Ատելության խոսքը հայաստանյան մեդիայում․ մշտադիտարկում

13.08.2019, Նյուսրում

Լրագրող

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ներկայացրել է ատելության և վտանգավոր խոսքի դրսևորումների պիլոտային մշտադիտարկման արդյունքները։

Կազմակերպությունը ներկայացրել է հայաստանյան մեդիայում ատելության խոսքի դրսևորումները, ձևերը, տարածման հիմնական եղանակներն ու  թիրախ հանդիսացող անձանց խմբերը։ 

Մշտադիտարկումն իրականացվել է 2018 թ. հուլիսից մինչև 2019թ․ հունիսը։ 

Դիտարկվել են մեծ թվով լրատվամիջոցներ՝ «168 ժամ» թերթի կայքը, «Ազգ» օրաթերթի ինտերնետային տարբերակը,  «Իրավունք», «Հայոց աշխարհ», «Հրապարակ» թերթերի կայքերն ու News.am-ը (2018 թ․ հունիս-դեկտեմբեր ամիսներին դիտարկված «Հայոց աշխարհ» օրաթերթը դադարեցրել է հրապարակումները, որի փոխարեն մշտադիտարկման համար ընտրվել է News.am լրատվական կայքը՝ հաշվի առնելով նրա ընթերցողների մեծ շրջանակը),  ATV («Այսօր», «Կիսաբաց լուսամուտներ»), «Երկիր մեդիա» («Երկրի հարցը», «Երկիրն այսօր», «Դարաշրջան», «Հայկական հետք», «Հրատապ խնդիրներ. լուծման ուղիներ»), Հ1 («Ինդեքս», «Լուրեր», «Խաղի կանոններ»), «Կենտրոն» («Հայկական ուրբաթ», «Անցուդարձ», «Էպիկենտրոն», «Ուրվագիծ»), «Շողակաթ»  («Տարբերակ», «Օր 6-րդ», «Հարցեր քահանային», «3-րդ հազարամյակ», «Լրահոս») հեռուստաալիքների հաղորդումները։ 

Լրատվամիջոցներին ընտրելիս հաշվի են առնվել ընթերցողների կամ հեռուստադիտողների  շրջանում նրանց տարածվածությունը, ինչպես նաև նախնական դիտարկման արդյունքում ատելության խոսքի դրսևորման դեպքերի արձանագրումը։ 

Հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռաֆայել Իշխանյանի խոսքով՝ դիտարկված  խոսքի դրսևորումները գնահատվել են ԵԽ Նախարարների կոմիտեի թիվ R (97) 20 հանձնարարականի ատելության խոսքի ձևակերպումների  համատեքստում։  

Արձանագրված դեպքերը բաժանվել են երկու տեսակի՝ «ատելության խոսք» և «վտանգավոր խոսք»:

Դիտարկման արդյունքները ցույց են տվել, որ ատելության և վտանգավոր խոսքի արձանագրված դեպքերը  հիմնականում պայմանավորված են եղել թիրախավորված անձանց կրոնական հայացքներով, սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ։ 

Ատելության և վտանգավոր խոսքի դրսևորումների քանակը կտրուկ աճել է 2019թ․ ապրիլին։  

Դիտարկումը պարզել է, որ թերթերից ամենաշատը ատելության և վտանգավոր խոսք է տարածել «Իրավունքը»՝ թե հեղինակային/խմբագրական խոսքում, թե մեջբերմամբ։ Ըստ հետազոտության հեռուստաալիքներից ատելության և վտանգավոր խոսք տարածելու տեսակետից առաջատարը «Կենտրոն»-ն է։ 

Մշտադիտարկման հավելվածում ներկայացված են դիտարկված ատելության խոսքի օրինակներ։

Տպագիր և առցանց մամուլը ներկայացված է առանձին։

Հեռուստատեսությունը՝ առանձին։

 

Ռաֆայել Իշխանյանի խոսքով, մշտադիտարկումը շարունակվելու է։ Կազմակերպությունում նախատեսում են հետագայում արդյունքները հրապարակել եռամսյա կտրվածքով և տարեկան ընդհանուր ամփոփումներով։  Ընդլայնվելու է նաև դիտարկվող լրատվամիջոցների շրջանակը։ 

Կոմիտեն ՀՀ-ում գործող լրատվամիջոցներին առաջարկում է ստորագրել «Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների  կանոնագիրը»  կամ  սեփական  էթիկայի կանոններում  ներառել ատելության խոսքի և դրա տարածման արգելքը։ 

Ազգային ժողովին էլ պատգամավորների, ինչպես նաև հանրային ծառայողների և բարձրաստիճան    պաշտոնատար    անձանց    էթիկայի    կանոններում ներառել ատելության խոսքի արգելքը՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ R (97) 20 Հանձնարարականի առաջին սկզբունքին համապատասխան։

Անահիտ Դանիելյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?