Մտահոգվելու առիթներ՝ լրագրողական կազմակերպությունների կոչում

10.12.2018, Ընտրություններ 2018

2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ավարտվեցին հանգիստ ու անցնցում: Նաև լրագրողների համար:

Հայաստանյան մի խումբ լրագրողական կազմակերպություններ տարածեցին հայտարարություն, որում ասված է, որ այս ընտրությունները «որակապես տարբերվեցին բոլոր նախորդներից՝ լրագրողների և լրատվամիջոցների աշխատանքի բարենպաստ պայմանների և անկաշկանդ գործելու առումով»։

Քվեարկության օրը չի արձանագրվել լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական բռնություն կամ մասնագիտական գործունեության խոչընդոտման որևէ լուրջ դեպք, իսկ եղած մի քանի փոքր միջադեպերը տեղում հարթվել են։

Սակայն տեղի է ունեցել մտահոգիչ միջադեպ, երբ դեկտեմբերի 7-ին, ՀՀ ոստիկանության աշխատակիցները, ակնհայտորեն չարաշահելով իրենց լիազորությունները, անօրինական գործողություններ են իրականացրել «News.am» լրատվական կայքի խմբագրությունում։

«Իրավապահները պահանջել են լրատվամիջոցից քաղաքական գործիչներից մեկի օնլայն ելույթի բովանդակությունը ապացուցող հիմքեր տրամադրել, ինչը զավեշտալի է և՛ ԶԼՄ գործունեության նորմերի, և իրավունքի տեսանկյունից»,- ասված է հայտարարության մեջ։

Լրագրողական կազմակերպությունները հիշեցնում են նաև, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 20-ին, նմանատիպ անհիմն պահանջ է ներկայացվել նաև «Aysor.am»-ի խմբագրությանը.

«Բացի այդ, մինչև հիմա ՀՀ ոստիկանությունը և Քննչական կոմիտեն որևէ ծանրակշիռ հիմնավորում և փաստարկ հանրությանը չեն ներկայացրել «Yerevan. today»-ում իրականացված խուզարկության անհրաժեշտության և դրա արդյունքների վերաբերյալ»:

Մտահոգիչ է, երբ ժողովրդավարության զարգացումներին զուգահեռ՝ իրավապահների կողմից երբեմն իրականացվում են կամայականություններ ԶԼՄ-ների նկատմամբ։

«Կոչ ենք անում ընտրությունների արդյունքում ձևավորվող նոր իշխանություններին՝ միջոցներ ձեռնարկել՝ ԶԼՄ-ներին զերծ պահելու ոստիկանական ապօրինի գործողություններից և առավել բարենպաստ պայմաններ ապահովել լրագրողների և լրատվամիջոցների ազատ գործունեության համար՝ անկախ դրանց քաղաքական ուղղվածությունից»,- այսպիսի հորդորով են դիմել կազմակերպությունները։

Դրանք են՝ Խոսքի ազատության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Ինֆորմացիայի ազատության կոմիտեն, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստանը, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» Հ/Կ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» Հ/Կ-ն, Գորիսի մամուլի ակումբը:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?