Անկախացած ումի՞ց

05.09.2019, Ստուգված է

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փաստերի ստուգման խմբի անդամ

Վարչապետ Փաշինյանը Արցախի անկախութան օրը շնորհավորեց ֆեյսբուքյան գրառմամբ ու ասաց, թե սեպտեմբեի 2-ին Արցախը հռչակեց Սովետական Ադրբեջանից իր անկախությունը: Երկտողանի շնորհավորանքի հաջորդ նախադասության մեջ նա փառք է տալիս Արցախի հերոսական ժողովրդին, միասնական և հաղթանակած հայ ժողովրդին:

Նախորդ տարիներին իրենց շնորհավորական ուղերձներում ՀՀ նախկին նախագահներ ո՛չ Ռոբերտ Քոչարյանը և ո՛չ էլ Սերժ Սարգսյանը չեն հստակեցնում, թե Արցախը ումից է անկախացել։ Սա առաջին դեպքն է, երբ երկրի առաջին դեմքը նման ձևակերպում է տալիս։

Շնորհավորանքի այս տեքստը միանշանակ չընդունվեց։ Ավելին, դարձավ քննադատության, պատմություն չիմանալու, Ադրբեջանի ջրաղացին ջուր լցելու մեղադրանքների հարուստ առիթ:

Ի՞նչ գրեցին

***

ԲՀԿ խմբակցությունից պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում կասկած հայտնեց, թե վարչապետի ֆեյսբուքյան էջը կոտրել են ու արժե, որ ԱԱԾ֊ն ստուգի։

Պատգամավորը բացատրեց,  որ Արցախի հանրապետությունը եղել է ինքնավար շրջան և հռչակել է իր անկախությունը Սովետական միության մյուս միավորների նման՝ անջատվելով ԽՍՀՄ֊ից։  Ու եզրափակեց. «Կարծում եմ կիբերանվտանգությամբ զբաղվող ստորաբաժանումները կապացուցեն Փաշինյանի ֆեյսբուքյան էջում չարամիտների կատարած կեղծիքը»։

***

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ պատմական էքսկուրս արեց ու հայտարարեց, որ «Ամոթ է, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը տեղյակ չէ իր ժողովրդի պատմությանը, ավելին` աղավաղում է այն»:

Շարմազնովը պնդեց, որ Արցախի դուրս գալը Խորհրդային Ադրբեջանից տեղի է ունեցել ոչ թե 1991թ. սեպտեմբերի 2-ին, այլ` 1988թվի հուլիսի 12-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նիստը որոշեց դուրս գալ Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հռչակել Արցախի հայկական ինքնավար հանրապետություն:

***

Մի ծավալուն անդրադարձել էլ արեց ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը՝ Փաշինյանի գրառումը գիշերային վատ երազ որակելով: Նախկին պատգամավորը գրում է, որ Արցախի անկախության հռչակման գործընթացի և բանակցային ողջ ընթացքում անկյունաքարային ու անխոցելի պնդումը եղել է այն, որ Արցախն իր անկախությունը հռչակել է ժամանակին գործող ԽՍՀՄ Սահմանադրության և օրենադրության տառին համապատասխան և իր անկախությունը ձեռք է բերել ճիշտ նույն իրավական հիմքերով ու ընթացակարգով, ինչ Ադրբեջանի Հանրապետությունը: 

Նախկին պատգամավորը նաև պնդեց, որ «Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման» իրավական հիմնավորումներ մենք չունենք և դա հենց այն տրամաբանությունն է, ինչ տասնամյակներ շարունակ պնդում է Ադրբեջանը։ 

Ֆարմանյանը նաև կարծում է, թե այս գրառմամբ Փաշինյանը մեծ հարված է հասցնում հայկական կողմերի բանակցային դիրքերին, իսկ այս միտքը կարող է օգտագործվել Ադրբեջանի կամ միջնորդ համանախագահների կողմից նույն բանակցային գործընթացում: 

«Ես չգիտեմ, թե արդյո՞ք մեր արտգործնապարարությունը կամ վարչապետի աշխատակազմն ունի փաստարկների փաթեթ, մշակումներ, որոնք կապացուցեին «Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման» իրավական անխոցելիությունը»,- գրեց Ֆարմանյանը: 

Ի՞նչ են ասում փաստաթղթերը 

1991թվի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի է ունենում ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան, որի տեսագրությունից որոշ հատվածներ հասանելի են։

Այս օրը ընդունվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հռչակագիրը, որի իրավական հիմքը ԽՍՀ Միության գործող Սահմանադրությունն և օրենքներն էին, որոնք ինքնավար կազմավորումներին և հավաքական բնակվող ազգային խմբերին իրավունք էին տալիս ԽՍՀՄ¬ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակի հարցը։

Ավելի ուշ՝ 1991թվի դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեով, որը ինչպես հայտնում է Արցախի նախագահահի պաշտոնական կայքը՝ անցել է անդադար հրետակոծության ներքո, մասնակցել է գրանցված քաղաքացիների 82.2%-ը: Ուշագրավ է, որ նյուն այս կայքում գրված է․ «Քվեարկածների 99.89%-ը հանդես է եկել Ադրբեջանից անկախանալու օգտին»: 

Ի՞նչ է ասում ԱԳՆ-ն 

ՀՀ ԱԳՆ-ն հայաձայն է, որ Արցախի ժողովուրդը հետամուտ է եղել իր ինքնորոշման իրավունքի իրականացմանը՝ միջազգային իրավունքի նորմերին, այնպես էլ այն ժամանակվա ԽՍՀՄ օրենքների տառին և ոգուն համաձայն: 

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Media.am-ին ասաց․ «Գոյություն ունի անհերքելի փաստ՝ Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի Հանրապետության կազմում: Հայաստանը մշտապես ընդգծել է իր մոտեցումը հիմնախնդրի կարգավորման գործընթացում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթության նկատմամբ» ու ներկայացրեց պատմական իրողությունները․ 

  • 1990-ի ապրիլի 3-ին ԽՍՀՄ-ում նոր օրենք է ընդունել, որը խորհրդային հանրապետությունների ինքնավար միավորներին և կոմպակտ բնակվող էթնիկ խմբերին իրավունք էր տալիս ազատորեն որոշելու իրենց իրավական կարգավիճակը` ԽՍՀՄ կազմից այդ հանրապետությունների դուրս գալու պարագայում: 
  • 1991-ի օգոստոսի 30-ին Խորհրդային Ադրբեջանը սկսեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու գործընթացը, երեք օր անց սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը նախաձեռնեց նմանատիպ իրավական գործընթաց` ընդունելով անկախ հանրապետութան մասին հռչակագիրը, իսկ 1991թ.-ի դեկտեմբերի 10-ին հանրաքվեի արդյունքներով քվեարկեց անկախության օգտին:
  • Ուստի, Խորհրդային Միության փլուզումից հետո նախկին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքում ստեղծվեցին երկու պետական կազմավորումներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը: 

«ՀՀ վարչապետի կողմից Արցախի անկախության հռչակման մասին հռչակագրի ընդունման 28-ամյակի կապակցությամբ արված գրառումը իրավական և դիվանագիտական առումով որևէ խնդրահարույց տարր չի պարունակում և արտացոլում է իրականությունը», - ասաց  Աննա Նաղդալյանը:

Արշալույս Բարսեղյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?