2019.08.12,

Ստուգված է

Դավադրության տեսություններ BBC-ի մարտի 1 գործի մասին հոդվածի շուրջ

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Օգոստոսի 7-ին BBC-ի ռուսական ծառայությունը մարտի 1 գործի վերաբերյալ հոդված հրապարակեց, որը պարունակում էր հետաքննության գաղտնի փաստաթղթեր։ Հոդվածը լայնորեն քննարկվեց մեդիայում և սոցցանցերում, դառնալով նաև մի շարք դավադրության տեսությունների առարկա։

Դավադրության տեսություն N1․ Դրսից պատվեր է՝ Հայաստանի և Արցախի մեջ պառակտում ստեղծելու համար

Այս դավադրության տեսությունը տարբեր ձևաչափերով հայտնվեց մեդիայում։ Այն ակտիվորեն տարածում էր այդ թվում քաղաքագետ ներկայացող Գեղամ Նազարյանը։ Նա տեսությունը հնչեցրեց YerkirMedia-ի եթերում, իսկ նրա գրած հոդվածը նույնությամբ վերատպեցին մի քանի լրատվականներ։

Հոդվածում Նազարյանը գրում է, որ «նենգ շեշտադրումներով» BBC-ի տեքստի վերաբերյալ «ծագում են հստակ հարցեր»

BBC-ի հոդվածը Նազարյանը անվանում է «քարոզչական դիվերսիա»․ «Ո՞վ է այս վտանգավոր հրապարակման պատվիրատուն, այն դրսի՞ց է, թե ներսի՞ց։ Ո՞վ է օր առաջ ուզում Հայաստան-Արցախ պառակտում տեսնել, որ հետո նոր հոդված գրի՝ «Արցախը Ադրբեջան է եւ վերջ….»։

Հեղինակը իր հարցադրումները որևէ փաստի վրա չի հիմնում, բայց շարունակում է նոր հարցեր տալ դրանք սկսելով «իսկ եթե՞» նախաբանով։

Նազարյանը կոչ է անում միավորվել այն արտաքին թշնամու դեմ, ով, «ակնհայտորեն» պատվիրել է BBC-ի հոդվածը։ Նա նաև մեղադրում է Հանրային հեռուստատեսությունը և «5-րդ շարասյունը» հոդվածը տարածելու մեջ։

Չնայած որ BBC-ի հոդվածի տեղեկությունները հիմնված էին անանուն աղբյուրի փոխանցած և քրեական գործի մաս կազմող փաստաթղթերի վրա, Նազարյանը հենց BBC-ին է վերագրում այդ պնդումները՝ անտեսելով պնդումների հիմքը։ Նազարյանը նաև նշում է․ «քրեական գործում Արցախից ժամանած եւ ժողովրդի վրա կրակ բացած ստորաբաժանումների մասին խոսք անգամ չկա»: Սա սխալ տեղեկություն է․ գործի համար հավաքված նյութերի կոնտեքստում Արցախից ժամանակ ստորաբաժանման մասին բարձրաձայնել է նաև մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը։

Նազարյանի հրապարակումը նույնությամբ վերատպեցին aravot.am-ը, news.am-ը, 7or.am-ը, 168.am-ը և մի շարք այլ կայքեր։

Դավադրության տեսություն N2. Հրապարակման օրը պատահական չէր

Քաղաքագետ Գեղամ Նազարյանի վերը նշված հրապարակման մեջ նա նաև գրում է․ «Համահայկական խաղերի փայլուն եւ տպավորիչ բացումից հետո, որից կարկամել են Բաքվում, ոմանք ակնհայտորեն փորձում են մեզ պատասխան հարված հասցնել»։ Նազարյանը հարցնում է․ «ինչո՞ւ այսօր»։

BBC-ի հոդվածը Ստեփանակերտում Համահայկական խաղերի բացման հետ կապող դավադրության տեսությունը նույնպես տարածում գտավ մեդիայում։ Օրինակ, 1in.am-ի «Հոծ գիծ» խաղորդման շրջանակներում հաղորդավար Նվեր Մնացականյանը ձևակերպում էր այն իր հարցադրումներում․ «Ինչու՞ հիմա։ Ինչու՞ BBC-ի ռուսական ծառայությունը։ Ինչու՞ է այդ մակարդակով թարմացվում Արցախյան ջոկատի թեման և, փաստորեն, թիրախավորվում Արցախը, այն էլ՝ վարչապետի օգոստոսի 5-ի ելույթից հետո»։

Դավադրության տեսություն N3․ Պատվիրել են ոչ թե դրսից, այլ ներսից

Politik.am-ը գրեց, որ  BBC-ի հոդվածը պատվիրել են ոչ թե արտաքին թշնամիները, այլ ՍԴ դատավոր, «ՀՀ իշխանությունների հովանավորյալ Վահե Գրիգորյանի միջնորդությամբ՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ցուցումով»:

