Ազատ ու հպարտ լրագրողների տոն

03.05.2018, Նյուսրում

Լրագրող, արվեստի քննադատ

Հայաստանի թավշյա հեղափոխությունը լուրջ քաղաքական վերադասավորումներից բացի նաև ներքին հեղափոխություն արեց: Մարդիկ վերականգնեցին ազատ ու հպարտ զգալու իրենց բնական ցանկությունը:

Եվ այսօր, մայիսի 3-ին, Մամուլի ազատության համաշխարհային օրը, լավ առիթ է հիշելու, որ հպարտության զգացողության առաջնային երաշխավորողներից են լրագրողները, որոնց շնորհիվ նաև Հայաստանի հասարակությունը այդ բառի իմաստը նորովի ըմբոշխնելու հնարավորություն ստացավ:

Մեդիայի ոլորտում աշխատող մարդկանց ազատությունը ուղիղ համեմատական է թե՛ նրանց պրոֆեսիոնալիզմի, թե՛ հանրային հպարտության աստիճանի հետ: Եվ դա առավել ցայտուն էր հայաստանյան հասարակության համար:

Մամուլի ազատության օրվա առիթով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հղել է ուղերձ, որում ասվում է.

«Կոչ եմ անում կառավարություններին ամրապնդել մամուլի ազատությունը և պաշտպանել լրագրողներին: Խթանելով մամուլի ազատությունը մենք ապահովում ենք ճշմարտության մեր իրավունքը»:

2018 թվականի գլխավոր թեման է ՝ «Պահել իշխանություններին վերահսկողության տակ. մեդիա, արդարադատություն և օրենքի գերակայություն» (Keeping Power in Check: Media, Justice and The Rule of Law):

Զանգվածային լրատվամիջոցների ու դատական համակարգի շնորհիվ է ապահովվում կառավարությունների թափանցիկ, հաշվետու աշխատանքը:

Ուղերձում հիշեցվում է, որ «անհրաժեշտ է ընդունել, կիրառել և գործադրել օրենքներ, որոնք պաշտպանում են անկախ լրագրությունը, խոսքի ազատությունը և տեղեկատվության իրավունքը»։ Թեմային կարելի է հետևել #PressFreedom հեշթեգով:

Լրագրողներին է դիմել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ՝ ասելով, որ լրագրողի աշխատանքի շնորհիվ քաղաքացին հնարավորություն է ստանում վերահսկել հանրային կյանքը:

«Ցավոք, դեռ առկա են լրագրողի դերի վերաբերյալ ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր, որոնք դժվարացնում են լրագրող լիարժեք, արդյունավետ աշխատանքը»,- ասել է օմբուդսմանը:

Նաև հիշեցրել, որ «յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր ամենօրյա աշխատանքով նպաստել լրագրողի դերի շարունակական բարձրացմանն ու բնական աշխատանքի երաշխավորմանը»:

Հայաստանում լրագրողները թերևս ամենակայացած համայքն են (համենայդեպս, դատական համակարգի հետ համեմատությամբ), և շատ հաճախ նրանք են բարձրաձայնում ազատության ոտնահարման դեպքերը և ապահավում տեղեկացված լինելու իրավունքը:

2006 թվականից սկսած Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը և Ժուրնալիստների միությունը մայիսի 3-ին հանձնել են հատուկ մրցանակ, որը կոչվում է «Մամուլի ազատության ժամանակը»։ Մրցանակը տրվել է այն լրագրողներին, որոնք իրենց մաշկի վրա են զգացել ազատ լինելու պահանջը և իրագործել են այդ պահանջը:

«Եղել են տարիներ, երբ այդ մրցանակը չենք շնորհել տարբեր պատճառներով, հիմնականում չգտնելով նրան, ով գտել է իր «ազատության ժամանակը»։ Այս տարի մենք որոշեցինք, որ հիմա «Այլ Ժամանակ» է և մրցանակները կսպասեն։ Մի հսկայական մասնագիտական զանգված այս օրերին ապացուցեց, որ մենք ունենք լրագրություն, ունենք իրենց աշխատանքի պատասխանատվությունը զգացող, նվիրված և անվախ լրագրողներ, որոնցից գրեթե յուրաքանչյուրը արժանի է մրցանակի։ Եկել է բոլորիդ «Ազատության Ժամանակը»։ Այլևս քայլ չանեք՝ հետ»,- ասել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:

Վերջին տարիներին հաճախակի են դարձել լրագրողներին հալածելու, ահաբեկելու, անհարկի կալանավորելու, գործունեությունը խոչընդոտելու դեպքերը։ Մամուլի դեմ այդ հանցագործությունները կատարողների անպատժելիության ընդհանուր ցուցանիշը շատ բարձր է ողջ աշխարհում:

Եվ դա նաև ապացուցում է, որ լրագրողների դերը անգնահատելի է ազատության ու հպարտության ապացույցներ որոնող հասարակություններում: Այսինքն, ամենուրեք:

 

Նունե Հախվերդյան

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?