Պերուացի երաժշտից փող են հափշտակել՝ Հայաստանում «սորոսական գրանտակերների» մասին ֆեյսբուքյան գովազդի համար

18.05.2019, Ստուգված է

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փաստերի ստուգման խմբի անդամ

Մայիսի 17 ֆեյսբուքի օգտատերերը սկսեցին ստանալ տարօրինակ հայալեզու քաղաքական գովազդ պերուական երաժշտական խմբի էջից։ Գովազդը խոստանում էր «մաքրել համացանցը սորոսական գրանտակերներից»։ Ինչպես պարզվեց, գովազդը տեղադրելու համար հաքերները կոտրել են երաժշտական խմբի էջը և գումար հափշտակել։  

Ազգային արժեքների անունից

Գովազդը ներկայացվում է «Digital Granate» նախաձեռնության անունից։ Հեղինակները սպառնում են արգելափակել Ստյոպա Սաֆարյանի, Դանիել Իոաննիսյանի, Լևոն Բարսեղյանի և Լարա Ահարոնյանի ֆեյսբուքյան էջերը։ Գովազդը խոսում է «այլասերվածություն» տարածելու, «ազգային արժեքները և կրոնը» պղծելու մասին։ Գրառման մեջ ասվում է նաև վերջերս տպագրված և ազգայնական ակտիվիստների կողմից քննադատվող «Իմ մարմինն անձնական է» գիրքը։

Հեղինակները խոստանում են շարունակել գործունեությունը․ «Վերցրեք 6 տարեկանների համար նախատեսած սեռական դաստիարակության գիրքը և դաստիարակեք իրար, կարևորը՝ մեր երեխաներից հեռու։ Համացանցում այդ հեռավորությունը այսուհետև ապահովելու ենք մենք»։

Գովազդը շրջանառվում էր Franco Cáceres - Cusco Rock անունով էջից, որը մոտ 3,300 հետևորդ ունի։ Այն ստեղծվել է 2010 թվականին և ներկայացնում է երաժշտական խումբը։ Էջի գրառումները իսպաներեն են և վերաբերվում են խմբի գործունեությանը՝ համերգների տեսագրություններ, միջոցառումների հայտարարություններ և այլն։

Գումարի հափշտակում՝ Ֆեյսբուքի միջոցով

Մենք կապվեցինք Franco Cáceres - Cusco Rock էջի ադմինի հետ, որը ներկայացավ որպես Ֆրանկո Կասերես։ Նա media.am-ին հայտնեց, որ ավելի վաղ նկատել է տարօրինակ գրառում իրեն անհասկանալի լեզվով։ «Ես միանգամից ջնջեցի հրապարակումը ու փորձեցի հասկանալ, թե դա ինչ էր։ Հետո տեսա, որ Ֆեյսբուքի հաշվիցս և կրեդիտ քարտիցս մեծ գումար է պահվել, և ենթադրեցի, որ պիտի այդ հրապարակման համար լիներ», - ասում է Կասերեսը։

Գովազդը տեղադրելու համար «Digital Granate»-ի անդամները կոտրել են Franco Cáceres - Cusco Rock էջը, ինչի արդյունքում նրանք ստացել են էջին կցված բանկային քարտի տվյալները։ Դրանք օգտագործելով, նրանք վճարովի գովազդ են տեղադրել։ Կասերեսի խոսքով, իր հաշվից $120 է հափշտակվել։

Կասերեսը փոխել էր էջի գաղտնաբառը և տեղյակ պահել իր բանկի աշխատակիցներին։ Սակայն մեր խոսակցության ժամանակ նրա քարտից գումար գանձելու փորձը շարունակվում էր, այս անգամ՝ $160 (media.am-ը ունի մերժված ֆինանասական գործարքի screenshot-ը)։  

Ովքե՞ր են հեղինակները

«Digital Granate» էջը ստեղծվել է այսօր՝ մայիսի 17-ին։ Այն ներկայանում է որպես հասարակական նախաձեռնություն։ Էջի դեռևս միակ գրառումը վերը նշված գովազդն է՝ Ստյոպա Սաֆարյանի, Դանիել Իոաննիսյանի, Լևոն Բարսեղյանի և Լարա Ահարոնյանի նկարներով։ Երեք օր առաջ Լարա Ահարոնյանի էջը արգելափակվել էր։

«Digital Granate» էջի հաշվի և շապիկի նկարներին հաքերական գործունեությունը խորհրդանշող պատկերներ են։

Կարինե Ղազարյան  

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?