Ժողովրդին Սիրիան չի՞ հետաքրքրում

09.09.2013, Խաչմերուկ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր

Երբ անցած չորեքշաբթի վերադառնում էի Հայաստան, առաջին հարցը, որը հայրենակիցներն ինձ տվեցին Երեւանում, ոչ թե ավանդական էր («Ի՞նչ է լինելու էս ժողովրդի վերջը»), այլ շատ ավելի բովանդակալից՝ արդյոք Միացյալ նահանգները հարված հասցնելու՞ է Սիրիային:

Պետք է ասել, որ մոտ երեք շաբաթ թեթեւակի հետեւելով իտալական լրատվամիջոցներին, զգացի, որ նրանց նույնպես կարծես թե հուզում էր այդ հարցը. ոչ միայն RAI-ն (նրանց հանրային հեռուստաալիքը), այլեւ ցանկացած երաժշտական ռադիոալիք, որը 3 րոպեանոց լուրեր է հաղորդում ամեն ժամագլխին, սիրիական ճգնաժամի ամենաթեժ օրերին այդ թողարկուներն սկսում էր Սիրիայից:

Ինչպես հայտնի է, Իտալիան հայտարարել է, որ չի մասնակցելու ամերիկացիների կողմից իրագործվելիք ակցիային, իսկ Վատիկանը բացահայտորեն դեմ է արտահայտվել դրան: Այդքանով, հավանաբար, թեման հետաքրքիր էր Իտալայի քաղաքացիներին, որոնք սպառում են լրատվամիջոցների արտադրանքը:

Իսկ արդյոք այս խնդիրը հետաքրքի՞ր է հայաստանցի սպառողներին: Տեսականորեն պետք է հետաքրքրի երեք պատճառներով.
ա) Սիրիայում դեռեւս մնացել են հազարվոր հայեր,
բ) կոնֆլիկտի մեջ եթե ոչ անմիջականորեն, ապա միջնորդավորված ձեւով ներգրավված է Թուրքիան,
գ) ամերիկյան հարվածները կարող են մեր անմիջական հարեւանությամբ գտնվող տարածաշրջանում լայնածավալ պատերազմի պատճառ դառնալ:

Բայց արի ու տես՝ մեր լրատվական դաշտը (բնականաբար «Առավոտը» ներառյալ) թեմային անդրադառնում է այնպես, կարծես այդ դրամատիկ իրադարձությունները տեղի են ունենում, ենթադրենք, Հաիթիում կամ Արեւելյան Թիմորում:

Ընդ որում՝ այդ մոտեցումը հնարավոր չէ բացատրել Մաքսային միության թեմայի առավել մեծ կարեորությամբ, որովհետեւ վերջինիս միանալու Հայաստանի ցանկության մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 3-ին, իսկ Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին մեղադրանքներն առաջին անգամ հնչեցին օգոստոսի 21-ին:

Հետեւաբար, ամառային ստերջ եւ իրադարձություններով ոչ հարուստ պատկերում Սիրիան միեւնույն է չէր գրավում հայաստանյան լրատվամիջոցների ուշադրությունը: Առավել ակտիվն այս հարցում թերեւս 1in.am-ն էր, որն ընդհանրապես մեծ տեղ է հատկացնում միջազգային լրահոսին:

Բայց ընդհանուր առմամբ նման դեպքերում մեզանում ի հայտ է գալիս երկու թերություն:

Առաջինն այն է, որ մենք անդրադառնում ենք միջազգային կարեւոր իրադարձություններին մեկ օր ուշացումով: Օրինակ՝ այն, որ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն հավանություն է տվել Սիրիայի դեմ հարվածներին, հայտնի է դարձել սեպտմբերի 4-ին՝ Երեւանի ժամանակով մոտավորապես ժամը 18:00-ին, սակայն մեր լրատվամիջոցների մեծ մասը այդ մասին հայտնել է միայն հաջորդ օրը:

Բայց երկրորդ թերությունն ավելի լուրջ է. մեր լրատվամիջոցների խմբագրություններում, որպես կանոն, չկան լրագրողներ, որոնց (թեկուզեւ որոշ վերապահումներով) կարելի է համարել միջազգային խնդիրների մասնագետներ:

Այդ խնդիրները քննարկելն, իհարկե, ավելի բարդ է, քան խորանալն այն հարցի մեջ, թե արդյոք ոստիկանը ցուցարարին համբուրել է պատահաբա՞ր, թե՞ միտումնավոր:

Այնինչ այդ՝ միազգային լրագրությամբ զբաղվողը, պետք է լրահոսից գտնի մեզ համար հետաքրքիր ասպեկտը եւ զրուցի համապատասխան փորձագետների հետ:

Հակառակ դեպքում մենք կշարունակենք սահմանափակվել լուրերի «ուշացած թարգմանություններով»: Եվ կունենանք մշտական արդարացումը՝ ժողովրդին դա չի հետաքրքրում:

Արամ Աբրահամյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?