Հետաքննական լրագրության ամառային դպրոց

20.06.2018, Հայտարարություն

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հուլիսի 7-16-ը կազմակերպում է  Հետաքննական լրագրության ամառային դպրոց, որին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի և օնլայն լրատվամիջոցների լրագրողներ։  

Դպրոցը կվարի ամերիկացի լրագրող, Բոստոնի WBUR.FM  հանրային ռադիոկայանի ավագ թղթակից, բազմաթիվ լրագրողական մրցանակների դափնեկիր Բրյուս Գելերմանը: Դպրոցի աշխատանքներին ներգրավված կլինեն նաև տեղացի մասնագետներ՝ Հետք-ից և ՄՆԿ-ից։  

Մասնակիցները

  • կուսումնասիրեն հետաքննություններ վարելու գործընթացը՝ սկսած թեմայի նախնական հետազոտությունից, աղբյուրների հետ աշխատանքից մինչև վարկածների ստուգում, փաստերի համադրում, հրապարակման ձևաչափերի որոշում,
  • կծանոթանան ժանրի առանձնահատկություններին, դժվարություններին,
  • կքննարկեն լրագրողական էթիկային, անվտանգությանն առնչվող հարցեր,
  • կվերլուծեն տարբեր թեմաներով և ձևաչափերով հետաքննությունների  օրինակներ,
  • կաշխատեն կոնկրետ հետաքննությունների վրա և մինչև դասընթացի ավարտը կպատրաստեն դրանք հրապարակման:

Եթե ունեք հետաքննության արժանի թեմաներ, գաղափարներ և ցանկություն դրանք իրականացնելու, ապա այս հնարավորությունը ձեզ համար է:

ՄՆԿ-ի ամառային դպրոցում ընդգրկվելու են 12 լրագրող՝ Երևանից և մարզերից։

Մասնակիցներն ընտրվելու են մրցութային կարգով: Նախապատվությունը տրվելու է այն դիմորդներին, ովքեր՝

  • ներկայացրել են լրագրողական հետաքննությունների ուշագրավ գաղափարներ առաջարկված թեմաների շրջանակում,
  • ունեն առնվազն 2 տարվա լրագրողական աշխատանքի փորձ:

Դպրոցի ավարտից հետո մասնակիցների համար կհայտարարվի դրամաշնորհային մրցույթ՝ լրագրողական հետաքննություն կատարելու և հրապարակելու համար։ Հաղթողները կստանան ֆինանսական աջակցություն: Դրամաշնորհներին վերաբերող մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։

Հուլիսի 7-11-ը դասերն անցկացվելու են Երևանից դուրս (անցկացման վայրի մասին մանրամասները կտրամադրվեն ավելի ուշ), իսկ հուլիսի 12-16-ը` դասընթացի գործնական մասը, կանցկացվի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում (հասցեն՝ Արշակունյաց 3, վերջին հարկ):

Մասնակցությունը դասընթացին անվճար է: Անգլերենից հայերեն թարգմանությունը կապահովվի։  Մարզերից մասնակիցների տրանսպորտի ու կեցության ծախսերը կփոխհատուցվեն:

Մասնակցության հայտերը կարելի է լրացնել հետևյալ հղումով։ Դիմելու վերջնաժամկետը 2018թ-ի հուլիսի 2-ն է:  

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մանե Գրիգորյանին [email protected] էլ.փոստի հասցեով կամ 010 583620 (131) հեռախոսահամարով։​

Հետաքննական լրագրության ամառային դպրոցը  անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:

Բրյուս Գելերմանի մասին

Բրյուս Գելերմանը WBUR ռադիոկայանի ավագ թղթակիցն  է։ Նա հիմնադրել և երկար տարիներ վարել է NPR-ով հեռարձակվող լրատվական ”Here and Now” ծրագիրը, համահեղինակել և վարել է Public Radio International-ով հեռարձակվող բնապահպանական «Living on Earth» ծրագիրը։

Մինչ Բոստոն տեղափոխվելը Բրյուսը Վաշինգտոնի ավագ թղթակից էր հետաքննող լրագրության կենտրոնում և գիտական ոլորտի  լրագրող՝ NPR-DC-ում։ Նա գրել է The New York Times, The Boston Globe և Science Magazine ամսագրերի համար։ Որպես պրոդյուսեր աշխատել է CBS-News-ի «60 Minutes» հեռուստատեսային հետաքննություններում և WCVB ամսագրի  «Chronicle» ծրագրում։

Բրյուսը Գելերմանը ավելի քան 50 լրագրողական մրցանակ է ստացել, այդ թվում՝ The Sigma Delta Chi պրոֆեսիոնալ լրագրության մրցանակը, The Edward R Murrow մրցանակը, երեք անգամ ստացել է The AAAS մրցանակը գիտական լրագրության համար։ Նա մասնագիտացած է հետաքննական, տնտեսական և  գիտական լրագրության մեջ։

Նրա լրագրողական աշխատանքները  մեծ արձագանք և ազդեցություն են ունեցել։ Օրինակ՝  ԱՄՆ Ազգային Առողջության Ինստիտուտում վերանայվել է կենդանիների  գենետիկական լաբորատոր փորձարկման ծրագիրը, իսկ «New England» բանկի  վարկային խաբեությունների բացահայտումից հետո 8 միլիարդ դոլարի չափով ֆոնդ է ստեղծվել՝ խաբեության զոհ դարձած փոքրամասնությունների համայնքներին ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրելու համար։

Իր լրագրողական գործունեության ամենահիշարժան աշխատանքը Գելերմանը համարում է  «Reasonable Doubts» շարքը։ Նրա այս հետաքննությունից հետո ազատ արձակվեց  32 տարի բանտում անցկացրած Դարրել Ջոնսը։ Վերջինին դատապարտել էին սպանության համար։ Բրյուսի հետաքննությունը տևեց 2 տարի, որի արդյունքում ստեղծվեց 5 մասերից բաղկացած «Reasonable Doubts» շարքը։ Նրա հաղորդումը օգտագործվեց դատարանում և բանտարկվածը, որը երբեք չէր ընդունել  իր մեղավորությունը վերջապես ազատ արձակվեց։

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?