Անգրագիտությունն իբրև ուղիղ ճանապա՞րհ. «Հետամնաց» գրողի արձագանք

14.04.2011, Քննադատ

Կրթությամբ` տնտեսագետ, բանասեր
Կոչումով` արձակագիր
Գործունեությամբ` լրագրող եւ մեդիա փորձագետ

Սա ես սկսեցի գրել իբրև Սամվել Մարտիրոսյանի «Հալալն ու հարամը լրագրության մեջ. արդյո՞ք բլոգը ԶԼՄ է» հրապարակման մեկնաբանություն: Հետո հասկացա, որ ասելիքս ավելին է, քան պարզ մեկնաբանությունը և որոշեցի սեփական հոդվածը գրել:

Նախ` մեկ անգամ և ընդմիշտ ուզում եմ վերջ տալ իրականում վաղուց լուծված անիմաստ վեճին. բլոգը լրատվամիջո՞ց է, թե՞ ոչ... Մի կողմ թողնելով ավանդական մեդիայի հետ բոլոր նմանությունները, որոնք լուծում են վեճը` ասեմ, որ այս հարցի պատասխանը, համենայն դեպս Հայաստանում, տրված է վաղուց՝ 2003 թվականին ընդունված «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում: Կարդանք դրա երրորդ՝ «Հիմնական հասկացությունները» հոդվածի երկրորդ մասը.

«2) զանգվածային լրատվության միջոց (այսուհետ՝ լրատվության միջոց)՝ լրատվություն իրականացնելու միջոց, որը բաժանորդագրությամբ կամ առանց դրա, վճարովի կամ անվճար հիմունքներով տարածվում է՝
...
- հանրային հեռահաղորդակցության ցանցով (ցանցային լրատվության միջոց)՝ որպես որոշակի հասցե ունեցող, անսահմանափակ թվով անձանց համար հասանելի և լրատվություն ներառող տեղեկատվական պաշար՝ անկախ թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տևողությունից և այլ չափանիշներից»:

Վերջ, սրանով ամեն ինչ ասված է: Հետևաբար, Հայաստանի տարածքում ստեղծված ու համացանցով տարածվող ցանկացած բովանդակություն (և ոչ միայն բլոգը, այլև ինտերնետային այլ հրատարակությունները ևս) հայաստանյան օրենքով ԶԼՄ է: Այսինքն` Հայաստանում ստեղծված և համացանցով տարածվող ցանկացած բովանդակություն պիտի ենթարկվի այս օրենքին, այդ թվում՝ պիտի ունենա այդ բովանդակությունը տարածողի հասցեն և մյուս տվյալները: Թե չէ մեզանում սովորություն է դարձել բլոգ կամ էջ բացել, թաքնվել ֆլորայի և ֆաունայի ներկայացուցիչների անվանումների տակ ու տարածել ինչ ասես... Ստիպված եմ հիշեցնել, որ մականուն, սովորաբար, ունենում են հանցագործ աշխարհի մարդիկ: Ես, օրինակ, երբեք չեմ թաքնվում որևէ մականվան հետևում և իմ գրած ցանկացած տողը, լինի դա թերթում, հանդեսում, իմ համացանցային նոթագրքում կամ այլ տեղ, միշտ ստորագրում եմ իմ անունով: Եվ ասածս գլուխգովանություն մի համարեք, սա սկզբունք է: Մարդ պիտի իմանա նաև սեփական ստորագրության արժեքը: Մանավանդ, երբ սուր հոդված ես գրում՝ քննադատությանդ թիրախ անձը պիտի իմանա, թե ում է «կրակելու»: Ինձ համար անանուն կամ մականունով (եթե հայտնի չէ, թե այդ մականվան կամ կեղծանվան տակ ով է իրականում. ինչպես գրողների դեպքում) գրելը վախկոտի գործելակերպ է:

Հիմա դառնամ Սամվել Մարտիրոսյանի մյուս մտքին:

«Խմբագիրների զայրույթը կարելի է հասկանալ. նրանք մարդկային, ֆինանսական, տեխնիկական ռեսուրսներ են ծախսում՝ ինչ-որ մի իրադարձություն լուսաբանելու համար: Եւ մեկ էլ հայտնվում է մի կիսագրագետ բլոգգեր, ես կասեի` բոսյակ (օգտագործում եմ ենթադրական միջինացված խմբագրի ենթադրական չարտասանվող մտքերը) և մի անգրագետ գրառումով ավելի մեծ լսարան գրավում»:
«Մի ենթադրական անգրագետ կարող է խփել գրագետ լրագրողների (ասեմ, որ կրկին ենթադրական) մի մեծ խմբի գործին: Եւ այդպես էլ լինում է և լինելու է, քանի որ իրականությունը փոխվել է: Արդեն ուշ է փորձել անցյալ դարի չափանիշներով պահանջել գնահատել լրատվական դաշտը
»:

Ներողություն եմ խնդրում այսքան ընդարձակ մեջբերման համար, դա անում եմ, որպեսզի հետո ինձ չմեղադրեն մտքերը համատեքստից կտրելու համար:

Հիմա նորից կարդացեք. ամբողջ բերված հատվածը այլ բան չէր, քան գովք անգրագիտությանը: Սամվել, բարեկամս, ուղղակի զարմանում եմ, այդ երբվանի՞ց անգրագիտությունը դարձավ գլուխգովանության առիթ: Ու այդ գլուխգովանության պսակը՝ « Արդեն ուշ է փորձել անցյալ դարի չափանիշներով պահանջել գնահատել լրատվական դաշտը»: Թեպետ իմ բարեկամ Գեղամ Վարդանյանն ասում է համացանցում մեծատառերով մի գրեք, որովհետև դա զայրույթի տպավորություն է թողնում, ես հենց ուզում եմ զայրույթ արտահայտել, այդ պատճառով գրում եմ մեծատառով.

ՍԱՄՎԵԼ, ԲԱՐԵԿԱՄՍ, ԵՐԲԵՔ ԵՎ ՈՉ ՄԻ ԴԱՐՈՒՄ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՉԱՓԱՆԻՇ ԼԻՆԵԼ, ԵՎ ԵՐԲԵՔ, ՈՉ ՄԻ ԴԱՐՈՒՄ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՉԻ ՀՊԱՐՏԱՑԵԼ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ։

Էդ ի՞նչ եղավ, որ անգրագիտությունը դարձավ գովասանքի առարկա...

Արդ, ի՞նչ է հոդվածի հեղինակի ուզածը. որ համացանցում գրելիս մեր լեզվին ուշադրությո՞ւն չդարձնենք, գրենք՝ «մենք գրում եմ» կամ «ես գնացի՞նք»... Գրենք, էլի, ի՞նչ է եղել որ, մեկ է՝ ընթերցողը հասկանում է: Գրենք. «Պրոսպեկտի ուգլավոյ մագազինում կալբասի օչերեդ էր», համ վստահելի է, համ էլ լիքը լսարան կհավաքի, թքա՛ծ, թե չգիտես որ լեզվով է, չէ՞ որ «ինչը վստահելի է, հալալ է» (Սամվել Մարտիրոսյանի միտքն է): Այսինքն` լեզու, ուղղագրություն, ճիշտ շարադասություն կարևոր չեն, հալալ չեն, դա մոռացեք ձեր 20-րդ դարում, «հետամնացներ»…

Եթե հետեւենք Սամվել Մարտիրոսյանի տրամաբանությանը, ապա «ամենահալալ» երաժշտությունը ռաբիսն է, «ամենահալալ» կինոն՝ օճառային սերիալները, դե իսկ համացանցում «ամենահալալը» պոռնոգրաֆիան է, որովհետեւ ամենավստահելին ու ըստ այդմ՝ ամենից շատ լսարան հավաքողն է... Շարունակե՞մ, Սամվել, թե՞ հասկացար տրամաբանությունդ ուր կարող է հասցնել...

Իհարկե, ես այն միամիտներից չեմ, որ կարծեմ, թե ես կամ որեւէ մեկը կարող է պայքարել էլեկտրասյուներին փակցվող անգրագետ հայտարարությունների դեմ (իմ պատկերացմամբ համացանցը հենց այդ էլեկտրասյունն է, որտեղ ով ինչ ասես փակցնում է, և մի գրագետ տեքստի կողքին հարյուր անգրագետ գրություն է): Իհարկե, անգրագիտության հաղթարշավը շարունակվում ու շարունակվելու է, անկախ իմ կռվից: Իմ մտահոգությունն ուրիշ է. ցավ եմ ապրում, երբ իրեն մտավորական համարող մարդն արդարացնում, ավելին՝ գովաբանում է անգրագիտությունը եւ այն համարում «հալալ»:

Ավարտեմ:
Ցանկացած տեքստ երկրորդ աչքի կարիք ունի: Աշխարհի բոլոր մեծ ու փոքր գրողների տեքստերը հետո անցել են պրոֆեսիոնալ խմբագիրների ձեռքի տակով, որովհետև աշխարհի անգամ մեծագույն գրողները «հետամնաց» են եղել՝ հասկացել են, որ կարող են նաև ուղղագրական, ոճական ու այլ տիպի սխալներ թույլ տալ: Իսկ մեր համացանցային հեղինակները... Դե նրանք առաջադեմ են, հետևաբար՝ անսխալական... Լավ, սարկազմը մի կողմ. համացանցային մեդիայում բացակայում է երկրորդ աչքը: Այն կարող է լինել հենց ինքը՝ հեղինակը, եթե որոշի գրելուց հետո գոնե մի անգամ իբրև ընթերցող կարդալ իր գրածը: Բայց նա դա չի անում: Համացանցային մեդիայի խմբագիրներն էլ շատ հաճախ աչք են փակում ուղղագրական, ոճական, շարահյուսական սխալների վրա. մրցակցություն է, իբր, պիտի հասցնես ուրիշներից առաջ ընկնել...

Սամվել, բարեկամս, միայն, ինչպես դու ես ասում՝ «վստահելի աղբյուր» լինելը արժեք չէ (դեռ հարց է, թե բլոգների քանի տոկոսն է վստահելի աղբյուր, և քանիսն է հավաստի տեղեկություններ հաղորդում), և անգրագիտությունն էլ օրիգինալություն չէ: Անգամ ամենահավաստի տեղեկությունն առ ոչինչ է դառնում, եթե այն գրված է անգրագետ լեզվով:

Գրեք էս-ով և էն-ով (ես էլ հաճախ եմ էդպես գրում), գրեք ժարգոնով, խոսակցական լեզվով (ինքս հաճախ եմ դիմում ժարգոնի ու խոսակցականի), է-ի փոխարեն գրեք ա օժանդակ բայով, օգտագործեք օտար բառեր, ինչ ուզում եք արեք: Բայց հիշեք, որ նույնիսկ այդ ժարգոնի կամ խոսակցականի դեպքում ենթական ու ստորագյալը համաձայնում են դեմքով ու թվով... Այսինքն՝ նախադասություն կազմելու և միտք ստանալու համար բառերն իրար պիտի կապեք լեզվի (հայերենի, ռուսերենի, անգլերենի, ճապոներենի ու չգիտեմէլինչերենի) կանոններով:

Մեսրոպ Հարությունյան 

Գրող, լրագրող, նորաթուխ նոթագիր (բլոգեր) և, վերջապես, «հետամնաց» մի անձնավորություն, որ դեռ միամտաբար կարծում է, թե 21-րդ դարի հայերենում էլ ենթական ու ստորոգյալը պիտի համաձայնեն դեմքով ու թվով, և որ գործում է, ասենք, դ-թ-ի ուղղագրությունը...

Հ.Գ. Ես այս տեքստը հինգ անգամ խմբագրել եմ, մինչև «media.am»-ի խմբագրին ուղարկելը: Դե, որովհետև ես, ինչպես ասացի, 20-րդ դարում մնացած  «հետադեմ» գրող եմ և ոչ թե «առաջադեմ» «բլոգգգգգգգեր» (վայ, կներեք, գ տառն անկախ ինձնից շարվեց), որ զայրույթի պահին ընդդեմ անգրագիտության գրված տեքստ հրապարակեմ՝ հանուն ընթերցող շահելու նպատակի (հավատացնում եմ, եթե հրապարակեի առաջին՝ չխմբագրված տարբերակը, այս հոդվածը կունենար այնքան ընթերցող, որքան պոռնոգրաֆիկ կայքը):  

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?