2019.09.14,

Ստուգված է

Ինչպե՞ս են սունկ կայքերը օգտագործում Ֆեյսբուքը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ իր անունից և իր նկարով տարածվում է Նիկոլ Փաշինյանի դեմ հանրահավաքի գնալու կեղծ կոչ։ Media.am-ը պարզեց, որը Մարտիրոսյանը միակը չէր․ նույն կոչով ֆեյսբուքում տարածվում էր, օրինակ, Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի նկարը։ Նկարները ունեին մինչև 900 մեկնաբանություն և մի քանի հարյուր լայք։

Այս բոլոր հրապարակումները Ռիմա Մամյան անունով օգտատերը տեղադրում էր ֆեյսբուքյան տարբեր խմբերում։ Նրա հաշիվը, սակայն, կոտրած էր․ սրա մասին ֆեյսբուքյան լայվով հայտարարեց Սամվել Մարտիրոսյանը։ Մարտիրոսյանը կարծում է, որ այս հրապարակումները միտված չեն որևէ կայքի կամ խմբի առաջխաղացմանը։ Նա ենթադրեց, որ նկարները տարբեր խմբերում տարածում են Ադրբեջանից։

Անկախ օգտատերերի շարժառիթներից’ Ֆեյսբուքյան խմբերը, որտեղ տարածվում էին նկարները, հաճախ նման գործելաոճ ունեն։ Օրինակ, հավաքի հրավիրող կեղծ նկարները տեղադրվել էին «Նիկոլ Փաշինյան/ Թավշյա հեղափոխություն» խմբում, որը ունի շուրջ 35 000 անդամ։ Միայն սեպտեմբերի 13-ին խմբում կատարվել էր 400-ից ավել հրապարակում, իսկ վերջին 30 օրվա ընթացքում՝ շուրջ 10 000։

Այս խումբը կեղծ է․ այն վարչապետի կամ հեղափոխության մասին չէ։ Դրա «Նկարագրություն» բաժնում չկան խմբի գործունեության մասին տվյալներ, փոխարենը գրված է միայն․ «Խմբում գովազդ տեղադրելու, ինչպես նաև լրատվական կայքերի նյութերը կիսելու համար զանգահարել ՝ […] հեռախոսահամարով»:

Խմբի մասին բաժնում կարելի է տեսնել դրա հետ փոխկապակցված էջը՝ HotNews.am-ը։ Սա սունկ կայք է, այսինքն՝ կեղծ լրատվական կայք է, որը տարածում է ուրիշ հարթակներից վերցված նյութեր և գումար աշխատում համատեքստային գովազդով։

Սունկ կայքերը Ֆեյսբուքում էջերի ու խմբերի ցանց են ստեղծում

Սունկ կայքերը ուղիղ այցելուներ գրեթե չունեն․ դրանց հիմնական տարածումը և այցելությունները սոցիալական ցանցերից են։ Այդ իսկ պատճառով սունկ կայքերը ջանում են ունենալ շատ հետևորդներ ֆեյսբուքյան խմբերում և էջերում ու ստեղծում են միանգամից մի քանի ՖԲ հարթակ։ Այդպիսով, մեկ սունկ կայքի խմբից կարելի է հեշտությամբ գտնել նույն ադմինիստրատորների կողմից կառավարվող մի քանի այլ հարթակ։

Օրինակ, HotNews.am-ին է պատկանում «Նիկոլ Փաշինյան/ Թավշյա հեղափոխություն», «Հետաքրքիր նորություններ/Hetaqrqir Norutyunner» խմբերը, ինչպես նաև երկու էջ HotNews.am անվանումով (@hotnewsarm և @www.hotnews.am): Դրանցից մեկը ստեղծվել է 2018 թ․ «Mari Sargsyan» անունով, այնուհետև անունը փոխել «Hotnews Sargsyan», ապա «Hotnews.am Sargsyan» և վերջապես «HotNews.am»։

Այս էջը ունի շուրջ 4,500 հետևորդ և տարածում է HotNews.am կայքի հրապարակումները։ Մյուս երկու մասնակիցները հարթակներում տարածում են ամենատարաբնույթ նյութեր՝ հումորային վիդեոներ, աշխատանքի հայտարարություններ կամ քաղաքական մեմեր, ինչպես, օրինակ, վերը նշված «Բոլորին հրավիրում եմ Փաշինյանի դեմ հավաքի» շարքը։ Խմբերի ադմինիստրատորները խնդրում են մասնակիցներին հնարավորինս ակտիվ լինել։

«Հետաքրքիր նորություններ/Hetaqrqir Norutyunner» խումբը ունի 7 ադմինիստրատոր, այդ թվում՝ «Mari Sargsyan» անունով էջը։ Ադմինիստրատորների շարքում է նաև մեկ այլ սունկ կայքի՝ «Arena News/Արենա Նյուզ»-ի էջը։ Ադմինիստրատորների մի մասը ֆեյք էջեր են, մյուսը՝ իրական օգտատերեր։

Էջերը լսարան են հավաքում տարբեր միջոցներով

Քաղաքական բովանդակությունը ամենաշատ տարածվողներից է։ Օրինակ «TV channel» և «News and Media Website» կատեգորիաներում գրանցված «Լուրեր Հայաստանից» և «Վստահում եմ Նիկոլին» էջերը օգտագործում են Փաշինյանի նկարները։ Վերջին էջը տարածում է ochenklyovo.ru սունկ կայքի նյութերը։

Սունկ կայքերը հետևորդներ են ներգրավում թե՛ ֆեյսբուքյան գովազդի միջոցով, թե՛ արդեն լսարան ունեցող էջերը գնելով կամ անվանափոխելով։ Որոշ ֆեյսբուքյան էջեր գումար են վաստակում նաև իրենց հարթակում գովազդ տեղադրելով։

Այսպես ադմինիստրատորները լսարան են հավաքում և կարող են հետագայում օգտագործել այն սունկ կայքի նյութերը տարածելու և այցելություններ ապահովելու համար։

HotNews.am-ը և դրա հետ փոխկապակցված հարթակները ամենատարածվածները չեն։ Ֆեյսբուքի հայկական տիրույթում ակտիվ է «HayerovTV» էջը, որը ունի շուրջ 486 000 հետևորդ և տարածում է sportarmenia.ru սունկ կայքի նյութերը։ «ՀԱՅ Ինֆո» և «ԻՆՖՈ ՈՒղեցույց» էջերը ունեն շուրջ 230 000 և 190 000 հետևորդ համապատասխանաբար և նույնպես տարածում են sportarmenia.ru-ի ու մի քանի այլ սունկ կայքերի նյութեր։

Երբեմն սունկ կայքերի հրապարակումներ տարածող Ֆեյսբուքյան ցանցերը իրենցից ներկայացնում են իսկական խառնաշփոթ։ Օրինակ, «Հիմնական Լուրեր» խումբը տարածում է maxinfo.am-ի, azat.tv-ի, mer-info.ru-ի և այլ սունկ կայքերի, բայց նաև սովորական լրատվականների նյութեր։ Միաժամանակ, այս խումբը ստեղծվել է «Էվկա_ձեռագործ_խաղալիքներ» էջի կողմից, որը իսկապես նվիրված է ձեռագործ խաղալիքների։ Խմբի ադմիններից է «էվկա Ձեռագործ իրեր» օգտատերը (վաճառում է նույն փափուկ խաղալիքները)։

Այստեղ կարելի է տեսնել տարեսկզբից Հայաստանում ակտիվ սունկ կայքերի ցանկը։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *