Անհատական ցանկերը կօգնեն, խմբակայինը՝ դժվար թե

27.04.2018, Քննադատ

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Հայաստանում հեղափոխական, ուրիշ ձևակերպումներով՝ հակահեղափոխական այս օրերին տեղեկության արժեքը կտրուկ աճել է: Ներքաղաքական պայքարի մասին տեղեկությունները տարածվում և հերքվում են րոպեների ընթացքում:

Ստեղծվում է Վստահելի ու Թավշյա հեղափոխությունը պառակտող կայքերի ցուցակ, Քաղաքացիական պայմանագիրը Ֆեյսբուքում ֆեյք/ կեղծ օգտատերերին րիփորթ/report անելու գործընթաց է սկսում:

Սրանք լրահոսը զտելու փորձեր են, որոնք կարելի է դիտարկել նաև որպես լրահոսը վերահսկելու փորձեր: Ցանկացած ցուցակ, եթե չունի այն լրացնելու, թարմացնելու մեխանիզմ ու անգամ եթե ունի այդ մեխանիզմը, սուբյեկտիվ է:

Սև կամ սպիտակ ցուցակը, որը լրացվում է ինտերնետ օգտատերերի կողմից, կարող է ընդհանուր պատկերացումներ տալ, սակայն չի կարող միանշանակ լինել: Պատճառը պարզ է՝ ակնհայտ կեղծ ու քարոզչական կայքերի կողքին հայտնվում են իրական լրատվական կայքեր՝ լրատվամիջոցներ, որոնք դիրքորոշում ունեն:

Եվ հաճախ այդ դիրքորոշումը քարոզում են ի վնաս լրագրության։

Կարևոր է, որ քաղաքական լուրերով հետաքրքրված մարդը տեղյակ լինի այդ դիրքորոշման մասին, սակայն անթույլատրելի է միայն այդ դիրքորոշման պատճառով լրատվական կայքը տեղադրել կեղծ պիտակը կրող «սև ցուցակում»:

Մյուս կողմից նման ցուցակ կազմելու փորձ ունի, օրինակ փաստերի ստուգման գործում մասնագիտացված ամերիկյան PolitiFact-ը: Այստեղ տարբերությունն այն է, որ խմբագրությունն է կազմում ցուցակը ու պատասխանատու է դրա համար:

Ավելի արդյունավետ ճանապարհը ոչ թե կեղծ բովանդակության դեմ պայքարելն է, այլ որակյալ բովանդակության տեղը ցույց տալն ու կեղծ բովանդակութան մասին առանց հոգնելու տեղեկացնելը: Կոնկրետ դեպքերով ու օրինակներով տեղեկացնելը:

Սակայն միևնույնն է՝ կարդալու, Ֆեյսբուքի կամ Թվիթերի էջին բաժանորդագրվելու որոշումը անհատական է: Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչ աղբյուրից տեղեկություններ ստանալ:

Դա նման է սուպերմարկետում սնունդ ընտրելուն: Վատ որակի, ժամկետանց կամ արհեստական հավելումներից պատրաստված թթվասեր գնելը ցանկալի չէ, չէ՞:

Նույնը կարելի է ասել լրատվական կայքերի մասին: Չճշտված լուրեր (կոնսերվանտներ), հին տեղեկություններ (պահպանման ժամկետ) ու հեղինակ չունեցող (արտադրող ընկերություն) հոդվածներով կայքը չի կարող վստահելի լինել (սննունդն օգտակար լինել):

Լուծումն այն է, որ մարդիկ իրենց նախընտրելի լրատվականների սեփական ցուցակներն ունենան (չօգտագործեն ժամկետանց ու վտանգավոր լրահոս) ու ինքնուրույն որշումներ կայացնեն:

Այստեղ կօգնի համբերատար, երկարաժամկետ ու սխալներից հետևություններ անող աշխատանքը։

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?