2018.02.06,

Նյուսրում

Պահել լսարանը՝ ֆեյսբուքյան խմբեր ու «տեսնել սկզբում» ֆունկցիա

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հայաստանյան լրատվական կայքերն արձագանքել են Ֆեյսբուքի ալգորիթմի փոփոխությանը: Սպասվում է, որ սոցիալական մեդիա հսկայի նոր կանոնների համաձայն էջերի ցուցադրությունները նվազելու են: Օգտատերերն ավելի քիչ են տեսնելու տարբեր ընկերությունների, առևտրային և շահույթ հետապնդող կազմակերպությունների ֆեյսբուքյան գրառումները:

Լրատվական կայքերը Ֆեյսբուքում հիմնականում ներկայացված են հենց էջերի տեսքով:

Խնդրին նախապատրաստվել և իրենց հավատարիմ ընթերցողներին տեխնիկական լուծում են առաջարկել «Ազատություն» ռադիոկայանը, «Մեդիամաքս»-ը, «Առավոտ»-ը, «168 Ժամ»-ը: Մեկը մյուսի հետևից նրանց ֆեյսբուքյան էջերում հայտնվում է այսպիսի բովանդակությամբ գրառում.

«Եթե հետևում եք մեր էջին և կցանկանայիք շարունակել տեսնել մեր նյութերը, խնդրեմ այցելեք մեր ֆեյսբուքյան էջ, սեղմեք «հավանել» (following) կոճակը, ինչպես կից նկարում, և ընտրեք «տեսնել սկզբում» (see first) տարբերակը:

Սպասվում է, որ այս քայլերը կատարելով մարդիկ իրենց առաջնային հետաքրքրությունը կհայտնեն լրատվական կայքերի նկատմամբ և կշարունակեն իրենց ֆեյսբուքյան հոսքերում տեսնել այդ էջերի բովանդակությունը:

«Մեդիամաքս»-ն ու «Առավոտ»-ը մեկ քայլ ավելին են կատարել և որոշել են լսարանի հետը կապն ամրապնդելու համար Ֆեյսբուքում բացի էջերը նաև խմբեր աշխատեցնել:

Առցանց «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Աննա Իսրայելյանն ասում է, որ իրենք դեռ չեն զգացել Ֆեյսբուքի ալգորիթմի փոփոխությունը. «Ֆեյսբուքի նոր գործելաոճը դեռևս չի ազդել մեր կայքի այցելությունների վրա: Մեզ մոտ վերջին շրջանում այցելությունների տեսանելի տարբերություն չի եղել»:

«Առավոտ»-ի՝ նոր բացված «Aravot.am+» ֆեյսբուքյան խմբին փետրվարի 6-ի ժամը 18:20-ի դրությամբ միացել էր 201 օգտատեր:

Աննա Իսրայելյանն ասում է, որ իրենք նպատակ ունեն ավելի շատ մարդկանց հասանելի և մատչելի դարձնել «Առավոտ»-ի նյութերը. «խումբը ևս մի հնարավորություն է «Առավոտի» ընթերցողների հետ շփվելու, և նաև նրանց տեղեկատվություն փոխանցելու համար»:

«Մեդիամաքս»-ի՝ «Mediamax Community» բաց խմբին փետրվարի 6-ի ժամը 18:20-ի դրությամբ 715 օգտատեր էր միացել:

«Խումբը չի կրկնում էջի աշխատանքը, այն ավելի ոչ ֆորմալ բնույթ է կրում, որտեղ մենք փորձում ենք խմբի մասնակիցների հետ քննարկել տարբեր հարցեր, կատակել, պատասխանել նրանց հարցերին, երկխոսության մեջ մտնել»,- բացատրում է  «Մեդիամաքս»-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը:

Խմբագիրն ասում է, որ Ֆեյսբուքի նոր ալգորիթմը չի սահմանափակում խմբերի գործունեությունը, ինչը հույս է ներշնչում, որ իրենց կհաջողվի այդ սոցիալական ցանցում շարունակել հաղորդակցվել ընթերցողների հետ։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *