Ինչ է լինում, երբ ուզում ես «օդից փող» ունենալ

04.04.2018, Նյուսրում

Լրագրող

«Օդից փողը» 2 ժամ տևողությամբ  հաղորդում է, որին կարող է մասնակցել ցանկացած հեռուստադիտող՝ գումար վաստակել կամ կորցնել:

Հ2 հեռուստաալիքով հեռարձակվող խաղի ընթացքում հաղորդավարը հնչեցնում է հիմնականում պարզ հարցեր (հարցի օրինակ՝ ի՞նչ են գործում բրդյա թելից, պատասխան՝ գորգ), որոնց պատասխանելու համար հեռուստադիտողը զանգահարում է էկրանին նշված հեռախոսահամարով՝ զանգի մեկ րոպեի համար վճարելով 540 դրամ:

Գումարը հաշվարկվում է զանգը կատարելու պահից: Ուղիղ եթերում համակարգիչը պատահականության սկզբունքով ընտրում է զանգահարողներից մեկին, որը հնարավորություն է ստանում պատասխանելու հաղորդավարի հարցին:

«Օդից փող»-ի տուժածը

Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչ Գայանե Գալոյանը զարմանալով, կասկածելով, ապա համարձակվելով զանգահարել է, որպեսզի պատասխանի հաղորդավարի պարզ հարցին, սակայն ոչ միայն չի կարողացել կապ հաստատել հաղորդավարի հետ, այլև բավականին մեծ գումար է կորցրել:

Նա համարում է, որ «Օդից փողն» իրեն ծուղակն է գցել և որոշել է բողոքել ոստիկանություն, օմբուդսմենի գրասենյակ, հետո էլ՝ դատախազություն: Նրա բողոքն այժմ քննության փուլում է:

«Ուզում եմ մարդկանց ուշադրությունը հրավիրել խնդրին, կոչ անել հեռու մնալ այդ թալանից, չհավատալ խաղի կազմակերպիչների արդարացումներին, իբր իրենք օրենք չեն խախտում»,- ասում է Գայանեն:

Նա կասկածելի է համարում բջջային օպերատորների գործելաոճը: Բանակում ծառայող որդուն զանգահարելու համար նա գնել է քարտ՝ 6200 դրամ գումարով, որից 3000 դրամը նախատեսված է եղել հեռախոսային զանգերի համար:

«Օդից փող» հաղորդմանը զանգահարելու ընթացքում 3000 դրամը լրանալուց հետո Գայանեի զանգը չի ընդհատվել, սակայն նախկինում՝ որդու հետ խոսելու ժամանակ, մի քանի անգամ 3000-ի շեմն անցնելուց հետո զանգն ընդհատվել է:

Դեպքը տեղի է ունեցել 2017թ-ի հոկտեմբերին, Գայանեն 17 200 դրամի վնաս է կրել «օդից փող» շահելու համար: Որոշել է չվճարել…

Արդյունքում գումարվել են տույժեր և բջջային օպերատորին պարտքն այժմ կազմում է մոտ 60 հազար դրամ: Հեռախոսահամարն անջատված է:

«Ընտանիքի պաշտպանություն» հասարակական կազմակերպությունն ակտիվորեն զբաղվում է «Օդից փող» հեռուստախաղի արդյունքում տուժողների իրավունքների պաշտպանության հարցերով՝ դիմում իրավապահ մարմիններին, խորհրդատվություն տրամադրում և այլն:

ՀԿ-ին գրավոր դիմել են տասնյակ հեռուստադիտողներ՝ պնդելով, որ հեռուստախաղը պարզունակ հարցերով մոլորության մեջ է գցում մարդկանց: Նրանք, ովքեր պատրաստ են պատասխանել եթերից հնչեցված հարցին, զանգում են՝ հուսալով միանալ հաղորդավարին, սակայն մնում են սպասման ռեժիմում: Բազմաթիվ զանգերից հաղորդավարը պատասխանում է միայն մեկին:

Սպասման ռեժիմում մնացած հեռուստադիտողները տուժում են, իրենց բնորոշմամբ, դառնում խաբեության զոհ, քանի որ զանգի պահից սկսում են գումարներ կորցնել՝ երբեմն մինչև հարյուր հազար դրամ և ավելի:

Հաջողակ շահողներն էլ են գումար կորցնում, օրինակ, մասնակիցը կարող է 20 հազար շահել, սակայն սպասման րոպեների համար վճարել 5000 դրամ:

ՀԿ-ի նախագահ Արմեն Եփրեմյանն ասում է, որ իրենց կազմակերպություն բողոքով դիմել է անգամ շահած քաղաքացի, որին, մեղմ ասած, դուրս են հրավիրել հեռուստաընկերության շենքից՝ չվճարելով շահումը:

«Քաղաքացին խնդրել է գոնե հանել րոպեավճարները, սակայն ապարդյուն: Նման մի շարք գրավոր բողոքների հիման վրա դիմել ենք Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով, քանի որ իրավական բացթողումներ ենք նկատել օրենքում»,- ասում է ՀԿ-ի նախագահը։

Խնդրով զբաղվել է օմբուդսմենի գրասենյակը, բողոքների հիման վրա առաջարկել է փոփոխություններ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում, քանի որ շահումով խաղերի հեռարձակումը հեռուստատեսությամբ և ռադիոյով իրավական առումով չի կարգավորվում, ինչն էլ գործնականում դառնում է իրավունքների խախտման պատճառ։

Գրությունն անարձագանք է մնացել, որից հետո ՀԿ-ն տուժած քաղաքացիներին խորհուրդ է տվել դիմել իրավապահ մարմիններին:

Գլխավոր դատախազությունը Գայանե Գալոյանի դիմումն ուղարկել է Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազին:

«Օդից փող»-ի դեմ ևս մեկ գործով այժմ նյութեր են նախապատրաստվում ոստիկանության Մաշտոցի բաժնում:

Կա՞ օրենքի խախտում

Տեղեկատվական իրավունքի փորձագետ Դավիթ Սանդուխչյանի կարծիքով՝ «Օդից փող» հաղորդումը կարելի է որակել որպես շահումով խաղ, քանի որ օրենքով «ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղ, որը որևէ կերպ ստեղծում է շահման հնարավորություն» համարվում է շահումով խաղ:

Նրա խոսքով, իրականում խաղին մասնակցելու հրավերը բավականին գրագետ է պատրաստված, հաշվի են առնվել գրեթե բոլոր հնարավոր ռիսկերը, իսկ որքանով են բարեխիղճ գործել կազմակերպիչները, կարող է գնահատել դատարանը, քանի որ խոսքը օրենքի մեկնաբանության մասին է։

«Կազմակերպիչները կոչում են իրենց հաղորդումը «վիկտորինա», սակայն այն պարունակում է նաև շահումով խաղի հատկանիշներ, քանի որ մասնակցելու իրավունքը տրվում է միայն գումարի դիմաց և պատահականությամբ ընտրելու սկզբունքով»,- մեկնաբանում է նա։

Սանդուխչյանը կասկածներ ունի նաև լիցենզավորման հետ կապված, սակայն Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է, որ խաղը չունի լիզենցիա, քանի որ այն վիկտորինա է:

«Վիկտորինան չի համարվում  «Շահումով խաղերի և խաղատների» մասին օրենքի կարգավորման առարկա, քանի որ կազմակերպվում է հեռուստատեսությամբ: Նաև վիճակախաղ չէ, քանի որ «Վիճակախաղերի մասին» օրենքով շահումները կախված են մասնակցի գործողություններից ու կամքից և պատահականության արդյունք չեն»,- հայտնում են նախարարությունից:

Ըստ Հայկական երկրորդ հեռուստաալիքի պարզաբանման, հաղորդումը հեռարձակելու առաջին իսկ եթերաշրջանից ապահովել են «իրազեկման և զգուշացումների այնպիսի քանակ, որը հնարավորինս կբացառի անուշադիր կամ անվճարունակ հեռուստադիտողներին զանգ կատարել»:

«Ինչպես ցանկացած խաղի պարագայում, երբ լինում են հաղթողներ, բնականաբար, լինում են նաև պարտվողներ և պարտությունից հիասթափված հեռուստադիտողներ, ինչը ևս համարում ենք բնական»,-ասում են հեռուստաընկերությունից՝  անդրադառնալով հաղորդման մասին հնչող քննադատություններին:

Գայանե Ասրյան

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?