Օգոստոսի 15-31-ը շրջանառված կեղծ և հերքված լուրերը

01.09.2019, Ստուգված է

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փաստերի ստուգման խմբի անդամ

Վերջին երկու շաբաթվա ընթացքում մամուլում շրջանառվեցին կեղծ լուրեր ԱԱԾ-ի, Փաշինյանի արտագնա այցի վերաբերյալ, ինչպես նաև տարածվեց ԱԺ պատգամավորի ստորագրությամբ կեղծ փաստաթուղթ։ 

ԱԺ պատգամավորի ստորագրությամբ կեղծ փաստաթուղթը հայտնվեց ռուսական ֆորումներում

Օգոստոսի 13-ին ռուսական Fishki.net կայքում հայտնվեց իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի (Աննա Հակոբյանի եղբայրն է) ստորագրությամբ նամակի պատճեն, որում նա իբր դիմում էր Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներին», խնդրելով 2,5 անգամ ավելացնել ֆինանսավորումը։ Հակոբյանը իբր հիմնավորում էր խնդրանքը հայ պաշտոնյաների՝ ռուսական ընդդիմությանը ցուցաբերած օժանդակությամբ։ 

Հոդվածը վերնագրված էր «Как армяне учили Навального рэволюцию делать»։ Հեղինակը նշում էր, որ նյութը վերցրել էր Open Armenia ֆորումից։ Media.am-ին չհաջողվեց գտնել նման տեքստ նրա նշած հղումով կամ կայքի որոնման միջոցով։

Fishki.net-ի բովանդակության զգալի մասը, այդ թվում նաև այս հոդվածը, ստեղծում են ոչ թե լրագրողները, այլ օգտատերերը։ Հակոբյանի մասին նյութը մի քանի օր անց գրեթե նույնությամբ վերատպվեց այլ ռուսալեզու ֆորումներում և կայքերում՝ օգտատերերի ավելացրած նյութի տեսքով։ 

Ներկայացված նամակի տեքստը արտառոց էր։ Օրինակ, Հակոբյանը իբր հայտնում էր, որ հենց «Իմ քայլի» փորձն ու տեխնոլոգիաներն են կանգնած վերջին շաբաթների մոսկովյան լայնամասշտաբ ցույցերի ետևում։ 

Հրաչյա Հակոբյանը հերքեց լուրը, շրջանառվող փաստաթուղթը` անվանելով կեղծ։

ԱԱԾ-ն չի դիմել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրո Հայկ Գրիգորյանին հարցաքննելու համար

«Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի խոսնակ և վարչության անդամ Հայկ Գրիգորյանը, ով բնակվում է ԱՄՆ-ում, տեղեկություն էր տարածել այն մասին, որ իրեն զանգահարել են ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյից (FBI) և ասել, որ ՀՀ Հատուկ քննչական կոմիտեն խնդրել է նրանց հանդիպել և հարցաքննել Գրիգորյանին։ 

Ըստ Գրիգորյանի, «ՀՀ ԱԱԾ, ՔԾ ու ՀՔԾ» խնդրանքով նա հանդիպել է Բյուրոյի ներկայացուցիչների հետ և պատասխանել «Հիմնադիր խորհրդարանի, «Սասնա Ծռերի» ու Վերածննունդ շարժման մասին» հարցերի։ 

Հրապարակումից մի քանի ժամ անց Գրիգորյանը խմբագրել էր իր ֆեյսբուքյան գրառումը, այնտեղից հեռացնելով ԱԱԾ-ի հիշատակումը։ 

ԱԱԾ-ն հերքել է Գրիգորյանի տեղեկությունը, նշելով, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյին «որևէ գրություն չի ուղարկել և նման հարցով չի դիմել»։

Պոլիոմելիտի կրկնակի պատվաստումը իրականացվել է օրենքին համապատասխան

Օգոստոսի 20-ին հրապարակված Fip.am-ի հոդվածում նշվում է, որ պոլիոմելիտի կրկնակի պատվաստումը Հայաստանում իրականացվել էր օրենքի խախտումով, քանի օր չէր համապատասխանել Պատվաստումների ազգային օրացույցին։ 

Նույն օրը ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հերքեցին տեղեկությունը, նշելով, որ պատվաստումները իրականացվում են ոչ միայն օրացույցով, այլև համաճարակաբանական ցուցումներով։ Fip.am-ը հրապարակեց տեղեկության հերքումը։ 

Այս դեպքում կրկնակի պատվաստումը պայմանավորված էրլ մի քանի գործոններով, այդ թվում՝ հարևան Իրանում շրջակա միջավայրի նմուշներում վայրի պոլիովիրուսի հայտնաբերմամբ:

ԱԳՆ-ն և վարչապետի խոսնակը չեն հակասում իրար

Օգոստոսի 29-ին «5-րդ ալիքը» ռեպորտաժ հրապարակեց, ըստ որի արտաքին գործերի նախարարը և վարչապետի խոսնակը իրար հակասող տեղեկություն են հայտնում Փաշինյանի՝ Լեհաստան այց չկատարելու մասին։ Ըստ «5-րդ ալիքի»՝ ԱԳՆ-ից ասում են եղել է հրավեր, որը Հայաստանը չի հաստատել, իսկ վարչապետի խոսնակը նշում է, որ հրավեր չի եղել։  

Fip.am-ը լուրը որակել է որպես մանիպուլյատիվ․ կայքը պարզել է, որ խոսքը Լեհաստանում կայանալիք երկու տարբեր միջոցառումների մասին է․ Հայաստանը ստացել է հրավեր մասնակցելու տնտեսական ֆորումի, որը չի հաստատել, միառժամանակ, Փաշինյանը չի հրավիրվել Երկրորդ համաշխարհային պատերազմի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։ 

Քանի որ խոսքը տարբեր իրադարձությունների մասին է, պաշտոնյաների հայտարարություններում հակասություն չկա։ 

Ի դեպ, ըստ Infocheck.am-ի, ավելի վաղ մամուլում հայտնված տեղեկությունը այն մասին, որ Փաշինյանը մեկնելու է Լեհաստանում տնտեսական ֆորումին, սխալ է, քանի որ Հայաստանը մասնակցությունը չէր հաստատել։   

«Պոբեդայի» ինքնաթիռի միջադեպը կոշտ վայրէջք չէր 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյուրիի օդանավակայանում կոշտ վայրէջք էր կատարել։ Մամուլում հրապարակված ԱԻՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ օդանավը «վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է»։

«Պոբեդա»-ից չհամաձայնվեցին միջադեպը որակել որպես «կոշտ վայրէջք»․ օդանավը հպվել էր թռիչքուղուն արդեն երկրորդ շրջանը կատարելիս։  

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ 

Փոխնախարար Գրիշա Թամրազյանը ՀՊՏՀ նոր ռեկտորի ամուսինը չէ 

Օգոստոսի 22-ին 24news.am-ը՝ մեջբերելով «Հրապարակ» թերթը գրեց, որ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հրաժարականից հետո նրա տեղը զբաղեցրած պրոռեկտոր Դիանա Գալոյանի պաշտոնը ստանալուն «մեծապես նպաստել է կրթության և գիտության փոխնախարար Գրիշա Թամրազյանը, որը Դիանա Գալոյանի ամուսինն է»։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հերքեցին տեղեկությունը, նշելով, որ Թամրազյանը ամուսնացած չէ։ 

Արցախում դիտորդական առաքելության ֆինանսավորման դեպքը

Օգոստոսի 26-ին «Գոլոս Արմենիի» թերթը անդրադարձավ կառավարության կողմից Արցախի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորմանը։ Թերթը որակեց այս քայլը որպես կոռուպցիա, նշելով, որ ՀԿ-ները ֆինանսավորվել են, որպեսզի ներկայացնեն Փաշինյանին ձեռնտու եզրակացություն։ 

Հոդվածը մի շարք անճշտություններ էր պարունակում։ Օրինակ, հեղինակը խեղաթյուրված էր ներկայացնում նոր Ընտրական օրենսգրքի չընդունման պատճառը։ Ավելին, թերթը գրում էր, որ Արցախի ԿԸՀ-ն չէր գրանցել դիտորդներին, ինչը մանիպուլյատիվ պնդում էր, քանի որ գրանցման վերջնաժամկետը դեռ չէր լրացել։ 

Media.am-ը մանրամասն անդրադարձել է  թեմային։

Կարինե Ղազարյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?