Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի. Երևան-Օֆշոր

24.05.2017, Քննադատ

Գրող, կինոդրամատուրգ:

«Մեդիամարտը» խաղ է, որ ստեղծվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) կողմից, լրագրությամբ հետաքրքրվողների համար։ Անկախ Հայաստանի մեդիան ավելի քան քառորդ դարի պատմություն ունի, բայց կոռուպցիայի դեմ ԶԼՄ-ների պայքարը դեռևս խաղի է նման, արդյունավետության տեսանկյունից։

3. «Երևան-Օֆշոր»

Մայիսի 18-ին նոր Ազգային ժողովը սկսեց աշխատանքը։ Նորընտիր պատգամավորներից մեկը Միհրան Պողոսյանն է, իշխող կուսակցության` ՀՀԿ անդամ։

Ընդամենը մեկ տարի առաջ Պողոսյանի անունը հայտնվեց համաշխարհային կոռուպցիոն սկանդալի նյութերում։

Հայկական «Հետք» կայքի լրագրողները, համագործակցելով Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հետ, ուսումնասիրեցին Բրիտանական Վիրջինյան, Սեյշելյան, Բահամյան կղզիներում, Նևադայում, Մալթայում, Նոր Զելանդիայում, Կիպրոսում, Պանամայում և այլուր գրանցված միլիոնավոր ընկերությունների փաստաթղթեր և պարզեցին, որ Միհրան Պողոսյանը «օֆշորային գոտիներում… գրանցած ընկերությունների միջոցով բիզնես է անում, իր պաշտոնն օգտագործում է սեփական բիզնեսի զարգացման համար և թաքցնում է եկամուտները»։  

Շատ չանցած Միհրան Պողոսյանը, որը զբաղեցնում էր ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, հրաժարական տվեց` պարզաբանելով իր քայլը «Պանամական թղթերի» սկանդալում... Ադրբեջանի նախագահի Ալիևի ներգրավվածությամբ։ Այսինքն, բարձրաստիճան պաշտոնյան չզղջաց, որ ՀՀ համեստ պետական բյուջեն զրկել է մեծ գումարներից և զբաղվել է գործունեությամբ, որը չի թույլատրվում օրենքով, այլ վատ զգաց իրեն, որ մեղադրվում է նույն հանցագործության համար, ինչ Ադրբեջանի ղեկավարը:

Այնուհետև ԴԱՀԿԾ նախկին պետը հայտարարեց, որ մտադիր է պատգամավոր դառնալ։ «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, ելնելով հայ հետաքննող լրագրողների դառը փորձից, նույնիսկ չկասկածեց, որ Միհրան Պողոսյանը կհասնի իր նպատակին։

Պողոսյանը ոչ միայն դարձավ պատգամավոր, այլև վարկանիշային քվեարկությամբ ստացավ հազարավոր ձայներ։ Ինչ դեր էլ այստեղ ունենային ընտրակաշառքը, վարչական ճնշումները, նրա ստացած շուրջ 20.000 ձայնը նշանակում է, որ հայ ընտրողը կա´մ դեռևս չի գիտակցում, թե ինչ վնաս է տալիս կոռուպցիան երկրի բնականոն զարգացմանը, կա´մ բավականաչափ իրազեկ չի եղել օֆշորային սկանդալից։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը հաստատում է. «Մեր ազգի մեջ շատ խորն է կոռուպցիայի հանդեպ հանդուրժողականությունը»:

Իրազեկության մակարդակի բարձրացմանն էլ խանգարում է այն, որ կոռուպցիան քիչ է լուսաբանվում ամենազանգվածային լրատվամիջոցի՝ հեռուստատեսության կողմից, մինչդեռ թերթերը, առցանց մեդիան, ասենք, Միհրան Պողոսյանին անդրադարձել էին նաև օֆշորային սկանդալից առաջ։

Ըստ հայկական Վիքիպեդիայի, առավելապես «որպես Քեթրինի Միհրան» հայտնի Պողոսյանին ծավալուն հոդված է նվիրել «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։ «Քեթրինի Միհրանը Քեթրինի Միհրանից չինական ավտոմեքենաներ է գնել. Կեցցեն Քեթրինի Միհրանի քեռիները» (12.09.2013) վերնագրով նյութի հեղինակ Գոհար Վեզիրյանի կարծիքով. «ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը` Քեթրինի Միհրանը, այն եզակի պաշտոնյաներից է, որին հավասարապես չեն սիրում և՛ ընդդիմադիրները, և՛ իշխանությունները։ Պարզապես Միհրան Պողոսյանը կարողանում է մնալ ջրի երեսին այն պարզ պատճառով, որ բիզնեսով է կապված իշխանական կլանին, այսինքն` հանրապետությունը մենաշնորհած մի քանի ընտանիքի համար կարողանում է «աշխատել»` կատարելագործելով ատկատի մեխանիզմները»։

Թերթերն ու առցանց մեդիան վերջին ամիսներին շատ գրեցին նաև Միհրան Պողոսյանի բիզնես ճյուղերից մեկի՝ բանանի ներկրման մասին, որն ունի մենաշնորհային բնույթ: Երևույթ, որը, ըստ փորձագետների, կործանում է Հայաստանի տնտեսությունը։

Երբ նոր վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց մենաշնորհների դեմ պայքարի մասին, բանանի ներկրումը դարձավ այդ ռազմավարության փորձաքարը։ Ըստ «Առավոտի» «Ովքե՞ր են խոչընդոտում բանանի ներկրմանը» (31.10.2016) հրապարակման, ընդամենը մեկ բեռնատար բանան ներմուծած գործարարը սպառնալիք է ստացել անձամբ Միհրան Պողոսյանից` արդարադատության գեներալ-մայորից. «Ներկրողի այն պնդմանը, որ բանան ներմուծել է՝ հաշվի առնելով վարչապետի հայտնի հայտարարությունը՝ «յուրաքանչյուր ոք կարող է ներկրել», Պողոսյանը ասել է, որ «հեքիաթների չհավատա»:

Ավելի ուշ «Ժողովուրդ» թերթը  տեղեկացրեց, թե, ըստ Միհրան Պողոսյանի, այդ «քաղաքացին հերքում է տվել» («Եթե չես ուզում ինձ հետ խնդիրներ ունենալ, բանանը չպիտի շուկա մտնի. ինքնարժեքով կվաճառես ինձ. զանգ ԴԱՀԿ նախկին պետից», 21.12.2016)։

Դժվար է ասել, հավատացի՞ն արդյոք ՀՀ քաղաքացիները, որ գործարարի հերքումը կամավոր է եղել. մենաշնորհների տերերը ի վիճակի են նման հերքումներ պարտադրել` սերտաճած լինելով իրավապահ համակարգի և իշխանության ամենավերին օղակների հետ կամ իրենք լինելով բարձրաստիճան պաշտոնյա, ինչպես Միհրան Պողոսյանի դեպքում էր։ Թերևս ավելի կարևոր է, որ մեդիան պարզի. այս ամբողջ աղմուկից հետո արդարադատության գեներալ-մայորն ի վերջո կատարե՞ց իր հարկային պարտավորությունները, ինչպես պահանջում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածը։ Թե՞ հույս ունի, որ գործը կամաց-կամաց կմոռացվի, մանավանդ որ «քցվածն» այստեղ «ընդամենը» պետությունն է, և ոչ որոշակի անձ, ինչպես Տիգրան Սարգսյան-Կճոյան սրբազան-Փայլակ Հայրապետյան պատմության մեջ։

Հոդվածաշարի սկիզբը՝ այստեղ

Վահրամ Մարտիրոսյան

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» մեդիա-թանգարան նախագծի ղեկավար

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?