2018.02.05,

Քննադատ

Հետընթացը սկսվել է 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից

author_posts/mesrop-harutyunyan
Մեսրոպ Հարությունյան
twiterfacebook

Կոչումով` արձակագիր

Լրատվամիջոցներում և լրագրողական հանրության մեջ բուռն քննարկումների առիթ է դարձել  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի 10-րդ հոդվածի 16-րդ կետում նշված է.

«Կառավարության նիստերը դռնփակ են: Վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց», իսկ 17-րդում՝ «Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել Կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին»:

Փորձագետներն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները միաձայն պնդում են, որ սա հետընթաց է խոսքի և տեղեկատվության ազատության առումով, իսկ կառավարության ներկայացուցիչները արդարանում են, թե նման բան կա համարյա բոլոր ժողովրդավարական երկրներում: Իհարկե, այս արդարացումներին շատ հանգիստ կարելի է պատասխանել՝ թվարկելով, թե ինչեր կան ժողովրդավարական երկրներում, որոնց մասին չեն հիշում կառավարական այրերը, սակայն դա այլ հոդվածի թեմա է:

Մենք, իհարկե, հակված ենք փորձագետների և լրագրողների տեսակետին. սա հետընթաց է: Բայց  ուզում ենք հավելել, որ այդ հետընթացը տրամաբանական շարունակությունն է նրա, ինչ սկսվել է 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով:

Դեռևս Սահմանադրության 2015 թ. նախագիծը քննարկելիս փորձագետները մատնացույց էին անում ընդհանրապես ժողովրդավարության և, մասնավորապես, արտահայտվելու ազատության ոլորտում հետքայլերը, սակայն կարկառուն սահմանադրագետները չանսացին այդ ահազանգերին (ավելի շուտ չուզեցին անսալ. դե իրենք ամենագետ են և կողքից խորհրդի կարիք չունեն):

Արդ, որո՞նք են այդ հետքայլերը:

2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 27-րդ հոդվածի առաջին պարբերությունն ասում էր.

«Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն»:

2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության տեքստում բացակայում է «Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն» դրույթը:

Ահա 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրության 42-րդ հոդվածն ամբողջությամբ.

«Հոդված 42. Կարծիքի արտահայտման ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը:

3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

Սա առաջին հետընթացն է և իշխանության պաշտոնական քարոզչությանը հակադրվող կարծիքները լռեցնելու ուղիղ ճանապարհ. ինչ-ինչ հանգամանքներում պետությունը կարող է հարկադրել մարդուն հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն (դե, մոտավորապես ինչպես ինկվիզիցիան Գալիլեյի հետ վարվեց. «հրաժարվի՛ր քո գաղափարներից»): Իսկ եթե չփոխի կամ չհրաժարվի, կարելի է նաև Ջորդանո Բրունոյի նման այրել խարույկի վրա:

Երկրորդ հետընթացը. ուշադրություն դարձրեք նոր խմբագրությամբ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ կետին. ինչպես  կարող է սահմանափակվել այս իրավունքը (ի դեպ նույն սահմանումն է Սահմանադրության այս տեքստի մարդու բոլոր մյուս իրավունքների սահմանափակումներում):

Մինչդեռ 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 43-րդ հոդվածում այս դրույթի ձևակերպումը լիովին համապատասխանում էր միջազգային փաստաթղթերի (օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի) ձևակերպումներին:  Ահա այն.

«… կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար»:

Շատերին թվում է, թե աննշան է տարբերությունը, մինչդեռ այն էական է. 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության ձևակերպման մեջ բացակայում է «եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում» բառակապակցությունը: Այսինքն, ցանկացած սահմանափակման (ինչպես «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագծի) դեպքում, դրա անհրաժեշտությունը հիմնավորելու կարիք չկա: Բավական է ներկայացնել նպատակները:

Սակայն  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրինագծի դեպքում անգամ այդ նպատակները չեն հիմնավորվում: Ինչպես տեսանք, կարծիքի արտահայտման ազատությունը ներառում է նաև «առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը»:

Եվ փակելով կառավարության նիստերը, պետությունը սահմանափակում է տեղեկություններ փնտրելու և ստանալու մեր հնարավորությունները, սակայն այդպես էլ չի հիմնավորում, թե Սահմանադրությամբ նշված «պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության» նպատակներից որի՞ն է ծառայում այդ սահմանափակումը:

Մեսրոպ Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *