Հալալն ու հարամը այլընտրանքային մամուլում. գութենբերգիզացիա

18.04.2011, Քննադատ

Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:

Երեկոյան այս հոդվածը գրեցի, ուղարկեցի Media.am-ի խմբագրություն, առավոտյան տեսա, որ Մեսրոպ Հարությունյանը հոդված է գրել` ի պատասխան իմ նախորդ նյութի, որը վերաբերում էր նախորդ հալալ/հարամ թեմային: Իրականում Մեսրոպը հիմնականում վիճում է ոչ թե իմ, այլ իրականության հետ: Դա փաստ է. այսօր մամուլը պետք է գիտակցի, որ այլընտրանքային լրագրողներն ավելի ռեալ են, քան ցանկալի է, հետո  համակերպվի նրանց գոյության հետ, հետո փորձի նույն դաշտում դերակատար լինել: Իսկ անգրագիտությունը, ցավոք, շուտվանից դարձել է մեր կյանքի մի մասը: Ժամանակին վանականները, եթե տեսնեին այսօրվա թերթերը, կբացականչեին`άπαγε: Բայց դե համակերպվեցինք մի կերպ: Հիմա էլ դիմավորեք` անգրագետ, բայց եռանդով լի բլոգերներն են մեյդան եկել: 

Բայց որ չստացվի, թե միայն գովում եմ այլընտրանքային եւ անգրագետ լրագրողներին, հիմա էլ խոսեմ թերություններից: 

Այլընտրանքային մեդիաները չքնաղ բան են: Նրանք նորագույն ժամանակներում տեղեկատվական դաշտի ազատականություն են բերել, հասարակ մարդկանց թույլ են տվել լրագրող դառնալ, շրջանցել գրաքննությունը, տապալել բռնապետներին, խթանել ավանդական մամուլի արդիականացումը եւ այլն, եւ այլն: Էլ չեմ ասում զուտ սուբյեկտիվ դրական պահերը, օրինակ` իմ անձնական ներգրավվածությունն այս ամենում:

Բայց չկա բարիք առանց չարիք: Բլոգերը, սոցիալական ցանցերը, հենց որպես այլընտրանքային լրատվամիջոցներ, իրենց մեջ նեգատիվի սերմեր են պարունակում: (Այստեղ խոսում ենք լուրջ բաների մասին, պարզ է, որ խոսքը չի գնում սոցիալական ցանցերում իրականացվող զավզակությունների կամ աղջիկ կպցնելու բուռն գործընթացների մասին: Դրանք բարուց և չարուց անդին չքննարկվող հարցեր են):

Ի՞նչ տվեցին մեզ այլընտրանքային մեդիաները բացի դրական բաներից: Ամենավատը` հավասարություն մտցրեցին այնտեղ, ուր պետք չէր: Այն է՝ բոլորին ամբիոն տվեցին. նույնիսկ այն մարդկանց, ովքեր չէին ուզում, նույնիսկ նրանց, որոնց դա արգելված է Տիեզերական Սահմանադրությամբ, որոնք զբաղված են, ժամանակ չունեն, բայց արդեն ստիպված են այդ ամբիոնից խոսել` իզուր չկորի բարիքը:

Եվ ի՞նչ ստացվեց: Համաշխարհային պատմության մեջ մենք հայտնվեցինք մի անզուգական ժամանակաշրջանում, երբ իրենց մտքերն են «թղթին» հանձնում եւ դրանցով կիսվում այն մարդիկ, ովքեր, եթե չլիներ համացանցը, երբեք չէին դիմի բանավոր խոսքը ֆիքսելուն եւ տարածելուն: Բոլորն սկսեցին գրել, խոսել, կիսվել: Գրավոր խոսքը սկսեց ենթարկվել սղաճի: Հետո սկսվեց հիպերինֆլյացիան: Ու դեմն առնել էլ չի ստացվի: Վերջ: Գրելու են ու կգրեն: Այլեւս չեն լռելու:

Վերջին տասը տարվա մեջ Երկրի երեսին ավելի շատ հիմարություն է գրվել, քան ընդհանրապես ողջ մարդկության պատմության ընթացքում՝ ներառյալ խելոք մտքերը, որոնք նախկինում քիչ չէին:

Անկման պատմական փուլերը

Իրականում այս ամենի սկիզբը դրեց ոմն Յոհան Գութենբերգը` հայտնագործելով տպագրական սարքը։ Գիրք գրելն ու տպելը դարձավ ամենահեշտ գործը: Եթե չլիներ Գութենբերգը, ինչպե՞ս կհայտնվեին կանացի վեպերը: Դժվար թե վանականներն ու մանրանկարիչներն աշխատեին Դոնցովայի հերթական գլուխգործոցի վրա, այն էլ մեծ տպաքանակով: Մեյդան եկավ Գութենբերգը եւ հոպլյա` Դոնցովան այլեւս չի գնա մեյդանից:

Հետո եկավ ռադիոն: Հետո ավելի վատ բան եղավ` եկավ հեռուստատեսությունը: Այս մասին երկար գրել պետք չէ, բոլորս էլ գիտակցում ենք հեռուստատեսության կարեւոր հատկանիշներից մեկը՝ այն հիմնականում մարդկային զարգացմանը հակառակ է:

Հետո եկան ինտերնետը, չաթը, ֆորումը, բլոգը, սոցիալական ցանցը: Եկան ու այլեւս չեն գնա, Դոնցովայից էլ անսասան ու հավերժական են:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?