2016.05.25,

Ստուգված է

Ընդդեմ ռուսական պրոպագանդայի՝ փաստերի ստուգմամբ

Շաբաթը բացվելուն պես արևմտյան լրատվամիջոցները պատմեցին Ֆրանսիական «Կանալ+» հեռուստակայանի Le Petit Journal  ժամանցային-լրատվական հեռուստաշոուի վերջին թողարկման մասին, որում բացահայտվում է, թե «Россия 1» հեռուստակայանի «Вести недели» հաղորդման մայիսի 15-ի սյուժեներից մեկում ինչպես է թարգմանաբար աղավաղվում ֆրանսիացի պատահական անցորդների խոսքը, և ինչպես է հեռուստավար Դմիտրի Կիսելյովը դա մոդեռացնում որպես Ֆրանսիայում Եվրոպայի հանդեպ թերահավատության ( եվրոսկեպտիցիզմի) աճ:

Le Petit Journal-ի լրագրողները նախ ռուսերենից վերաթարգմանել էին «Вести недели»-ի թղթակից Անտոն Լյադովի զրուցակիցների խոսքը, ապա Ֆրանսիայում գտել այդ մարդկանց և հարցրել՝ դուք հարցազրույցում այսպե՞ս եք ասել: Տեսագրված զրույցներում բոլորը կամ հրաժարվում են, թե նման բան են ասել, կամ համատեքստից կտրված են անվանում իրենցից  մեջբերումը:

Նրանք հիմնականում պնդում են՝ քանի որ ցույցը աշխատանքային նոր օրենքի դեմ բողոքի առիթով էր հրավիրված, իրենք դրա մասին էլ հենց խոսել են ռուսաստանյան ալիքի լրագրողի հետ, բայց «եվրոսկեպտիկ» որևէ բան կամ ներգաղթյալների դեմ «ռասիստական» ոչինչ չեն ասել. կենսաթոշակառու Նիկոլ Բերն է կարծում, որ  իրեն «ռասսիստ» են դարձրել ռուսական սյուժեում:

Le Petit հանդեսը պնդում է, որ իրենց բացահայտումից հետո ռուսական հեռուստակայանն ինտերնետային իր էջից ամբողջովին հանել է իր տվյալ նյութը, ապա տեղադրել՝ ուղղումներով:

Այն, որ իրոք փոփոխված նյութ է վերատեղադրված, կարելի է դատել նաև նրանից, որ մոտ 12 րոպեանոց ռեպորտաժում հիմա մոտ 6 րոպե դրված է նույն կենսաթոշակառու Նիկոլ Բերնի խոսքը, թերևս՝ առանց խմբագրման ( 4:45-10:40): Ոչ մի ռեպորտաժում նման մեծ կտոր, այն էլ՝ պատահական անցորդի հետ զրույցի, սովորաբար չի դրվում:

Ակնհայտ է, որ ռուսական թիմը ցանկություն ունի «ապացուցելու», որ մի քանի զրուցակիցների միջից գոնե այդ կինն, ամեն դեպքում, խոսել է գաղթականների մասին, և իրոք, ոչ էլ «խանդավառ է» իր թաղամասում ներգաղթյալների գոյությամբ:

Բայց այս ամենի մեջ հիմա էլ դուրս է ցցվել ոչ լրագրողական, քարոզչական մի գործիք, որը վառ օրինակ է՝ ուսանողներին բացատրելու, թե ինչպես չպետք է անցկացնել հարցումներ. ահավասիկ հարցում անցկացնող լրագրող Անտոն Լյադովի՝ թեմա փոխող և ուղղորդող հարցերը՝ մզկիթներ շա՞տ կան ( 8:10 ), ներգաղթյալներ շա՞տ կան ձեր թաղամասում ( 8:42), այդ մարդկանց պատճառով դուք հարկեր ու կրեդիտներ եք վճարում, չէ՞( 10:28):

Թվում են՝ փաստ ճշտո՞ղ հարցեր: Առաջին երկուսը՝ գուցե, բայց միայն այն դեպքում, եթե զրուցակցիդ անկեղծորեն ասել ես, թե ինչ թեմայի շրջանակում ես ներկայացնելու նրա խոսքը, և այն դեպքում, երբ ռեպորտաժ պատրաստելուդ նպատակը իրականության վերհանումն է և ոչ թե քարոզչական պատերազմը: Սակայն երրորդ հարցը՝ հարկերն ու կրեդիտները հիշեցնելով բողոք կորզել՝ սադրիչ է:

Այն, ինչ արել են ֆրանսիացի լրագրողները, տեղավորվում է մասնագիտական չափանիշների մեջ՝ փաստերի ստուգում, իսկ այն, ինչ նրանք պարզել են ռուսաստանցի լրագրողների մասին, արգելված զենքի գործածումն է՝ փաստերի խեղաթյուրում:  

Ռուզան Խաչատրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *