Տեղեկությունների ստուգման ուղեցույցը՝ խմբագրությունների օգնական

02.04.2018, Նյուսրում

Լրագրող

Սկանդալային լուրերը, շոու բիզնեսի աստղերի մասին նորությունները միշտ հետաքրքիր են լրատվամիջոցներին: Սակայն այստեղ սխալվելու հավանականությունը մեծ է:

Օրինակ, իտալացի դերասանուհի Օրնելա Մուտիին 8 ամսվա ազատազրկման դատապարտելու մասին լուրը: Այն ակտիվորեն տարածում էին նաև հայկական լրատվական կայքերը: Լուրը հետաքրքրեց «Արմենիա» հեռուստաընկերության խմբագրակազմին: Հեռուստաընկերության լրատվական դեպարտամենտի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն պատմում է, որ լուրը գլխապտույտ արագությամբ ծրագիր մտցնելու փոխարեն  փորձեցին ճշտել սկզբնաղբյուրը:

Պարզվեց, որ Մուտին արդարադատության հետ խնդիրներ ունեցել է, բայց  տարիներ առաջ: Պարզապես հայկական կայքերն են որոշել հին լուրը նորից «պտտել»: «Բնականաբար, այդ «սկանդալային, աննախադեպ, ցնցող» լուրը եթեր չտվեցինք ու խուսափեցինք հիմար վիճակում հայտնվելու հեռանկարից»,- ասում է Գնել Նալբանդյանը:

Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ էթիկայի վարքականոնից բացի ունեն նաև տեղեկությունների ստուգման ուղեցույցներ, որոնք մշակել են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի՝ Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագրի շրջանակում։

«ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ում, օրինակ, մշակել են տվյալների ստուգման ուղեցույց, ինչպես նաև կազմակերպել են տեղեկատվության նախնական ստուգում ու ճշգրտում պահանջվող նյութերի քննարկումներ։

Այդ նպատակով աշխատանքային խումբ էր ստեղծվել, որի ղեկավարներից մեկն էլ Գնել Նալբանդյանն էր: Ըստ նրա, ծրագրի շրջանակներում մշակված ուղեցույցը իրենց աշխատանքային գործիքն է դարձել:

«Վերջին շրջանում շատ արագ արձագանքելը հեռուստաընկերության համար այդքան էական չէ: Հիմա կայքերն ակնթարթորեն են արձագանքում, հեռուստաընկերությունները աշխատում են օպերատվության հարցում չմրցակցել նրանց հետ»,- ասում է Գնել Նալբանդյանը: Նրա խոսքով, սխալներ, այնուամենայնիվ, լինում են, որոնց պատճառներն իրենք քննարկում են:

ՍիվիլՆեթի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանն ասում է, որ տվյալների ստուգումն իրենց ամենօրյա աշխատանքի մասն է: Խմբագրությունում օպերատվությունը կարևորում են, սակայն առաջին հերթին փորձում են հավաստի լինել:

«Մինչև հավաստիությունը չստուգենք՝ չենք հրապարակում, հակառակ դեպքում հղում ենք անում այն աղբյուրին, որը այդ լուրը  հրապարակել է՝ պատասխանատվությունը դնելով աղբյուրի վրա: Դեպքեր ունեցել ենք, երբ ինչ-որ մարդու մահվան մասին լուր է եղել, չենք հրապարակել, հետո պարզվել է, որ նա չի մահացել»,- հիշում է խմբագիրը:

Նոր աշխատանքի ընդունվող լրագրողներն ու անգամ լրագրողական պրակտիկա անցնողներն անպայման ծանոթանում են ՍիվիլՆեթի «Տվյալների ստուգման ուղեցույցի» հետ:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանն ասում է, որ իրենց համար առնվազն երկու աղբյուրի ապահովումը պարտադիր պայման է։  

«Տվյալների ճշտումը կարևոր է հատկապես հիմա՝ տարածաշրջանային լարվածության պայմաններում։ Մամուլում, հատկապես Թուրքիայի մասին, այնքան ապատեղեկատվություն է լինում, որը տարածվում է նաև Հայաստանում։ Այդ առումով մենք զգույշ ենք և ձգտում ենք, որ ոչ հավաստի, ոչ ճշգրիտ, այնուհետև հերքվող տեղեկությունները մեր եթերում չլինեն»:

Գեղամ Մանուկյանն ասում է, որ իրենք նախընտրում են տվյալները ճշտել, նոր հրապարակել: Օրինակ, 2016թ.-ի ապրիլյան պատերազմի օրերին «Երկիր Մեդիան» չհետևեց մի քանի այլ հեռուստաընկերությունների օրինակին և չհրապարակեց իբրև «ադրբեջանցի նահանջող զինվորներ» ներկայացվող տեսանյութը:

«Քլիքը դարձել է մեր լրատվական կյանքի գերեզմանափորը: Ամեն դեպքում, մենք նախընտրում ենք ստուգված տեղեկության հրապարակումը, քան օպերատվության անվան տակ սխալը»,- ասում է Գեղամ Մանուկյանը։

«Ցայգ» հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանը ասում է, որ տվյալների ստուգման ուղեցույցը իրենց շատ է օգնում ոչ տեղական լուրերը ստուգելիս:

«Մեր համակարգողը այն օգտագործում է հիմնականում սոցցանցերում և դրսի լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները ճշտելու համար։ Ավելի հաճախակի լուսանկարներն ենք ստուգում, քանի որ դրանք շատ անգամ չեն համապատասխանում նյութի բովանդակությանը»,- ասում է հեռուստաընկերության տնօրենը։

Ինչ վերաբերում է տեղեկությունը առնվազն երկու աղբյուրից ստուգմանը, «Ցայգում» դա սահմանված է կանոնակարգով. «Մինչեւ  տեղեկությունը երկու ֆիլտր չանցնի՝ այն երբեք չենք հեռարձակում»:

Անահիտ Դանիելյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?