Ինքնապաշտպանության մասին

20.06.2019, Քննադատ

Լրագրող, արվեստի քննադատ

Երբ լրահոսում հանդիպում ես վարկածներով, տարբեր անուններով, տարատեսակ կետադրական նշաններով հագեցած վերնագրերի, իհարկե, փորձում ես հասկանալ, թե ի վերջո ինչից է սկսվում ու ինչպես է ավարտվում քո կարդացած լուրը:

Երբեմն հարցը խառնվում է պնդման հետ, ու հետո երկուսը միասին հայտնվում են այնպիսի համատեքստում, որ անհետանում է թե՛ հարցը, թե՛ պնդումը, թե՛ ընդհանրապես լուր գրելու իմաստը:

Փոխարենը ի հայտ է գալիս տրամաբանական ճեղքվածք. չես հասկանում, թե ինչը ինչի հետ է կապված և ինչու:

«Լևոն Տեր-Պետրոսյանը կվերադառնա՞ նախագահի պաշտոնին. Վահե Գրիգորյանի թեկնածությունը՝ առաջին փուլ» վերնագիրն այդ շարքից է:

Այս լուրը, որը «Փաստից» վերատպել էին «Առաջին լրատվականը», tert.am-ը և այլ լրատվամիջոցներ, կապում է միմյանց երկու մարդկանց, անորոշ աղբյուրներով («լուրեր տարածվեցին», «ըստ որոշ աղբյուրների»):

Ըստ այդ լուրի՝ ՍԴ դատավորի «քվեարկության պատկերը կարող է արտացոլել նախագահի պաշտոնում Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության հավանական քվեարկությունը»:

Նման լուր գրելու դրդապատճառը բնավ էլ հետաքրքիր չէ, հետաքրքիր է, թե ինչպես կարելի է պաշտպանվել նման «հավանական» մտքերը լրագրողական նյութ դարձնելու սովորույթից ու այն վաճառվող ապրանք ներկայացնել ցանկացող լրատվամիջոցներից:

Հայաստանում երբևէ չի եղել նախադեպ, որ լրատվամիջոցին դատի տա լրահոսի սպառողը՝ հիմք ընդունելով հավաստի, անաչառ ու տրամաբանված տեղեկություն ստանալու իր իրավունքի խախտումը:

Հայցերը դատարան ներկայացրել են կա՛մ լրատվամիջոցները, կա՛մ լրատվամիջոցի կողմից թիրախավորված անձինք:

Այսինքն, կամ պիտի լինես մեդիա, կամ մեդիայի զոհ, որպեսզի իրավունքդ կարողանաս իրացնել:

«Եթե սպառողը դիմի դատարան՝ օբյեկտիվ ու անաչառ տեղեկատվություն ստանալու իր իրավունքը խախտելու համար, միգուցե դա դառնա լրիվ նոր մշակույթ: Բայց այդ իրավունքը սահմանադրական է, վերաբերում է բացառապես պետությունից տեղեկություն ստանալուն: Այդ պահանջը կարող է վերաբերել հանրային ռադիոյին և հեռուստատեսությանը, իսկ մասնավոր մեդիային՝ ոչ»,- ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը:

Մասնավոր բիզնես դիտարկվող մեդիայում չկա որակի չափանիշների վերահսկում (թեկուզ զուտ տրամաբանության տեսակետից), ինչպես, ասենք, երշիկի կամ սպիտակեղենի արտադրության մեջ, երբ հարկ է պահպանել բաղադրությունն ու սանիտարահիգիենիկ պայմանները՝ արտադրանքը շուկա հանելիս:

Որպես լրատվության սպառող, մենք բոլորս իրավունք ունենք լինելու մանիպուլացված, ուղղորդված, մոլորեցված ու հիասթափված լրատվամիջոցի կողմից:

«Կա օրենսդրական պահանջ, որ ԶԼՄ-ն պետք է հաղորդի օբյեկտիվ, անաչառ տեղեկատվություն, բայց չեմ կարծում, որ, եթե սպառողը դիմի դատարան, գործը դրական ելք կունենա և ընդհանրապես հայցը կբավարարվի: Բայց իհարկե, կարելի է փորձել»,- ասում է Շուշան Դոյդոյանը:

Նա մեջբերել էր նաև տվյալներ, որ մեկ տարում՝ 2018-ի մայիսից մինչ 2019-ի հունիսը, ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է զրպարտության և վիրավորանքի 91 հայցադիմում: Դոյդոյանն այս թվերը համարել է անհանգստացնող:

Նրան հակադարձել էր Ֆեյսբուքով Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ասելով, որ «եթե հայցերի քանակի աճի հետևանքով ունենում ենք որակյալ դատական որոշումներ, դա միայն դրական կողմեր ունի: Նախ, դա վկայում է, որ քաղաքացիները կարողանում են իրացնել իրենց տեղեկատվական իրավունքները, և, երկրորդ, դա ի վերջո նպաստելու է մեդիադաշտի առողջացմանը»:

Այսօրվա մեդիադաշտում առողջ սպառող մնալը ծայրահեղ լարում է պահանջում:

Ով, ինչ ուզում և ինչպես ուզում միացնում է իրար՝ անունները, պաշտոնները, հարցական նշանները, տարօրինակ լեզուն ու անտրամաբանական մտքերը:

Եվ եթե ասենք, փորձ արվի պատասխանատվության կանչել մեր նշած լուրի տարածողներին, ապա դա կարող են անել ՍԴ նորընտիր դատավորը, ՀՀ վարչապետը կամ ՀՀ առաջին նախագահը, բայց ոչ մենք՝ այս և նմանատիպ խառնիճաղանջ լուրերի բեռի տակ ճկռողներս:

Բացի դատարանից

Բացի դատական կարգավորումներից (ինչը ծայրահեղ, ծախսատար ու տևական գործ է) առողջացմանը նպաստում են ինքնակարգավորման մեխանիզմները:

Հայաստանում փաստացի ունենք երկու մարմին, որոնք փորձում եմ դա անել, բայց սաղմնային վիճակում են:

ԶԼՄ էթիկայի դիտորդ մարմինը տալիս է էթիկական գնահատական,  Տեղեկատվական վեճերի խորհուրդը՝ իրավական գնահատական (խորհուրդն իր վերջին նիստը անցկացրել է 2016-ին):

Երկու այս մարմինները նաև դատարանին են փոխանցում իրենց փորձագիտական կարծիքը, որպես երրորդ կողմի, անաչառ տեսակետ: Դատարանը դրանք կարող է հաշվի առնել, մեջբերել և այլն:

Բայց երկու մարմիններն էլ վեճ լուծող չեն, ընդամենը խորհուրդ տվող են:

Որպեսզի մեդիայի հետ կապված վեճերի լուծումը բավարարի երկու կողմերին ու լինի արագ, կիրառվում են լիազոր մարմին ստեղծելու տարբեր մոդելներ: Ընդ որում, կարևորը, որ լուծումը իրոք արագ լինի, իսկ ամեն ախմախ բան տպագրող լրատվամիջոցը իմանա այդ մասին:

Մեդիա սպառողների իրավունքների պաշտպանությունը, իրականում այնքան էլ տարօրինակ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Եվ ինչպես ասում էին հայտնի ֆիլմում՝ խեղդվողների փրկությունը հենց խեղդվողների ձեռքերում է:

Մեդիան աշխատում է նույն կանոններով, ինչ տնտեսությունը: Եվ եթե Հայաստանում չկան օլիգարխներ, ապա չկան նաև մեդիայում:

Փոխարենը կա մեծ փող, որի նպատակը հենց անտրամաբանական, տագնապ ու անորոշություն տարածելն է կամ հիացական ձոներ գրելը: Այսինքն, անորակ լրագրությունը:

Հիմա հազվադեպ իրավիճակ է, երբ լսարանն ավելի խելացի ու հեռատես է, քան իրեն շրջապատող լրահոսը, որը հաշվարկված է ծույլ լսարանի համար: Եվ բնականաբար կշահի այն լրատվամիջոցը, որն ունակ է աշխատելու այդ լսարանի համար:

Ի վերջո, վստահելի արտադրանքը վեճի առիթ չի դառնում (ասենք, երշիկը, կոշիկը կամ սպիտակեղենը), վեճի տեղ է բացում թերություն ունեցող, որդնած արտադրանքը:

Թեև իրավունքները պաշտպանվում են դատարանում, բայց ինքնապաշտպանվում ենք ամենօրյա ռեժիմով:

Եվ քանի դեռ օրենքով չի պարտադրել լրատվամիջոցներին բացահայտել իրենց ֆինանսավորողներին, լսարանի առաջին հարցը միշտ լինելու է, թե ո՞վ է վճարում լրատվամիջոցին՝ թեկուզ ոչ պաշտոնապես (ծրարով):

Ծրարով փող տվողը միշտ ասելու է լրագրողին՝ դու գրի ինչ ուզեմ, հայհոյի ում ուզեմ, ես փողը կտամ:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?