլ սահուն կերպով քողարկել դրանք (անգամ սոցիալական մեդիայում):

Նոր կառավարությունից սպասում ենք քայլեր։ Թեկուզ, նշաններ, որ նրանք առնվազն պատրաստվում են մաքրել խնդիրների վրա նստած փոշին։

Այն մասին, թե ինչ ուղերձներ են գալիս արդեն նոր նախարար ու փոխնարարներ ունեցող մշակույթի նախարարությունից և ինչու չարժե լռել, երբ թարմն արագորեն դադարում է լինել թարմ, զրուցում ենք հրապարակախոս, սցենարիստ Տիգրան Պասկևիչյանի հետ:

Մշակույթի նոր (հեղափոխությամբ հայտված) նախարարից սպասում ենք նշանի, թե ինչպես է պատկերացնում նորը: Մի՞գուցե նոր կառավարությանը դեռ քննադատելու ժամանակը չէ։

Կառավարությունը մշտապես պետք է քննադատության թիրախ լինի, հեղափոխությամբ եկած կառավարությունը՝ հատկապես։ Երբեմն ասում են՝ օ՜, դեռ շուտ է։ Ի՞նչն է շուտ, ինչո՞ւ է շուտ։ Բա որ հետո պարզվի, որ ուշացել ենք, ի՞նչ ենք անելու։

Ոմանք ասում են՝ անփորձ են, անծանոթ են, ի՞նչ պիտի անեն։

Հեղափոխությունը միշտ բերում է անծանոթ մարդկանց, և նրանց աշխատանքի հաջողության երաշխիքը հեղափոխական շունչն է, հրապարակից կաբինետներ տեղափոխված մթնոլորտը։

Այդ իմաստով, հավասարապես կարելի է և՛ հանգիստ լինել, և՛ տագնապել։

Հանգիստ կարելի է լինել՝ ելնելով հեղափոխության ինքնին փաստից։ Տագնապել, նաև՝ շտապել, պետք է, քանի որ շարժման էներգիան կարող է մարել, եթե երեկվա և այսօրվա տարբերությունն ակներև չլինի։ Խուճապը, թե քննադատության պատճառով կառավարությունը կձախողվի, և այդ դեպքում հինը կվերադառնա, միանգամայն անհիմն է, բայց կառավարությանն իր իսկ ոգեշնչումի մեջ մենակ թողնելը այնքան էլ լավ գաղափար չէ։

Երևի կա մտավախություն, որ կարծացած շերտերը (թատրոնների գեղավեստական ղեկավարները, ստեղծագործական միությունների նախագահները և այլ վաստակավորներն ու շքանշանակիրները) լուրջ ուժ են ու մեծամասնություն։ Համենայնդեպս, մշակութային գործիչների ու վարչապետի անպտուղ հավաքը այդ մասին հուշեց:

Ամենատագնապալին անվանական (նոմինալ) մշակութագործների մեծ բանակի առկայությունն է։ Այդ բանակը կա ու հարատևում է խորհրդային ժամանակներից և միշտ պատրաստ է «նախաձեռնողականությամբ» խեղելու արմատականության ցանկացած դրսևորում, որը կարող է սպառնալ իր անհոգ կենցաղին, եթե չասեմ՝ բարեկեցությանը։   

Մշակութային գործիչների և վարչապետի հանդիպումը դեպք էր, կարելի է ասել՝ երկուստեք գայթակղություն։ Մեկն ուզում էր իր երազը հավաստել, մյուսն էլ, հույս ունենանք՝ չդարձավ այդ երազի հերոսը։

Իսկ որքա՞ն իրատեսական է արդար մրցակցության ապահովումը մշակութային դաշտում։

Երազում եմ, որ Երևանի կենտրոնում մի մեծ վահանակ տեղադրվի ու դրա վրա փակցվեն կառավարության նախաձեռնած բոլոր մրցույթների հայտարարությունները։ Եվ կարևոր չէ, թե ով կհաղթի։ Կարևորը մրցակցությունն է՝ գնահատման անաչառ մեխանիզմներով։    

Եթե գիտես, որ քո պետությունը հարկատուներից հավաքած գումարները ծախսելիս հնարավորություն է տալիս ներկայացնելու ծրագրեր, մասնակցելու նախագծերով, արդեն լավ է։

Մրցույթը միայն հայտարարությունը չէ, որ տարիներ շարունակ թաքցվել է։ Մրցույթը քաղաքականություն է և ծանր աշխատանք՝ պետք է վստահելի ժյուրիներ ձևավորել (հարկ եղած դեպքում ներգրավելով նաև արտասահմանցի փորձագետների), պետք է աշխատել նախագծերի բովանդակության վրա, պետք է հետևել դրանց իրականացման ընթացքին։

Ինչ վերաբերվում է արդյունքին, վստահ եմ, որ անաչառ մրցույթներով լավ արտադրանք կստացվի և հետո հարց չի առաջանա, թե ինչի՞ վրա ծախսվեց փողը։

Շատ հաճախ խոսում են կինոյի օրենքի մասին։ Օրենքը որոշի՞չ է լավ կինո ունենալու համար։

Ինչպես ամեն օրենք, կինոյի օրենքն էլ պետության վերաբերմունքի սահմանումն է։ Բայց եթե չունես կարգավորումներ, եթե չկան հսկողության մեխանիզմներ, օրենքն ընդամենը թուղթ է։ Նույնն էլ կինոյի դեպքում։ Ես վստահ չեմ, որ օրենքի ընդունումից հետո լավ ֆիլմեր ի հայտ կգան։

Պետք է մտածել՝ ի՞նչ անել լավ կինո ունենալու համար։ Ես կողմ եմ ժամանակավորապես հրաժարվելուն։ Օրինակ, մշակույթի նախարարությունը հայտարարի, որ առաջիկա հինգ տարում կինո չի ֆինանսավորելու։

Բնականաբար մեծ աղմուկ կբարձրանա, կինոգործիչները կասեն՝ ո՞նց եք համարձակվում ձեռք բարձրացնել հայկական կինոյի վրա, կմեղադրեն Բեկնազարյանի, Մալյանի, Դովլաթյանի և այլոց հիշատակն անարգելու մեջ։

Բայց նախարարությունը կարող է հակաքայլ անել ու ասել. «Եկեք որևէ դահլիճում կազմակերպենք անցած 20-25 տարում պետական միջոցներով նկարահանված ֆիլմերի ցուցադրություն-քննարկումներ՝ հրավիրելով ոչ միայն կինոգործիչների, այլև ամենատարբեր մասնագիտությունների և ճաշակի տեր մարդկանց»։

Ինքս անպայման ժամանակ կգտնեմ այդ դիտումներին մասնակցելու։

Հետո կսկսենք խոսել, թե այդ հնգամյա ընդմիջման ընթացքում ինչ պետք է անել կինոյի զարգացման նախադրյալներ ստեղծելու համար։ Մեր կինոյի ամենամեծ, եթե չասենք՝ միակ, խնդիրը լավ սցենարի բացակայությունն է։ Ունենք հրաշալի օպերատորներ, որոնք շատ լավ լուծում են լույսի, խորության, շարժման հարցերը։ Բայց կինոն սկսվում է սցենարից։ Չկա լավ սցենար, չկա կինո, որքան էլ լավ նկարես։

Սցենարը ոչ բանաստեղծություն է, ոչ պատմվածք, ոչ վեպ, որ ներշնչանքով նստես ու գրես։ Սցենարը ինդուստրիայի մի օղակ է, և դրա նկատմամբ վերաբերմունքն էլ պիտի լինի համապատասխան։

Սցենարը հոգու համար չեն գրում։ Հոգու համար, օրինակ, ես բանաստեղծություն եմ գրում, իսկ ընտանիքս պահում եմ լրագրողի աշխատանքով։

Վավերագրական ֆիլմերս էլ եմ համարում լրագրողի աշխատանք ու երբեք չեմ հավակնում դրանցով մասնակցելու փառատոների, ցուցադրելու մեծ էկրաններին։

Մեր կինոյում սցենարը չի համարվում ինքնաբավ ու առաջնային միավոր, այն որպես կանոն գրում է հենց ռեժիսորը։ Որոշ դեպքերում սցենարները չեն ունենում ավարտուն տարբերակ, այլ ընդամենը սևագիր են՝ ռեժիսորների համար։ Շատերը ընդվզում են դրա դեմ, բայց ոչինչ չի փոխվում։

Նախ պետք է ընդունել փաստը, որ սցենարը գրականություն է։ Նախարարությունը պետք է կանչի 10-20-30 գրողների և ասի՝ մեկ տողով սցենարների առաջարկներ տվեք։ Դրանցից կընտրվեն ամենաարդիական թեմաները։

Ընտրված չորս-հինգ առաջարկները պետք է մասնակիորեն ֆինանսավորվեն, և դրանց հեղինակները սինոպսիսով և ընդարձակ նկարագրությամբ պետք է պաշտպանեն իրենց առաջարկները մրցութային հանձնաժողովի մոտ, որից հետո կընտրվի մեկը կամ երկուսը, և հեղինակը կվարձատրվի սցենար գրելու համար։

Նույն ժամանակամիջոցում պետք է զբաղվել պրոդյուսերներ և ռեժիսորներ պատրաստելու-վերապատրաստելու հարցով։

Եթե կինոկրթությունն էլ բարեփոխվի այս քաղաքականության համատեքստում, արդյունքը, կարծում եմ՝ չի ուշանա, բայց սա առանձին և երկար խոսելու թեմա է։

Առջևում արտահերթ ընտրություններ են, մի՞գուցե նոր կառավարությունը ռիսկային է համարում կտրուկ քայլերը։

Ավելի վտանգավոր է կտրուկ քայլերից հրաժարվելը։ Այսօր կառավարությունն ընդդիմություն չունի։ Վաղվա ընտրողը ոչ թե քաղաքական ուժ է ընտրելու, այլ՝ տարբերությունը։ Հնի ու նորի տարբերությունը։

Տարբերություն դեռ չենք տեսնում, բայց ամեն օր ականատես ենք չարաշահումների, վատնումների բացահայտումների, որոնք փաթեթավորված են, կներեք արտահայտությանս համար, ժողովրդահաճությամբ։

Մշակույթում էլ կան անարդյունավետ կառավարման և վատնումների աղաղակող փաստեր, բայց դրանց մասին պետք է ոչ թե բացականչել, այլ՝ դարձնել քննարկման առարկա։

Մշակույթի նախարարությունը անցած մեկուկես տարում 1.5 միլիոն դոլարի չափով աջակցել է մամուլին՝ որոշ դեպքերում իբր թե մշակութային կամ արվեստաբանական նյութեր հրապարակելու համար։

Շատ կուզեի համացանցում ի մի բերված տեսնել այդ հոդվածները։ Գուցե դրանք իսկապես լավն են, արժեքավոր են, բայց պետք է կարդալ համեմատելու համար ծախսված գումարն ու ստացված արդյունքը։

Կամ՝ Սփյուռքի նախարարն ասում է, թե նախկինները միլիոն չգիտեմ ինչքան հազարով 30 հոդված են պատվիրել, դա շատ ուժեղ ազդեցություն է թողնում։ Իսկ երբ մեծ գումարը բաժանում ես 30-ի, պարզվում է նորմալ հոնորար է։ Այս դեպքում էլ թող հրապարակեն հոդվածները, ոչ՝ թվեր։ Եվ մարդիկ կտեսնեն՝ իրենց հարկերի հաշվին ինչ անորակ բաներ են գրվել։  

Մենք ապրում ենք շուկայական ազատ տնտեսության պայմաններում և մասնավոր ընկերություններին, անձանց, հեղինակներին պատվերներ տալը շատ բնական է։

Մեկ էլ տեսնում ես, որ հարկատուների հաշվին հարյուրավոր աշխատակիցներ պահող Հ1-ը դրսում պատվերներ է տալիս՝ պարզ չէ ում և ինչ նպատակով։ Բա էդ հարյուրավորներին ինչի՞ համար եք պահում։

Ամենակարևորն այս պահին սկզբունքների հռչակումն ու գործադրումն է՝ մրցակցություն, ապակենտրոնացում, հանրության ներգրավում և այլն։ Հիմա կա այդ հնարավորությունը. մի քանի ամիս առաջ ես չէի խոսի։

 

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *