2018.10.18,

Նյուսրում

Արա Գյուլերի հիշատակին

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան լուրը մեկ հաստատվում էր, մեկ մերժվում, որ հետո նորից լրահոս մտնի որպես փաստ:

Մահը նույն կյանքն է. մե՛րթ թարթում է, մե՛րթ մարում, թվում հորինվածք, հետո՝ իրականություն:

Եվ սա շատ խորհրդանշական է հատկապես Արա Գյուլերի դեպքում, որն իր բոլոր լուսանկարներում (գրեթե միլիոնի հասնող) որսում էր հենց այն սահմանագիծը, որտեղ մարդը ձուլվում է իր միջավայրին ու արդեն աննշամարելի է դառնում իրականի ու հորինվածքի տարբերությունը:

Կյանքն իրական է, բայց հորինվում է ամեն անգամ, երբ հայտնվում է այն պատկերողը: Եվ սա պարադոքս չէ, այլ անհրաժեշտ մեկնակետ բոլոր խոշոր ստեղծագործողների դեպքում:

Իհարկե, ստամբուլահայ Արա Գյուլերը առաջին հերթին վավերագրող էր, ֆոտոպատմիչ, որի շնորհիվ տասնամյակներ շարունակ Ստամբուլը ձեռք էր բերում իր վիզուալ նկարագիրը՝ փխրուն, երջանիկ, հոգսաշատ, մելամաղձոտ, սպասող…

Նրա ստեղծած ֆոտոպատմությունները, շարքերն ու առանձին լուսանկարները սկսում էին էներգիա գեներացնել որպես ներշնչանք:

Ինչպես գրել է Գյուլերի ֆոտոգրքի նախաբանում գրող, Ստամբուլի մեկ այլ վավերագրող ու սիրահար Օրհան Փամուկը. «Արա Գյուլերը կարողացավ պահպանել միլիոնավոր մարդկանց համար քաղաքն իր ողջ հարստությամբ ու պոեզիայով»:

Փամուկի «Ստամբուլ» գիրքը, որը արժանացավ Նոբելյան մրցանակի, նկարազարդվել էր հենց Գյուլերի լուսանկարներով: Այլ կերպ դժվար թե լիներ, քանի որ երկու այս ստեղծագործողների համար բառերի ու պատկերների իմաստը հենց բնապատկերն է՝ հոսող, վաղանցիկ, հարատևող հուշերում ու ենթագիտակցության մեջ:

Արա Գյուլերը ստացել է բազմաթիվ մրցանակներ, նկարել 20-րդ դարի ամենահայտնի մարդկանց (Վինսթոն Չերչիլին, Սալվադոր Դալիին, Պաբլո Պիկասոյին, Արամ Խաչատրյանին, Ալֆրեդ Հիչքոքին, Մարք Շագալին, Ինդիրա Գանդիին և այլն):

Նրան անվանում էին «Ստամբուլի աչք», քանի որ նա առաջին հերթին ուսումնասիրում էր իր քաղաքի տրամադրությունը, լույսն ու ստվերը, մարդկային հետքերը՝ առանց ավելորդ միջամտության ու թատերականացման:

Ճիշտ կլինի ասել, որ նա մարդու դիմանկարը դարձնում էր բնապատկեր, այդ բառի ամենալայն իմաստով:

Մոտավորապես այսպես. սկզբից գտնում էր բնապատկերը՝ շրջանակված օդով, ջրով, քարով, փողոցի մի հատվածով, հենց հիմա տեղի ունեցող պատմությամբ, հետո այդ պատմության մասնիկը դարձնում մարդը:

Մարդը ոչ թե գերիշխում էր նրա լուսանկարներում, այլ հյուսվում բնապատկերին, դառնում օդի հոսքի ու ավազի հատիկի պես մի տարր:

Եվ դա արևելյան մշակույթին հատուկ ձիրք է: Տեսնել ամբողջը առանց ֆրագմենտացնելու, որսալ ամբողջի հետքերը շարժվող հատվածներում:

Նա սիրում էր նստել Ստամբուլի կենտրոնում գտնվող իր անվան սրճարանում ու զրուցել մարդկանց հետ՝ շարունակելով մնալ վկա ու պատմել իր ժամանակի պատմությունը:

«Չի ստացվի լուսանկարել մարդուն ու չզրուցել նրա հետ»,- ասում էր նա:

90-ամյա Արա Գյուլերի ստեղծած ահռելի արխիվը դեռ երկար է զրուցելու դիտողների հետ արդեն առանց հեղինակի ֆիզիկական գոյության:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *