Էլեկտրոնային առողջապահական համակարգը կներդրվի բոլոր բուժհաստատություններում

20.06.2017, Ռեինֆորմացիա

Լրագրող

 

Այսուհետ քաղաքացին, մուտք գործելով armed.am կայք, նույնականացման քարտի և գաղտնաբառի միջոցով հնարավորություն կունենա ծանոթանալ իր հիվանդության պատմությանն ու առցանց գրանցվել այն բուժհաստատությունում, որտեղ ցանկանում է այցելել:

Էլեկտրոնային առողջապահական eHealth համակարգի ներդրման գործընթացը, որը սկսվել է անցյալ տարվա վերջին, հնարավորություն կտա մեկ միասնական հարթակում ունենալ բնակչությանը մատուցված ծառայությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը:   

Համակարգի ներդրման հանձնաժողովի նախագահ Վարդան Գևորգյանն ասում է, որ համակարգը թույլ է տալիս բժիշկներին, այցելուի համաձայնությամբ, ծանոթանալ նրա հիվանդության պատմությանը՝ անկախ նրանից, թե քաղաքացին մինչ այդ որ բուժհաստատությունում է բուժօգնություն ստացել կամ հետազոտություն անցել:   

Առանց այցելուի համաձայնության բժիշկները նրա հիվանդության պատմությանը կարող են ծանոթանալ միայն անհապաղ բուժօգնության անհրաժեշտության դեպքում: Բժիշկը դրանից հետո պետք է հիմնավորի, թե ինչու է համակարգ մուտք գործել «անհետաձգելի դեպք»  կարգավիճակով:

Այժմ համակարգը ներդրվել է շուրջ 480 բժշկական հաստատություններում: Դրանք այն հաստատություններն են, որոնք պետական պատվերի շրջանակներում ծառայություններ են մատուցում: Այս տարվա վերջին եռամսյակում համակարգին կմիանան նաև մնացած բուժհաստատություններն ու դեղատները՝ անկախ ֆինանսական աղբյուրներից: Սա թույլ կտա վերահսկել մատուցված բժշկական ծառայությունների, դրանց ֆինանսավորման, դեղերի դուրս գրման, բժշկական գրանցումների ողջ գործընթացը:

«Կբացառվեն այն հնարավոր դեպքերը, երբ քաղաքացու համար մատուցված ծառայությունների համար բժշկական հաստատությունը կարող է կրկնակի ֆինանսավորում ստանալ: Բացի այդ, համակարգի ներդրման արդյունքում, թափանցիկ են դառնում  ֆինանսավորման աղբյուրները, և քաղաքացին հնարավորություն է ունենում տեսնել ոչ միայն իր հիվանդության պատմությունը, այլև իրեն մատուցված ծառայությունների ֆինանսավորման աղբյուրները՝ պետպատվերի շրջանակում է, թե ապահովագրական ընկերության կամ սեփական միջոցների հաշվին»,- ասում է Վարդան Գևորգյանը:

Համակարգ մուտք գործելու համար, ըստ հանձնաժողովի նախագահի, պարտադիր չէ, որ քաղաքացին նույնականացման քարտ կարդացող սարք ունենա: Ընդամենը մեկ անգամ այցելելով բուժհաստատություն, կարող է մուտք գործել համակարգ, որից հետո իր հեռախոսահամարին կուղարկվի այն գաղտնաբառը, որով հնարավոր է ցանկացած վայրից մուտք գործել ու ծանոթանալ իր ուզած տեղեկատվությանը:  

Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գևորգ Հայրապետյանի կարծիքով՝ համակարգը անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից խնդրահարույց չէ, ուղղակի որոշակի պարզաբանումների կարիք կա։

Ըստ նրա, հարցը հանրությանը ներկայացնելիս ճիշտ կլինի փարատել այն կասկածը, թե մարդու անձնական, առողջական տվյալները դառնում են հանրության սեփականություն․ «Համակարգի իմաստը բոլորովին դա չէ։ Ոչ թե ստեղծվում է էլեկտրոնային բազա, որը հասանելի է դառնում բոլորի համար, այլ պարզապես այն անկետաները, որոնք թղթային տարբերակով կային հիվանդանոցներում, դառնում են էլեկտրոնային»։

Համակարգը քաղաքացուն նաև տալիս է իր անձնական տվյալները (այդ թվում բժշկական գաղտնիք պարունակող) տնօրինելու հնարավորություն։ «Ինչպես ամեն մեկս մեր ֆեյսբուքյան էջում կարող ենք գաղտնիության սահմաններ գծել, այնպես էլ այս համակարգում մարդը հնարավորություն ունի այնպես անել, որ նույնիսկ բժիշկը չկարողանա տեսնել այն տվյալը, որը քաղաքացին չի ցանկանում տրամադրել։ Այն հասանելի է դառնում միայն քաղաքացու թույլտվության պարագայում»,- ասում է Գևորգ Հայրապետյանը։

Նախորդ տարվա քննարկումների կետերից մեկն էլ էլեկտրոնային բազայի անվտանգությունն էր, ինչը, ըստ Գևորգ Հայրապետյանի, սկզբունքորեն վերաբերում է նաև թղթային տարբերակով տվյալների պահպանմանը․ «Իմ տվյալներով, համակարգը բավարար պաշտպանված է, ինչը թույլ է տալիս զերծ մնալ կողմնակի միջամտություններից»։

«Ստացվում է, որ փոխվում է տվյալների պահպանման ձևը, ոչ թե բովանդակությունը, իսկ ձևի փոփոխությունը իրավունքի խախտման չի հանգեցնում»,- գտնում է Գևորգ Հայրապետյանը:

Համակարգի ներդրման արդյունքում հետագայում նախատեսվում է նաև բժիշկ-քաղաքացի օնլայն կապի ապահովումը, հետևաբար և հեռաբժշկության զարգացումը:

«Օրինակ, բժիշկը կարող է քաղաքացուն ասել, որ նա օրական չափի իր արյան ճնշումը և փոխանցի տվյալները: Դա անելու համար պարտադիր չէ այցելել բուժհաստատություն, տվյալները կարող են փոխանցվել համակարգի միջոցով և կստացվեն համապատասխան ցուցումներ»,- ասում է Վարդան Գևորգյանը:  

Էլեկտրոնային առողջապահութան համակարգից օգտվողների համար առողջապահության նախարարության կայքում կան մի շարք նյութեր` համակարգում էլեկտրոնային քարտի միջոցով օգտագործողի հաշվի ստեղծման, տվյալների խմբագրման, ընդունարանի աշխատակցի կամ օպերատորի կողմից այցերի գրանցման և այլ գործառույթների վերաբերյալ:

Անահիտ Դանիելյան

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?