Երբ է մեդիան «հիշում» կանանց

06.04.2012, Քննադատ

Մասնագիտությամբ`լրագրող, համոզմունքներով` սոցիալական մեդիայի էնտուզիաստ, հոբբիով` բլոգեր, իրականում` մասնագիտացած երազող

«Իսկ դու բազմազավակ մայր գիտե՞ս, ասենք մի 4-5 երեխա ունեցող, շուտ արձագանքիր, խնդրում եմ,- գրում է լրագրող ընկերներիցս մեկը,- նյութ պիտի «թխեմ» ապրիլի 7-ի մասին»: Ծանոթ սցենար է, չէ՞… Իմ սիրելի կոլեգան նյութ «թխեց» նաեւ մարտի 8-ի մասին, նախօրեին այ այսպիսի հարցումով. «դե հետաքրքիր մասնագիտության տեր կին էլի, ասենք՝ կին վարորդ, կին կոշկակար, ու՞մ գիտես…»

Ընդունված է համարել, որ մեդիա բիզնեսը կոմերցիոն այն քիչ ոլորտներից է, որի «ակտիվները բարձրանում են», ի հակադրություն այլ բիզնեսների, ոչ կայուն, անգամ խառը պատերազմական պայմաններում: «Քանդվեց» երկիրը` բարձրացավ մեդիայի կողմից արտադրվող ապրանքի պահանջարկը, հետընտրական տուր ու դմբոց եղավ` բարձրացավ մեդիայի այցելությունների թիվը: Պարզ մեխանիզմ է, ի վերջո, որը, այսպես ասած, «խաղաղ» պայմաններում սովորաբար անսովոր մարդիկ, պատմություններ է փնտրում` իր լուրերը «վաճառելու» համար:

Իսկ ի՞նչ «վաճառես» ապրիլի 7-ին, որ «գնորդ» ունենաս: Գուցե սահմանամերձ մի գյուղի բազմազավակ մոր մասին պատմությո՞ւն` հերոսական ինտոնացիայով ու հուզառատությամբ: Կամ ծննդատան կադրե՞ր` հեռուստանյութերի համար: Գուցե… Բայց գրում եմ տեղեկացնելու, որ հիմա արդեն ամեն տարի կրկնվող «միամսյակային» նյութերը ուղիղ համեմատական են ամեն տարի նույն դեմքերով ու նույն տեքստերով «թուրք ասկյարներ» ժանրի ռեպորտաժներին Ցեղասպանության հուշահամալից կամ ասուլիսային լրագրությանը` ալարողների համար: Ու, որքան էլ տրիվիալ հնչի ասածս, միեւնույն է, բոլոր այս հնարքները սպառել են իրենց, էլ «վաճառքներ» չեն ապահովում, չեն գործում ախր:   

Բայց վերադառնանք մեր տիկնանց փափկասուն հայոց աշխարհի կամ, ավելի շուտ, կնոջ ներկայացվածությանը մեդիայում, որը «անսովոր» լինելու, հետեւաբար «like»-եր ապահովվելու ֆոնին (այնուամենայնիվ ուզում եմ հավատալ, որ ոչ ալարելու պատճառով) հետաքրքիր պատկեր է բացում մեր առաջ: Հատուկ այս նյութի համար ուսումնասիրեցի հայկական օնլայն լրատվամիջոցների ռեյթինգային առաջին տասնյակը`լրատվամիջոցի ներսում հենց որոնում իրականացնելով: Եվ այսպես, հայկական մեդիաներում կանանց ասոցացնող հիմանական բառերն ու թեմաներն են` մարմանավաճառներ, ընտանեկան բռնություն, քաղաքականություն, սոց-ցանցեր, ծերանոց-մանկատուն, գյուղական կյանք եւ կարիքավոր ընտանիքներ, կրծքի քաղցկեղ, բնապահպանական շարժում, կին վարորդ-տրակտորավար` միամսյակային նյութեր, կարմիր խնձոր, ծնելիություն, ապա մնացյալը (Եթե հայերենում այս նշանից “!” լիներ, միանգամայն տեղին կլիներ այստեղ):

Հիմա երեւի պիտի «գենդերային հավասարություն, այնուամենայնիվ, կա» ասենք ու մխիթարվենք, քանի որ հայկական մեդիայում տղամարդկանց` ամենից հաճախ հանդիպող կոստյումավոր կիսանդրի (վարչական-քաղաքական լուսանկարներով) նյութերի եւ «ավազակություն-հանցագործություն-վթար» ժանրի ներկայացվածությունից «հետ չեն մնացել» նաեւ կանայք, օ, ցնծա~ ազգ: Իրականում այս ամենը գալիս է ցույց տալու, որ լրագրությունը, հասարակական լրագրությունը, ինչը առաջնային ֆունկցիա ունի, իսպառ բացակայում է մեր մեդիաներում: Ու ոչ թե որովհետեւ սոցիալական ցանցերի մարտահրավերին չեն դիմանում լրագրողները ու կամաց-կամաց տեղի են տալիս: Այլ որովհետեւ հասարակական լրագրությունը քաղաքային ֆոլկլյորի է վերածվում. կամ գրում ենք «շենքի թույլ վարքով տեր կանանց մասին» կամ քաղաքականության կամ էլ չենք գրում:

Վերջին մեկ տարում աշխատելով միջազգային մեդիայում, որը հրատարակվում է բացառապես կանանց համար, ինձ համար լրագրության կարեւորագույն մի հնարք սովորեցի, որը պարզապես ուզում եմ կիսվել կոլեգաներիս հետ` առանց ավելորդ ենթատեքստերի: Այո, ավելի դժվար է մեծ քանակությամբ «like»-եր ապահովող նյութ գրել ուսուցչուհու մասին, քան մերկապարուհու: Ու ակնհայտ է, որ մեդիայի «վաճառքների» տեսանկյունից Ուիթնի Հյուսթոնի մահը ավելի հետաքրքիր է, քան նրա կյանքը: Բայց, թերեւս, նրա կյանքի մասին հետաքրքիր հոդվածն է մեզ` լրագրողներիս, տարանջատում Facebook-ում նրա մահվան մասին ստատուս գրողից: Ու լրագրողական պատրաստվածություն մենք անցնում ենք ոչ թե աչքի պատահածը «share» անելու, այլ այնպիսի հետաքրքիր նյութ գրելու, որը այն այլոք «share» անեն: (Ի դեպ, ըստ վիճակագրության, համացանցում բովանդակություն կերտում է օգտատերերի ընդամենը 1 տոկոսը, մյուսները միայն կողքով են անցում, առավել ակտիվները` տարածում): Ավելի պատկերավոր ասած` մեր մասնագիտական փորձը մեր դասական պարերի «տրինաժն» է, որը ունենալով մեր հենքում ու հայտնվելով դիսկոտեկում, մենք այնպիսի «խաղեր կարող ենք տալ»…

Եթե հավատում ենք այն թեորիային, որ մեդիան արտացոլում է հասարակությունը, ուրեմն հայկական մեդիաներում կնոջ «ամենավաճառվող» պատկերը` շահումով վիճակախաղի կլորիկ կինը` «էս ում էրեխեն ա, ներվերիս վրայա ազդում» տեքստով հայ կնոջն իրական պատկերն է՝ չհաշված վերեւում նշածս բառերն ու թեմաները: Ես հրաժարվում եմ հավատալ այս թեորիային: Մեր օրերում, երբ բոլորն են մեդիա, ավանդական լրագրության ինստիտուտի կրողները պիտի «ստեղծեն» իրականություն: Որովհետեւ մեդիան է մարդկանց խումբը հասարակություն դարձնում, մեդիան է կարտում հասարակությունը, ճիշտ այն հասարակությունը, որտեղ կանայք այսօր, ըստ հայկական մեդիաների, միայն մարմանավաճառներ են, ընտանեկան բռնության ենթարկվածներ, սակավ քաղաքական գործիչներ, կարիքավոր-բազմազավակ ընտանիքների մայրեր ու շահումով վիճակախաղի կլորիկ տիկիններ:

Շուշան Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?