«Հիսուսի մասին անեկդոտ պատմել կարելի է, իսկ Նիկոլի մասին՝ ոչ»

30.05.2018, Տեսակետ

Լրագրող, արվեստի քննադատ

Սերգեյ Դանիելյանն այն դերասաններից է, որն օգտագործում է իր դիմակն ու իրական դեմքը կրքով, հումորով ու հաճույքով: Նա միաժամանակ հումք ու արդյունք է, ու դա թերևս ամենալավ գնահատականն է աշխարհի լավագույն մասնագիտությունը ընտրած մարդու համար:

Ի վերջո, դերասան լինելը մի քիչ աստվածային բան է, պարզապես թե՛ ստեղծողը, թե՛ ստեղծագործությունը նույն մսից, արյունից, հույզերից, նյարդերից ու ուղեղից է:

Սերգեյ Դանիելյանը կատակերգակ է, որն ինքն է կառուցում իր դերերը (նաև տեքստերը, որոնք սովորաբար գոտկատեղից մի քիչ ներքև են) և չի վախենում լինել նաև խեղկատակ: Սկզբում նրա միակ հարթակը թատրոնն էր, որտեղ ստենդ ափ ներկայացումներ էր խաղում: Հետո հարթակը դարձավ համացանցը, որտեղ կարճ ու պարբերաբար հեռարձակվող տարբեր հաղորդումներ է «խաղում»:

«Ստենդ ափի համար պետք է ունենաս հարուստ կենսագրություն և կարողանաս քեզ նայել կողքից: Նույնն է վիդեո բլոգի դեպքում»,- ասում է նա:

Սերգեյ Դանիելյանը համացանցում հանդիպեց անթաքույց ագրեսիայի, երբ թավշյա հեղափոխությունից հետո սկսեց Նիկոլ Փաշինյանի նմանակումների շարքը:

Հետհեղափոխական երեք հաղորդումները՝  նկարահանված լայվի էֆեկտով ու ուղերձով, առաջ բերեցին զարմալի խնդիր՝  հումորը ընկալվեց որպես սրբապղծություն:

Ընդհանրապես լավ դերասանը նման է քամի որսացող սարքի, որի օգնությամբ իր շուրջն ու իր անձի հետ կատարվող ցանկացած դեպք դառնում է նյութ՝ ավելացնելով դիմակներին մի նոր թեմա, գույն, երանգ կամ հնչերանգ:

Սերգեյ Դանիելյանը որսաց այն քամին, որն իր հետ բերեց սպառնալիքներ ու հայհոյանքներ և դրանցից ամենատհաճ  ու վիրավորական մեկնաբանությունները դարձրեց հրապարակային:

Ես կարծում եմ, որ ամենաբարդ, բայց շնորհակալ ամպլուան խեղկատակն է, ծաղրածուն: Հիմա ծաղրածու լինելը բա՞րդ է:

Այս հասկացությունը դրված չէ հեշտի ու դժվարի բաժակների մեջ: Կամ էդպիսինն ես, կամ էդպիսինը չես: Միգուցե կարելի է դրան կոչել և ծաղրածու: Հասկանում եմ, որ այդ բառի հանդեպ ժողովուրդը բացասական վերաբերմունք ունի, բայց ինձ համար դա շատ մեծ պատիվ է: Ես գործի բերումով հենց այդպիսինն եմ և միշտ եմ եղել:

Այո, դա բարդ է, քանի որ միշտ գտնվում ես այսպես ասած՝ ձորի բերանին: Կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ: Դժվար է գտնել հավասարակշռությունն ու այն մակարդակը, որտեղ նախ՝ ինքդ չես վնասվի, և հետո էլ՝ խոսքդ տեղ կհասնի:

Վնասվելու վտանգը միշտ կա:

Ֆիզիկապես վնասվելու՞, թե՞ իմիջի առումով:

Թե՛ մեկը, թե՛ մյուսը: Ամեն ինչ կարող է պատահել, կարող են բռնել, ծեծել, բանտ նստեցնել: Եթե ինձ համեմատեցիք ծաղրածուի հետ, ապա չմոռանանք, որ միջնադարում ծաղրածուներին շատ հաճախ գլխատում էին: Ասում էին՝ էս անգամ կատակդ լավը չէր, և վերջ... թռցնում էին գլուխը:

Նույնն էլ հիմա է: Իհարկե, չեն գլխատում, բայց դե...

Հումորային նմանակումների ռեակցիան ադեկվատ չէր, դա վիրավորակա՞ն է:

Իհարկե, ազդում է:

Բայց արդեն իմունիտետ ունես, հասկանում ես, որ հասարակությունը բազմաշերտ է և դու ես ցույց տալիս հասարակությանը, որ այն բազմաշերտ է:

Այդ պատճառով էլ Ֆեյսբուքի պատին եմ դնում ամենազզվելի մեկնաբանությունները, որ տեսնենք, թե որքան տարբեր են մարդիկ:

Եվ շատ հետաքրքիր է ստացվում. մարդիկ իրենց տեսնում են ու հետո իրար հետ կա՛մ կռվում են, կա՛մ ցուցադրաբար արհամարհում իրար:

Մտածում եմ, որ եթե ես դա չանեմ, բա ո՞վ անի: Իհարկե, զուտ տեսականորեն բոլորս էլ ընդունում ենք, որ հասարակությունը տարբեր է, կազմված է բանվոր դասակարգից, բուրժուաներից և այլ խավերից:

Մենք այդ մասին կարդացել ենք գրքերում, բայց բոլորովին այլ է, երբ դա տեսնում ես:

Տեսնում ես, որ հասարակությունը բաղկացած է մարդկանցից, որոնք չունեն հումորի զգացում կամ ունեն հումորի զգացում, ագրեսիվ են, բարյացակամ, խելացի կամ ոչ այնքան:

Դա շատ լավ երևում է, և դրա մասին ոչ թե ասում ես, այլ ցույց ես տալիս արձագանքներով: Իհարկե,  հասկանում եմ նաև, որ մարդիկ պարտավոր չեն ինձ հասկանալ:

Ցանցում չկա խմբագրում, բայց ենթադրվում է, որ պիտի լինի ինքնախմբագրում:

Իհարկե, ամեն ասածս ինքնախմբագրվում է և ունի ուղերձ: Եվ միայն լիակատար ապուշը կարող է չհասկանալ, թե որն է ձեռ առնելու, պարզապես ժպիտ կամ հռհռող առաջացնելու և ուղերձ կառուցելու տարբերությունը:

Ֆեյսբուքից դուրս կան կանոններ, թեկուզ ֆեյսկոնտրոլը, իսկ ցանցում կանոն չկա, մարդը կարող է գրել սրտի ուզած մեկնաբանությունը, այդ թվում՝ ամենավերջին հայհոյանքը:

Նույնիսկ թատրոնում ունես ընտրություն, կարող ես հայհոյախոսին դահլիճից դուրս հանել, իսկ ցանցում լրիվ բաց ու անպաշտպան ես:

Հետաքրքիրն այն է, որ այդ նույն հայհոյախոսը՝ տեսնելով ինձ փողոցում, երբեք դեմքիս չի ասի այն, ինչը գրում է սոցցանցում: Ցանցը նրա համար հարմար անանուն ծածկոց է:

Նա նայում է, ինչ-որ բան դուրը չի գալիս, միանգամից ռեակցիա է տալիս, անգամ վայրկյան չի թողնում, որ մտածի:

Միաբջիջ կենդանիների ռեակցիաները ընդամենը երկուսն են՝ կծկում և թուլացում: Երբ օրգանիզմը ստանում է որևէ ազդանշան, սեղմվում, կծկվում է: Ասենք, չի կարող փախչել, մեծանալ, փոքրանալ, գույնը փոխել: Միաբջիջ օրգանիզմը սովոր է կծկվել:

Վիրավորական ալիքից հետո հեռացրեցիք տեսանյութը: Ինչու՞:

Հեռացրեցի, դադար վերցրեցի, մտքերս հավաքեցի ու ասացի՝ անելու եմ ու թքած, թե ինչ եք հակադարձելու: Ու անում եմ, մանավանդ, որ նյութ հանել-դնելը դարձավ PR քայլ:

Ընդհանրապես լարված իրավիճակներում կա միայն մեկ ընտրություն՝ անել, թե չանել այն, ինչը անում էիր հանգիստ ժամանակ:

Սերգեյ Դանիելյան, Նունե Հախվերդյան

Ոչ այնքան կարևոր է բանավեճի թեման, որքան բանավեճի ոճը: Եվ երբ բացվում է նման մի բանավեճ, դու՞ք ձեզ պատասխանատու զգում եք արդյունքի համար: Ասենք, ու՞ր կհասնի ծայրահեղ ու տգեղագույն մեկնաբանությունների տարափը:

Այո, ես պատասխանատու եմ: Եվ հենց այդ պատճառով էլ պատիս եմ դնում հայհոյանքները: Դա էլ իմ հետազոտական քայլն է, որն օգնում է հասկանալ, թե ովքեր են այսպես ասած՝ баров-херов գրողները:

Մարդիկ սրտները բացում են ու ինքամոռաց վազում դեպի որևէ մեկը:

Ժողովուրդը աստվածացնում է վարչապետին: Ստացվում է, որ Հիսուսի մասին անեկդոտ պատմել կարելի է, իսկ Նիկոլի մասին՝ ոչ:

Երևի, դա նորմալ է, հեղափոխությունից անցել է ընդամենը մի քանի շաբաթ: Թող անցնի մի քանի տարի, հեղափոխությունը հաջողի, աղբն էլ՝ մաքրվի: Եվ ես ամեն ինչ կանեմ, որ հեղափոխությունը հաջողություն ունենա:

Խնդիրն այն չէ, որ միայն ցույց տաս, թե որքան ագրեսիվ ու անկիրթ են մարդիկ, քանի որ դրանից նրանք միայն տառապելու են, այլ սպասել, երբ ի վերջո, կզգան, որ ապրում են այլ որակ ունեցող երկրում:

Միշտ էլ աղբը դուրս է գալիս ջրի երես, հետո ժամանակի ընթացքում հասնելով օվկիանոս՝ զտվում, մաքրվում է: Դանդաղորեն ամեն ինչն էլ կմաքրվի:

Տարիներ առաջ նույն իրավիճակը բիզնեսում էր, բոլորը սկսեցին դեղատներ բացել, հետո բենզալցակայաններ...

