2019.05.01,

Ստուգված է

Ապրիլի 15-30-ը շրջանառված կեղծ և հերքված լուրերը

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Ապրիլի երկրորդ կեսին այրվեց Փարիզի Աստվածամոր տաճարը՝ իր հետ բերելով դավադրության տեսություններ։ Հերքվեցին մի շարք լուրեր, Մարսի վրա էլ քաղաք հայտնաբերեցին սունկ կայքերը։

Փարիզի հրդեհները

Փարիզի Աստվածամոր տաճարն այրվում էր ապրիլի 15-ի երեկոյան։ Սոցիալական մեդիայում օգտատերերը գրառումներ էին կատարում, լուսանկարներ և տեսանյութեր տարածում։ Լրատվամիջոցները ուղիղ հեռարձակում էին  հրդեհը, լայվ բլոգերով հաղորդում էին ստացված նորությունները։

Բայց միայն ստուգված լուրերը չէ, որ տարածվում էին։ Թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում ակտիվ տարածվում էին դավադրության տեսություններ հրդեհի հնարավոր պատճառի մասին։ «Մեղադրյալի աթոռին» հայտնվեցին թուրքերը, հրեաները։ Որոշներն էլ նույնիսկ կապ գտան Նոր Զելադիայում մարտին տեղի ունեցած ահաբեկչության հետ։

Այս դեպքից օրեր անց՝ ապրիլի 23-ին Վերսալի պալատի հրդեհի մասին կեղծ լուրը տարածվեց։  Հայկական լրատվամիջոցները, հետևելով ռուսաստանյան մեդիային, տարածում էին չստուգված լուրը։ Ինչպես պարզվում է, իրականում Վերսալը չէր վառվում, այլ դրանից 2,5 կմ հեռավորության վրա գտնվող մեքենաների վերանորոգման սրահը:

Լը Պեն․ Արցախը պետք է միանա Հայաստանին

Ապրիլի 22-ին լուր տարածվեց, թե Մարին Լը Պենը հայտարարել է․ «անկախությունից առավել ցանկալի կլիներ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեին այնպիսի համաձայնության, որը թույլ կտար Լեռնային Ղարաբաղին վերամիավորվել Հայաստանի հետ»։

Ֆրանսիայի` 2017-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ արված այս հայտարարության նոր չլինելու մասին գրեց fip.am-ը։ Որպես նման ինֆորմացիա տարածող մեդիա, նրանք բերում են ԳԱԼԱ հեռուստաընկերության և hayeli.am-ի օրինակները։ Բայց այսքանով շարքը չի վերջանում։

Լուրը տարածել է 24news.am-ը, սունկ կայքերից էլ, օրինակ, info-arm.com-ը։ Բայց առավել հետաքրքրականը news-line.am-ի մոտեցումն է, որը հրապարակել է և՛ լուրը, և՛ լուրը հերքող fip.am-ի հոդվածը։

Քաղաք Մարսում

Մարսում քաղաքակրթության հետքեր գտնելու թեման պարբերաբար լուրի առիթ է դառնում։ Այս անգամ ապրիլի 19-20-ին տարածված լուրի հիմքում Территория Непознанного յություբյան ալիքում 2017-ի դեկտեմբերին տեղադրված տեսանյութն է, որտեղ երևում է РЕН ТВ-ի լոգոն։

Տեսանյութը որպես նորություն հայտնվեց մի շարք կայքերի լրահոսում՝  socialmedia.am, news.armblog.am,  todaylife.ru, haypress.ru և orakarg.ru։ Ի դեպ, վերջին երկուսի հղումները տանում են դեպի նույն կայքը:

Վերը նշված բոլոր կայքերում «ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աստղագետները շոկի մեջ են. Մարսի վրա քաղաք է հայտնաբերվել» վերնագրին հաջորդում է երկու նախադասությունից կազմված տեքստը, որը կրկնում է վերնագրի բովանդակությունը նույնությամբ ու տալիս հարց․ «Հարց է առաջանում` կա՞ կյանք Մարսի վրա»:

Մի քիչ ավելի ընդարձակ տեքստ տարածել էր fbnews.am-ը՝ հղում անելով մեկ այլ սունկ կայքի՝ medianews.site-ին։

16 տարեկան 3 անչափահասների հղիությունը

Ապրիլի երկրորդ կեսին շրջանառվող թեմաներից էր Արմավիրի մարզում երեք անչափահաս աղջիկների հղիության դեպքերը։

Լուրը հասավ մինչև Խորհրդարանական ամբիոն․ Լուսավոր Հայաստանից Գևորգ Գորգիսյանը, անդրադառնալով կրթական համակարգի խնդիրներին, ասաց․ «Բառացիորեն օրերս դպրոցի դասատուները ցուցմունք են տալիս, թե ինչպես է եղել, որ դասի ընթացքում հղիացել է երեք աշակերտ։ Մենք արդեն ունենք էդ կարգի խնդիրներ կրթական ոլորտում»։

Այս լուրին ոստիկանությունից արձագանքեց Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում պարզաբանեց․ «․․․ երեք անչափահասներն էլ ամուսնացել են, և նրանց հարսանեկան արարողություններին ներկա են գտնվել երկու կողմի հարազատները: Պարզվել է նաև, որ երեք անչափահասներն էլ սեռական հարաբերություն ունեցել են 16 տարին լրանալուց հետո»:

Դուրյանը նաև տեղեկացրեց, որ նախապատրաստված նյութերով կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ, քանի որ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի, թույլատրելի չէ սեռական հարաբերություն ունենալ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ։

Մի քանի այլ հերքումներ

  • ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հերքել է շրջանառվող լուրը, թե հատուկ իր համար գնվել է Տոյոտա Քեմրիի ավտոմեքենա: Նա Ֆեյսբուքում տեղադրեց իր ծառայողական մեքենայի Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի և մեքենայի վազքի ցուցանիշի նկարը։ Մակունցը նաև տեղեկացրեց, որ մեքենան ԱԺ-ն ձեռք է բերել 2015 թվին։
  • Առողջապահության նախարարության Մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն էլ իր ֆեյսբուքյան էջում ապրիլի 19-ին գրառում արեց Armdaily.am կայքում հրապարակված «Զինվորները «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում սոված են մնում. ահազանգ ծնողից» նյութի վերաբերյալ։

Մամուլի քարտուղարը գրեց՝ հիվանդանոցի տնօրինությունը պաշտոնապես հայտնում է, որ նյութն ամբողջովին ապատեղեկավություն է։ Զինվորական բաժանմունքի սնունդը մատակարարվում է Պաշտպանության նախարարության կողմից՝ համաձայն ՀՀ ԶՈՒ մենյուի, իսկ առանձին դեպքերում ծնողներն իրենց ցանկությամբ բերում են լրացուցիչ սնունդ։ Նրանք հերքում են նաև այն միտքը, թե «զինվորն իջնում է ներքև սնունդը վերցնելու», բերելով փաստարկը, թե բաժանմունքի դռները միշտ փակ են։

  • Հերքման և հերքման պահանջների առիթ դարձավ shabat.am կայքի ապրիլին 21-ին հրապարակած «Իրական տերերն ու քաղաքական տանիքները. լրատվական դաշտի պատկերը Հայաստանում» տեսանյութը։ Կայքը, առանձնացնելով 61 «ադեցիկ լրատվամիջոցներ», կատարել է  լրատվական դաշտի հետևյալ բաժանումը՝ «Ազատ», «Հակաիշխանական կամ հակահեղափոխական» և «Իշխանությանը սատարող» մամուլ։

Տեսանյութում յուրաքանչյուր լրատվամիջոցի համար տալիս են դրա տիրոջ անունը և նրա կապերի մասին տեղեկություն, որի հիման վրա էլ կատարում են դասակարգումը։

Սակայն, այս դասակարգումը միանշանակ չընդունվեց լրատվամիջոցների կողմից։ Օրինակ, iravaban.net-ի  և  mediamax.am-ի մասով՝ վերջիններիս պահանջով, տեսանյութը հեղինակած կայքն արդեն հերքումներ է տարածել: Սակայն mediamax.am-ի 2-րդ պահանջը՝ կեղծ տեղեկատվություն պարունակելու հիմքով տեսանյութից իրենց լրատվամիջոցի հատվածի հեռացման մասով մնացել է անկատար։

Shabat.am-ից հերքում է պահանջել նաև 1in.am-ը։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *