Եթե «Գահերի խաղում» լրագրողներ լինեին

20.05.2019, Քննադատ

PanARMENIAN.Net-ի խմբագիր, ազատ ժամանակ զբաղվում է «Լուրեր դժոխքից» երգիծական նախագծով

Ահա և վերջ․ 10 տարի տևած դարաշրջանը, երբ երկուշաբթի շուրջբոլորը սկսում էին քննարկել վիշապներին, քայլող դիակներին ու միջնադարյան քաղաքական կրքերը, մոտեցավ ավարտին։

Սերիալը 10 տարվա ընթացքում սահմանեց բազմաթիվ ու տարատեսակ ռեկորդներ ու հենց սկզբից սիրվեց միլիոնների կողմից «սև ու սպիտակի» ակնհայտ բաժանման բացակայության, սցենարի տրամաբանվածության ու անմիտ քայլերի պակասի շնորհիվ։

Հենց այդ բնութագրերի թուլացումն էլ դարձավ նրա վերջին եթերաշրջանների հանդեպ քննադատության հիմնական պատճառը։ Պատմաբաններն ու ռազմարվեստի գիտակները քննադատում են մարտական տեսարանների բացերը, երկրպագուները քննադատում են սցենարի թուլությունը։

Իսկ լրագրողներն ու, առհասարակ, տեղեկատվության հետ աշխատող մարդիկ, կարող են երևակայել, թե ինչ կփոխվեր, եթե սերիալի հերոսներից ոմանք իրենց մասնագիտության տեր մարդ լինեին կամ իրենց հմտություններն ունենային։

Հերոսները սերիալում մանիպուլացնում են ու մանիպուլացվում, թաքցնում են կարևոր գիտելիքները, օգտագործում տեղեկատվությունը շահադիտական նպատակներվց, ու այդ վարքը հաճախ ոչ թե փչացրել, այլ գեղեցկացրել է սերիալը՝ դարձնելով այն այդքան մարդկային ու հետաքրքիր։

Սակայն ոչ թե գեղարվեստական, այլ լրագրողական տեսանկյունից հերոսների վարքը հաճախ քննադատելի է։

Այսպես, տեղեկատվության հետ անպատասխանատու վարվելը թույլ է տալիս Լանիսթերներին հաջողել Սթարքերի դեմ պայքարում հենց ամենասկզբում։ Նեդ Սթարքն, իմանալով թագաժառանգների ծագման գաղտնիքը, փորձում է պալատական հեղաշրջում կազմակերպել, սակայն տապալվում է ու սպանվում։

Սթարքը՝ լրագրող լինելու կամ համապատասխան հմտություններ ունենալու դեպքում, բարդ ընտրության առջև էր կանգնելու։ Մի կողմից՝ չվնասել Լանիսթերների երեխաներին ու հարգել նրանց անձնական կյանքի անձեռնմխելիությունը։ Մյուս կողմից՝ կա թագաժառանգների լեգիտիմության հարցը, որը, կարծես, առաջնային է հանրային շահի տեսանկյունից։

Առաջինն ընտրելու դեպքում նա լռելու էր։ Առավել հավանական է, որ նա կընտրեր երկրորդ տարբերակը՝ հանրայնացնելով Լանիսթերների գաղտնիքը: Դա կկաշկանդեր Լանիսթերներին՝ զրկելով նրանց աջակիցներից։ Գահը կմնար Բարատեոնների ձեռքում, իսկ Լանիսթերները կսպանվեին կամ կաքսորվեին։

Տեղեկատվության հետ վարվելու գործում ամենաճչացող տարօրինակությունը 7-րդ եթերաշրջանի վերջին դրվագներում է, երբ Դեյեներիսը, Սնոուն ու այլք պատրաստվում են հանդիպել Սերսեայի հետ՝ քայլորդների մոտեցող բանակի դեմ հնարավոր դաշինքը քննարկելու նպատակով։

Սնոուն ու ընկերները կասկածում են, որ նրանց կհավատան առանց ապացույցի, քանի որ քայլող դիակների վերաբերյալ տեղեկությունը ֆանտաստիկ է անգամ ֆենթեզի-աշխարհի համար (թերևս Վեսթերոսի բնակչությունը ՀՀ բնակչությունից մեդիագրագետ է)։

Ուստի, մնում է միայն մեկ բան՝ բերել հանդիպման կենդանի դի՝ որպես խոսքերի հիմնավորում։

Լրագրողական լեզվով ասած, Սնոուն ու ընկերները մեկնում են հյուսիս իրենց տիրապետած էքսկլուզիվի՝ հանրության համար վստահելի ու անաչառ ապացույց գտնելու։

Հսկայական կորուստների, այդ թվում՝ վիշապներից մեկի զոհվելու հետևանքով, նրանք բերում են այդ ապացույցը ու Սերսեային ցուցադրելուց հետո... ոչնչացնում այն՝ չսպասելով բանակցությունների ավարտին ու Լանիսթերների  համաձայնությանը:

Լրագրողի լեզվով ասած՝ չունենալով էսքկլյուզիվի պատճեն ու չհասկանալով, թե ինչպես դա կաշխատի։ Իսկ ստանալով մերժում, ջուրը նետում այդքան դժվար գտնված հասունացող աղետի ապացույցն ու մնում կոտրած տաշտակի առջև։

Եթե «Գահերի խաղի» հերոսները լրագրողներ լինեին, այսպիսի ֆեյլից հետո գլխավոր խմբագիր Դեյեներիսը կայրեր բոլոր ենթականերին ու ինքն էլ կլքեր 7 խմբագրությունների աշխարհը՝ վերադառնալով Էսոս, նոր մասնագիտություն փնտրելու։

Սա նման է այն իրավիճակի, երբ ունեք բացառիկ հարցազրույց, ցուցադրում ենք այն մեկ մարդու ու այրում տեսաերիզը։

Քայլը սխալ է նաև սերիալի տրամաբանությունից. հետագայում հերոսները կրկին տանջվում են այն մտքից, որ ոչ ոք չի հավատա դիակների բանակի գոյությանը։

Անգամ Գիշերվա Արքային սպանելուց հետո, հետագա քայլերը քննարկելու պահին, ասվում է՝ նրանք չեն կարող փրկիչների ամպլուայով հանդես գալ, քանի որ հաղթանակի ու առհասարակ բանակի գոյության բավարար ապացուցներ չկան։

Կային տղաներ և աղջիկներ։ Այդ ապացույցը ոչնչացնելու փոխարեն կարելի էր այն ցուցադրել քաղաքներում ու գյուղերում, անգամ որևէ կերպ փորձել թաքուն բերել Սերսեայի մայրաքաղաք ու ցուցադրել բնակիչներին, ուղարկել ագռավներ բոլոր ուղղություններով ու օգտվել ձեր աշխարհի կոմունիկացիաների բոլոր այլ աղբյուրներից։

Փոխարենը, սակայն, դուք ցույց տվեցիք այն մի քանի հոգու ու այրեցիք։

Ու վերջին եթերաշրջանում հաղթողների թիմում առաջացած կոնֆլիկտը կրկին ծագում է տեղեկատվությունը ոչ ճիշտ ժամանակին հանրայնացնելու հետևանքով։

Սեմ Թարլին ու Բրան Սթարքը մարդկության ապագան որոշող ճակատամարտից առաջ ավելի լավ բան չեն գտնում, քան պատմել Ջոնին իր ծագման մասին։ Նա ավելի լավ բան չի գտնում, քան պատմել գաղտնիքը թագուհուն, այնուհետև՝ ընտանիքին, վերջիններս պատմում են աշխարհի կեսին, ինչը քաոս է բերում առանց այն էլ ծանր վիճակում գտնվող դաշնակիցների շարքերում։

Կրկնենք, այս ամենը ոչ թե փչացրեց, այլ գեղեցկացրեց սերիալը։

Սակայն կարելի է ենթադրել, թե ինչպես կփոխվեր սերիալի սյուժեն, եթե գլխավոր հերոսները վարվեին որպես լրագրողներ։

Այսպես, եթե Նեդ Սթարքը չփորձեր օգտագործել ձեռք բերած «էքսկլյուզիվը» պալատական հեղաշրջում անելու համար, այլ հանրայնացներ այն՝ հենց սկզբում ի չիք անելով, նա կարող էր շարունակել ապրել, Բարատեոնները կմնային գահին, Լանիսթերները կաքսորվեին։

Դեյեներիսն, ում հորը նրանք սպանել էին ու ով դարձել է պանդուխտ իրենց պատճառով, ընդհանուր թշնամու առկայության պարագայում, դառնալու էր իրենց բնական դաշնակիցը։ Ու մենք կարող էինք տեսնել Սթարք-Բարատեոնների մրցակցությունը Տարգարիեն-Լանիսթեր դաշինքի հետ, ինչը ծայրից ծայր կփոխեր սերիալի ողջ տրամաբանությունը։

Եթե Սնոուն ու Դեյեներիսը կարողանային ապացուցել Գիշերվա Արքայի ու իր բանակի գոյությունը «հանրության լայն շրջանակներին», նրանք, միգուցե, դուրս գային դիերի բանակի դեմ ավելի մեծ ուժերով (ու էլ ավելի հյուծելով թագուհի Սերսեային)։ Հաղթանակից հետո նրանք չէին կանգնի սեփական հերոսությունն ապացուցելու պահանջի առջև, իսկ մայրաքաղաքի բնակիչները նրանց կդիմավորեին հերոսների պես և ողջ կմնային։

Իսկ եթե Սեմ Թարլին ու Բրան Ստարկը պահեին Ջոնի ծագման գաղտնիքը մինչև Գիշերվա Արքայի ու Լանիսթերների հետ պատերազմների հանգուցալուծումը՝ առաջնորդվելով չվնասելու սկզբունքով, չէր լինի Դեյներիսի դեմ խռովությունը, չէին լինի գլխավոր հերոսներից մի քանիսի անիմաստ մահերը և, կրկին, հնարավոր կլիներ խուսափել ցեղասպանությունից։

Իսկ հետո՝ տեղեկությունը հանրայնացնելուց հետո, մենք կդիտեինք «Գահերի խաղի» հերթական եթերաշրջանը։

Ինչևէ, այդ ամենը տեղի չունեցավ։ Իսկ որպես սովորական հեռուստադիտող, մեզ մնում է միայն մեկ բառ ասել հեռուստատեսության ամենաէպիկ սերիալային նախագծի ստեղծողներին․

Շնորհակալություն։

Նիկոլայ Թորոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?