Ինչպե՞ս է Հայաստանը դիմում սոցցանցերին եւ տեղեկատվություն պահանջում

04.06.2019, Քննադատ

Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:

Հայաստանը որպես պետություն պարբերաբար դիմում է ինտերնետային հարթակներին՝ կամ տեղեկատվություն ստանալու, կամ բովանդակություն վերացնելու հարցերով։ Այդ գործողությունները կարգավորված են: Ինտերնետային ծառայությունները հաճախ որոշ տվյալներ են հրապարակում նման դիմումների մասին։ Սովորաբար հարթակներն ունեն հատուկ բաժիններ, որոնք համագործակցում են պետական մարմինների հետ։

Մի շարք հարթակներ հրապարակում են թափանցիկության զեկույցներ, որտեղ ներկայացնում են պետական մարմինների կողմից դիմումներն ու իրենց կողմից դրանց վերաբերյալ գործողությունները։ Հասանելի հրապարակումներից երևում է, որ դիմումները Հայաստանից հիմնականում եղել են Ֆեյսբուքին և Յություբին։

Ամենաշատ դիմումները Հայաստանը ուղարկում է Ֆեյսբուքին։

Ֆեյսբուքը սկսել է հրապարակել թափանցիկության զեկույցը 2013 թվականից։ Եվ արդեն երկրորդ կիսամյակից Հայաստանը դիմում ունի։ Որն, ի դեպ, մերժվել է։

Ֆեյսբուքը դժվարությամբ է տրամադրում տվյալներ, քանի որ ամեն անգամ պետք է համոզվի, որ, օրինակ, դրանք չեն օգտագործվելու քաղաքական հետապնդումների համար։

Այդ իսկ պատճառով, ուսումնասիրելով բոլոր երկրների հարցումները, կարելի է նկատել, որ տրամադրված տվյալների թիվը չի հասնում հարյուր տոկոսի, միշտ լինում է մերժումների որոշակի տոկոս։

Եթե դիտարկենք վերջին զեկույցը, որը վերաբերում է 2018 թվականի երկրորդ կիսամյակին, ապա գրաֆիկից կտեսնենք, որ դիմումների թիվը քչացել է, եղել է ընդամենը վեց դիմում։

Սակայն, դիմումները միասնական պարունակել են 81 օգտատիրոջ վերաբերյալ տվյալ։ Ինչը ռեկորդային է ողջ պատմության մեջ։ Դիմումների կեսի վերաբերյալ Ֆեյսբուքը ինչ֊որ տվյալներ տրամադրել է։ Կարելի է ենթադրել, որ նման ճանապարհով է բացահայտվել «Դուխով Հայաստան» էջի ադմինը։

Երկրորդ տեղում է  2018 թվականի առաջին կիսամյակը․ 12 դիմում 21 օգտատիրոջ վերաբերյալ։

Գուգլի դեպքում (ինչը ներառում է նաև Յություբը, Gmail էլեկտրոնային փոստը) 2014, 2017 թվականներին եղել է մեկական հարցում օգտատիրոջ վերաբերյալ, երկուսն էլ մերժվել են։  

Տասը տարվա ընթացքում պետությունը պահանջել է 22 նյութի հեռացում։ Եթե սկզբից պատճառաբանումները եղել են այն, որ նյութը պարունակում է քննադատություն, վիրավորանք (ինչը չի աշխատել), ապա հետագայում մոտեցումները փոխվել են․ դիմումները վերաբերվել են հեղինակային իրավունքին։

Գուգլը որպես օրինակ բերում է Ոստիկանության կողմից նյութի հեռացման պահանջը, որն եղել է 2017 թվականի կեսին և մերժվել է։ Հիշեցնեմ, որ 2015 թվականին յություբյան SOS ալիքի տեսանյութը հեռացվել էր Ոստիկանության կողմից բողոքի հետևանքով։

Դիտարկենք մի քանի այլ մեծ հարթակ, որոնք տարածված են Հայաստանում․

Microsoft֊ին 2016-ին Հայաստանից եղել է մեկ դիմում, որը մերժվել է կազմակերպության կողմից: 2014-ին եղել է  չորս դիմում, որից երկուսը մերժվել է, մեկի դեպքում էլ տվյալ չի գտնվել։

Wikimedia հիմնադրամը, որը կառավարում է Վիքիպեդիան, փաստացի չի ստացել ոչ նյութերի վերացման, ոչ կոնկրետ խմբագրի վերաբերյալ տվյալի հետ կապված դիմում Հայաստանից։

Wordpress բլոգային հարթակը չի ստացել Հայաստանից ոչ տվյալների, ոչ բովանդակություն վերացնելու դիմում։

Linkedin֊ը չի ստացել դիմումներ Հայաստանից։

Twitter֊ը չի ստացել դիմումներ Հայաստանից։

Կարճ պարզաբանեմ։ Նախ, պետք է հասկանալ, որ, օրինակ, Ֆեյսբուքը չի տրամադրում տեղեկատվություն կամ հեռացնում գրառում միայն ինչ֊որ մի պետության պահանջով։

Հարցը վերաբերում է հանցագործություններին, արտակարգ իրավիճակներին և այլ դեպքերին, որոնք կարող են միանշանակորեն գնահատվել որպես արտակարգ։ Այսինքն, եթե որևէ օգտատեր կեղծ հաշվից անպատվել է մի վեհ պաշտոնյայի, դա բացարձակ չի նշանակում, որ իր մասին տեղեկատվությունը հասանելի կլինի ուժային կառույցներին։ Հարթակները գերադասում են քիչ տվյալ տալ, բայց չվնասել։

Սակայն այստեղ կան այլ խնդիրներ։ Առաջինը, ուժային կառույցները գործում են ստվերում, հանրությունը տվյալ դիմումների մասին իմանում է երրորդ կողմից։ Եվ տեղյակ էլ չէ, թե ում մասին և ինչ հանգամանքներով են հարցում կատարում։

Ավելին, չկա երաշխիք, որ իրական քրեական գործի փաթեթի մեջ արդեն չի հայտնվել կամ չի հայտնվի ապագայում լրիվ մի այլ մարդու վերաբերյալ հարցում, որը կարող է, օրինակ, քաղաքական բնույթի լինել։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?