Առողջապահական թեմաներ, աղբյուրներ, լուրեր․ դիտարկում

31.07.2019, Ստուգված է

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փաստերի ստուգման խմբի անդամ

Սևանը ծաղկեց, կանաչեց… Բնապահպանական վնասից բացի քննարկվեցին լճում լողալու առողջապահական ռիսկերը։ Մեդիան լուսաբանեց՝ տպեց ու վերատպեց։ Իսկ ինչպե՞ս են լուսաբանում առողջապահական հարցերը հայաստանյան լրատվական կայքերը ընդհանրապես։ Media.am-ը մեկ շաբաթվա կտրվածքով (հուլիսի 15-21-ը) դիտարկել է մի քանի լրատվամիջոցներում առողջապահության ոլորտի լուսաբանումները։ 

Լրատվամիջոցների ընտրության համար հիմք է ծառայել կամ ոլորտի լուսաբանման մոտեցումը՝ սկսած թեմայի ընտրությունից մինչև ֆորմատ, կամ դրա շատ այցելվող լինելը՝ համաձայն alexa.com-ի, Միջազգային Հանրապետական Ինստիտուտի հարցմանSimilarWeb-ի տվյալների։

Մեր դիտարկած կայքերը տեղավորված են թղթապանակներում. յուրաքանչյուրի դեպքում առանձնացված են դրանց ընտրած թեմաները, աղբյուրները և աղբյուրներին հղում տալու ձևերը: Նաև առանձնացված են որոշակի տենդենցներ, որոնք նկատվել են մշտադիտարկման արդյունքում: Ի դեպ, առողջապահություն խորագիրը չունեցող կայքերի դեպքում ոլորտին առնչվող նյութերը առանձնացվել են ընդհանուր լրահոսից:

Առողջապահության թեման սիրում է Ampop.am-ը։  Տվյալների լրագրությամբ զբաղվող հարթակը ունի «Առողջություն» խորագիրը, որտեղ թեմաները բացառապես տեղական են՝ Հայաստանին առնչվող։ 

2017 թվականից հարթակը ամփոփել է տվյալներ, հետո տեքստի ու ինֆոգրաֆիկաների միջոցով հրապարակել 9 առողջապահական նյութ՝ քաղցկեղի, հղիության արհեստական ընդհատումների և մայրական մահացությունների, գյուղական ամբուլատորիաների և այլ թեմաներով։ 

Պատմությունների հիմնական աղբյուրներն են մարդիկ, փորձագետները։ Կայքը  օգտագործում է Առողջապահության նախարարության և այլ կառույցների պաշտոնական տեղեկատվությունը` զեկույցները, տվյալների բազաները:

Առողջապահության թեման սիրում է նաև Hetq.am-ը։ Կայքի հասարակություն բաժնի երեք ենթաբաժիններից մեկը սա է։

Թեմաները՝ լրահոսի զգալի մասը Առողջապահության նախարարության (ԱՆ) հաղորդագրություններն են՝ կարիճի խայթոցներ, թունավոր սնկեր, ճանապարհային վթարների հետևանքով բուժում ստացող մարդկանց վիճակ և այլն։ Հետաքննական հարթակը նաև ուսումնասիրում, հետաքննում է առողջապահական և դրան հարակից՝ սննդի անվտանգության ոլորտները։ 

Հուլիսի 15-21-ի ընթացքում կայքը հրապարակել է երկու հետաքննություն-ուսումնասիրություններ՝ Հայաստանում մարզիկների բժշկական ապահովագրություն չունենալու խնդրի և Շաքարային դիաբետ ունեցող երեխաների հաշմանդամի կարգավիճակ ստանալու դժվարությունները։

Նման հետաքննությունների համար աղբյուր են տարբեր կառույցների ուսումնասիրությունները, պաշտոնական հաղորդագրությունները, հարցումները։

Hraparak.am-ը օրական կտրվածքով պատրաստում է առողջապահությանն առնչվող միջինը երկու նյութ, որոնք տեղադրվում են «Աշխարհ», «Հասարակություն» խորագրերի տակ։ 

Media.am-ի հաշվարկով, հուլիսի 15-21-ին կայքը հրապարակել է առողջապահությանն առնչվող 14 նյութ, որից 6-ը` Հայաստանի մասին։

Տեղական թեմաներից նրանք անդրադարձել են Սևանա լճի խնդրին՝ վերատպվել ԱՆ նախարարի և նախարարության հայտարարությունները, Գեղարքունիքի մարզպետի ջուրը մտելու ակցիան, ջրի փորձաքննության արդյունքները։ 

Հայաստանին առնչվող մեկ այլ թեմա էր խոլերայի ռիսկը ՝ չտեղափոխվող աղբի պատճառով․ լուրը հիմնված է մեկ մարդու կարծիքի վրա։ 

Միջազգային լուրերը աշխարհի տարբեր ծայրերից են, նույնքան էլ բազմազան թեմաներով՝ էբոլա համաճարակից մինչև «կոտրված սրտի» օնկոլոգիական հետևանքները։ Դրանք թարգմանություններ են, որոնցից և ոչ մեկի դեպքում հղում չի տրվում համապատասխան հրապարակմանը, փոխարենը միայն նշվում է սկզբնաղբյուր կայքի հասցեն։

Լուսանկարները հիմնականում պատահական ընտրության են։

Նյութերի աղբյուրները՝

  • Lenta.ru
  • Metro
  • Naked Science
  • Associated Press
  • Пишет Омск
  • Runner's World
  • Journal of the American Heart Association

Նյութերը հրապարակվում են առանց բովանդակությունը ստուգելու։ Ավելին, դրանք հաճախ հիմնված են լինում նման անորոշ աղբյուրի վրա՝ «Ամերիկյան կարդիոլոգները պարզել են», «Դիետոլոգները կարծում են», «Ռուսաստանցի մի խումբ գիտնականներ ուսումնասիրել են»։

1in.am-ի լրահոսում օրական առողջապահական 7-8 լուր է հրապարակվում։ Նյութերը հայտնվում են «ժամանց», «իրադարձություն», ըստ լուրի տարածաշրջանի՝ «Հայաստան», «Եվրոպա», «ԱՄՆ» և այլն խորագրերի տակ։

Մեկ շաբաթվա կտրվածքով հրապարակվել է առողջապահությանն առնչվող 47  նյութ։ Ի դեպ, քաղցկեղը կարծես 1in․am-ի սիրելի թեմաներից է․

Տեղական լուրերից շաբաթվա քննարկվող թեմաներից էր Սևանա լճի վիճակը, նրանք վերատպեցին ԱՆ նախարարի, Գեղարքունիքի մարզպետի ֆեյսբուքյան գրառումները։ Մի քանի վերատպում էլ վերաբերում էր ԱՆ նախարարին, թե նրա ցանկությամբ գործից ազատվել է նախարարության բարձրաստիճան պաշտոնյա կամ որ վերջերս հաստատած սերտ հարաբերությունն է նաև նպաստել  բժշկագիտական կենտրոնը Սամվել Ալեքսանյանին հանձնելու մտադրության վրա։

Եվս մեկ չստուգված վերատպում էլ արվել է «Ժողովուրդ» թերթից, թե «օրեր առաջ Վարդենիսում իր հարազատի դիակին դիահերձել են և ներքին օրգանները տվել մահացածի հարազատին»: Մեջբերված հատվածից ի վերջո պարզ չի լինում, նման դեպք եղել է, թե՝ ոչ, եթե եղել է՝ վերջերս ասվածը երբ է։

Միջազգային լուրերը թարգմանություններ են՝ տարբեր աղբյուրներից վերցրած։ Կայքը կրկնում է լուրի սկզբնաղբյուրի անորոշ ձևակերպումները՝ բրիտանացի բժիշկներ, ամերիկացի գիտնականներ։ 

Նյութի աղբյուրները՝

  • Daily Mail
  • ՏԱՍՍ
  • MedicalXpress
  • Metro
  • Հրապարակ թերթ
  • FoxNews
  • Shamshyan.com
  • «Ժողովուրդ» թերթ
  • MedikForum
  • և այլն

Կայքը վերատպում է՝ արտառոցը, տարօրինակը։ Նաև առանց աղբյուրին հղում տալու գրում են, թե ԱՄՆ-ում ոստիկանությունը կոչ է արել թմրանյութերը չոչնչացնել զուգարանակոնքում՝ «հանուն կոկորդիլոսների»։ Ավելին, պարզվում է, որ ուղերձը հրապարակվել է «հերթական ձերբակալության ժամանակ»։

News.am-ի հայերեն էջում խորագրերը անգլերեն են։ Medicine բաժնում են հավաքվում առողջապահական նյութերը՝ օրական 13-14 հրապարակում։ 

1 շաբաթվա ընթացքում հրապարակված 80 նյութից միայն 14-ն է Հայաստանին վերաբերում, մնացածը աշխարհի տարբեր կետերից է․

Լուսանկարները երբեմն շատ ընդհանուր են, քիչ դեպքերում՝ կոնկրետ։

Հայաստանին առնչվող նյութերում պատմում են որևէ հիվանդանոցի նոր ծառայությունների, նոր սարքավորման մասին։ Մամուլի ասուլիսները առիթ են պատրաստելու նյութեր, թե որ հիվանդություններ են սրվում ամռանը կամ ինչպես պետք է ճիշտ սնվել շոգ եղանակին։ Այս շաբաթվա ընթացքում նրանք առջողապահական տեսանկյունից Սևանի խնդիրը լուսաբանել են միայն մեկ անգամ՝ արտատպելով նախարարի գրառումը։

Միջազգային լուրերը թարգմանություններ են, որտեղ սկզբնաղբյուր կայքերը բովանդակային հղում են տալիս ուսումնասիրությունների, հետազոտությունների։ Սակայն հաճախ բրիտանացի, ամերիկացի գիտնականների ուսումնասիրության ժամկետները մնում են նույնքան անորոշ։ Որոշ դեպքում էլ գործ ունենք ընդհանրական աղբյուրների հետ, երբ հղում է տրվում «արտասահմանյան ԶԼՄ-ներ»-ին կամ «ըստ վիճակագրության», որի հեղինակը կամ ծագումը մնում է անորոշ։

Նյութերի աղբյուրները՝

  • The Daily Mail
  • Medical Express/MedicalXpress
  • Metro
  • JAMA Network Open
  • The Lancet Diabetes & Endocrinology
  • Menopause
  • Neurology
  • Եւ այլն

Աղբյուրները մասնագիտական հարթակներ չեն, դրանք հիմանկանում ինչ-որ շոկային լուրեր են պատմում։ Բացառված չեն նաև նման ոչ համընկնումները, երբ վերնագրում ասվում է գազավորված, իսկ նյութում պարզվում է, որ ինդոնեզացի շինարարները մահացել են չափից ավելի շատ էներգետիկ ըմպելիք խմելու հետևանքով։

Ինչպե՞ս առողջ կողմնորոշվել

Լրագրողների համաշխարհային ցանցում՝ ijnet.org-ում հունիսին լույս տեսած հոդվածում հեղինակը առողջապահության ոլորտը լուսաբանելը նմանեցում է ականապատ դաշտում մատների ծայրերի վրա զգույշ քայլելու հետ, քանի որ  այստեղ շատ հակասական ինֆորմացիա կա։ Նա լրագրողներին առաջարկում գիտական հոդվածների հեղինակ Ռեջինա Նուզոյի (Regina Nuzzo) ուղեցույցը, պարտադիր հարցեր նյութը պատրաստելու ընթացքում ինքն իրեն տալու համար.

  • Ինչպե՞ս է այս ուսումնասիրությունը տեղավորվում մեծ պատկերում։
  • Ինչպե՞ս է այն համեմատվում նույն թեմայով այլ ուսումնասիրությունների հետ։
  • Այն իսկապե՞ս նոր է։
  • Ո՞վ է հովանավորել ուսումնասիրությունը։
  • Ի՞նչ նոր բան է ավելացնում նախորդ ուսումնասիրություններին։
  • Աշխատության կլինիկական նշանակությունը, եթե այդպիսին կա։ 
  • Ինչպե՞ս այն կփոխի բժշկի պրակտիկան կամ ընթերցողի վարքի վրա ինչպե՞ս կազդի։
  • Ուսումնասիրության արդյունքները կարևո՞ր են ընթերցողի համար հիմա, եթե այո՝ ինչպե՞ս։

Ռեջինա Նուզոն հիշեցնում է, որ ուսումնասիրությունները հաճախ պարունակում են ապատեղեկատվություն, և դիմում որոշ մանիպուլյացիաների՝ արդյունքը առավել էական ցույց տալու համար։ 

«Բոլոր հետազոտողները պետք է հիմնավորեն իրենց պնդումները տվյալներով, հատկապես նրանք, որոնք անում են արտասովոր պնդումներ։ Լրագրողներն էլ պետք է լինեն կասկածամիտ», - ասում է նա։

Մենք ավելացնում ենք, որ քննադատ պետք է լինեն նաև ընթերցողները՝ լուրը կարդալիս ու տարածելիս։

Արշալույս Բարսեղյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?