Հիմա էլ Յություբի ալիքնե՞ր:

Այո, և դա նորմալ է: Տարերային տարածումները բնական են, քանի որ ի վերջո, ամեն ինչը կորոշի ժամանակը: Կմնան նրանք, ովքեր պահանջարկ կունենան, իսկ մնացածը դաշտից դուրս կգան:

Հեռուստատեսությունը ունի՞ ապագա, թե՞ ծաղկունքը անցյալում է, և հիմա թաղում է:

Չենք կարող հաստատ ոչ մի բան ասել: Ժամանակին նույն մահվան լուրը գուժում էին թատրոնի համար: Վերջ, կինոն եկավ ու թատրոնը վերջացավ... Բայց թատրոնը չվերջացավ, այլ գնաց ուրիշ հարթակ:

Եթե ժամանակին թատրոնը զվարճանքի միակ վայրն էր, ուր մարդիկ հացով, պանիրով գալիս էին գյուղերի կենտրոն ու նայում, թե ինչ են իրենց համար խաղալու, ապա հիմա թատրոնը բոլորովին ուրիշ տեղ է: Որպես զվարճանք թատրոնը հիմա ոչ մեկին պետք չի:

Այնպես որ, միգուցե հեռուստատեսությունն էլ կարողանա գտնել իր նոր հարթակն ու շարունակել ապրել:

Ես օրինակ, տանը չունեմ հեռուստացույց: Ազնիվ խոսք: Այն, ինչն ինձ պետք է (այդ թվում հեռուստատեսային արտադրանքը) նայում եմ ինտերնետում: Այդպես արագ, հեշտ ու հանգիստ է, քանի որ դու ես ընտրում, թե երբ նայես ու ամենակարևորը՝ առանց գովազդի:

Փաստորեն, հիմա դադար է և նոր նախագծեր չկան:

Միգուցե և լինեն: Իմ բոլոր նախագծերը ինքնաբուխ են. ծնվում են, շարունակվում ու դադարեցվում, երբ ուզում եմ: Նույնը տեղի ունեցավ իմ հեքիաթների շարքի հետ, որը ստեղծվեց հանրահավաքների ժամանակ: Ամեն հեռարձակում սկսվում էր «Լինում է, չի լինում...» նախաբանով ու շատ մեծ լսարան հավաքեց:

Այս վերջին ուղիղ հեռարձակումները Ֆեյսբուքում, որոնք նմանեցված էին վարչապետի լայվերին, նույնիսկ անվանում չունեին: Պարզապես շարք էր, որը պայմանականորեն կոչվում էր «Ուղիղ եթեր»:

Համենայնդեպս հիմա, որոշել եմ մի քիչ սպասել: Կա ժամանակ, երբ պետք է վերցնես փայտն ու բզես բզեզների բույնը, և կա ժամանակ զսպելու այդ քայլը:

Տարիներ առաջ մեծ պրովոկացիա արեցիք, հիմնադրելով «Քաղաքացիական ակտիվ քայլ»՝ «ՔԱՔ» կուսակցությունը, որն ի զարմանս շատերի, բավականին մեծ թվով հետնորդներ ու երկրպագուներ ունեցավ:

Ստեղծեցի «ՔԱՔ»-ը, որովհետև կայֆ էր: Իհարկե, դա պրովոկացիա էր, քանի որ իմ հարթակը սատիրան է, ոչ թե խորհրդարանը: Բայց դրա շնորհիվ ձեռք բերեցի նոր լսարան ու նոր թեմաներ:

Հետաքրքիր է, որ «ՔԱՔ»-ի հայտնվելուց ավելի շատ նեղացավ ընդդիմությունը՝ ասելով, որ Սերգեյ Դանիելյանը փոշիացնում է ընդդիմության ձայները: Ես էլ պատասխանեցի, որ եթե «ՔԱՔ»-ն իմ հեգնանքով պետք է ձայները փոշիացնի, ուրեմն ավելի լավ է հեգնել:

Բայց ես հիմա անհանգստանալու այլ առիթ ունեմ: Հայաստանի նոր կառավարությունը ինձ լավ է վերաբերում, և ճիշտն ասած, դա ինձ մի քիչ մտահոգում է:

 

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?