Ավելին՝ կայքը պնդում է, որ BBC-ի լրագրող Գրիգոր Աթանեսյանն «անձամբ Վահե Գրիգորյանից է ստացել փաթեթը», ում հետ նրանք վաղեմի մտերիմներ են: Գրիգորյանն էլ իր հերթին այն ստացել է անձամբ Սասուն Խաչատրյանից։

Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում հերքել է տեղեկությունը, նշելով, որ ծանոթ չէ Գրիգոր Աթանեսյանի հետ և նրան որևէ փաստաթուղթ չի փոխանցել։

Politik.am-ը իր պնդումները հիմնում է «ռուսաստանյան աղբյուրների» փոխանցած տեղեկությունների վրա։ Կայքը հաճախ է հղում անում անանուն աղբյուրներին, սակայն մի շարք դեպքերում կայքի հաղորդած տեղեկատվությունը կեղծ է դուրս եկել։

Նյութը նույնությամբ վերատպել են YerevanToday-ը, 168.am-ը և վերաշարադրել է news.am-ը։

Դավադրության տեսություն N4․ Իշխանությունների պլանն էր՝ Ղարաբաղի ուժայիններին չեզոքացնելու համար

5-րդ ալիքի եթերում ակտիվիստ ներկայացող Նարեկ Սամսոնյանը պնդեց, որ BBC-ի հոդվածը գրվել է հատուկ Արցախի գեներալներին անվանազրկելու համար։ Նպատակը մեկն է՝ վարկաբեկել, իսկ հետո բանտ նստեցնել ուժայիններին, որոնք ազատության մեջ թույլ չեն տա, որ իշխանությունը հողեր հանձնի։

Պնդումները հիմնավորելու համար Սամսոնյանը վկայակոչում է «Կարնեգի» վերլուծական կենտրոնի հոդվածի մի հատված․ «եթե ուզում ես Ղարաբաղի հարցը լուծես, այլ կերպ ասած՝ հողեր զիջես, առաջին բանը, որ պետք է անես, պետք է силовики, հենց այդպես էլ գրել էին, ուժայիններին չեզոքացնես»։

«Կարնեգի» վերլուծական կենտրոնի և ՀՀ իշխանությունների միջև կապը Սամսանյանը չմանրամասնեց։

Սամսոնյանի նկարագրությանը «Կարնեգիի» կայքում համապատասխանում է «Кавказские пленники: как разрешить дилемму безопасности в Карабахе» հոդվածը, որում բացակայում է «силовики» բառը և չկան Սամսոնյանի նշած պնդումները։

Դավադրության տեսություն N5․ Մեծ Բրիտանիայի ադրբեջանամետ քաղաքականության մասն է

Analitik.am-ը հրապարակեց գրող Վահան Իշխանյանի պնդումները այն մասին,որ BBC-ն  «հակաղարաբաղյան պրոպագանդա» է անում, ինչի երևում Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական շահերն են։

Ըսկ Իշխանյանի, բրիտանական կառավարությունը BBC-ին պատվիրել է տվել հոդվածը որպեսզի օժանդակի Ադրբեջանին, քանի որ Մեծ Բրիտանիան «Ադրբեջանի իշխանությունների թիկունք է»։

Այնուհետև Իշխանյանը պատմում է Բրիտանիայի «ադրբեջանամետ» դիրքորոշման մասին։ Օրինակ, նա մեջբերում է նախկին պատգամավոր Մայք Հենքոքին, ով ողջունում է Ադրբեջանում անցկացված հանրաքվեն։

Հենքոքը սկանդալային կերպար է․ նա մեղադրվել է Ռուսաստանի օգտին լրտեսության օժանդակման, սեռական ոտնձգության մեջ։ Նա նաև հայտնվել է ESI վերլուծական կենտրոնի «Խավիարային դիվանագիտություն․ ի՞նչպես է Ադրբեջանը լռացրել Եվրոպայի խորհուրդը» զեկույցի մեջ։

BBC-ի հեղինակի արձագանքը

«Эхо Кавказа» պարբերականին տված հարցազրույցում հոդվածի հեղինակ, հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը մեկնաբանել է նյութի շուրջ ծավալվող աղմուկը։

Նա ասել է, որ հայ-արցախյան հարաբերությունները դժվար թեմա է, բայց նաև ընդգծել է, որ հայաստանյան հասարակությունում խիստ տարածված են դավադրության տեսությունները։ «[…] շատ անառողջ մակարդակի վստահություն կա ցանկացած չարդարացված տեսությունների նկատմամբ, համապատասխանաբար, դրանք «ծաղկեցին» իմ հոդվածի շուրջ»,- ասել է Աթանեսյանը:

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *