2013.10.04,

Քննադատ

Հարցնել Սերժ Սարգսյանին

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Կազինոներում ահռելի գումարներ տանուլ տալու մասին հարցը Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղեց Ստրասբուրգում: Չեմ ուզում քննարկել՝ պե՞տք էր այդ հարցը այնտեղ տալ ընդհանրապես կամ օրակարգում ամենակարեւորը ա՞յդ հարցն էր:

Ուղղակի հարցնում եմ՝ իսկ ո՞վ պետք է տար կազինոների հարցը: Տրամաբանորեն՝ լրագրողները, ավելի տրամաբանորեն՝ ընդդիմադիր ուղղվածության լրատվամիջոցների լրագրողները:

Մի հարց էլ. իսկ որտե՞ղ կարող էին այդ հարցը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղել լրագրողները: Գործնականում՝ ոչ մի տեղ:

Բացում եմ ՀՀ նախագահի կայքի ՀՀ Նախագահի հարցազրույցները եւ մամուլի ասուլիսները բաժինը: Ահա առաջին էջի վերնագրերը.

Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ լիագումար նիստում պատասխանել է վեհաժողովի անդամների հարցերին
 
Նախագահի հայտարարությունը ԵԽ գլխավոր քարտուղար Թ. Յագլանդի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ՝ ԶԼՄ ներկայացուցիչների առջեւ 
 
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամլո ասուլիսի ժամանակ

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Լեհաստանի Նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն ԶԼՄ-երի հետ հանդիպմանն ամփոփել են բանակցությունների արդյունքները

Սերժ Սարգսյանը լրագրողների հարցերին պատասխանել է կամ արտերկրում պաշտոնական հանդիպումներից կամ էլ Հայաստանում գործընկերների հետ բանակցություններից հետո: Պարզ է, որ նման դեպքերում հարցուպատասխանի ժամանակը խիստ սահմանափակ է, ճեպազրույցին մասնակցող լրագրողների թիվը՝ առավելեւս:

ՀՀ նախագահը նախընտրում է հասարակության հետ խոսել ելույթների, ուղերձների լեզվով: Հասարակության համար կարեւոր հարցերին պատասխանելու այս ձեւաչափն է ընտրված: Լինում են բացառություններ, երբ իրադրարձություններին արագ արձագանքելու խնդիր է լինում, եւ Սերժ Սարգսյանը Հայաստանում չնախատեսված ճեպազրույց է տալիս: Այսպես եղավ, օրինակ, երբ Ռամիլ Սաֆարովի եւ Հունգարիայի մասին հրատապ ասելիք կար:

Ակնհայտ է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բաց, հրապարակային ասուլիսների կողմնակից չէ: Լրագրողների հետ նախագահի հրապարակման ենթակա վերջին անմիջական շփման հնարավորությունը նախագահական ընտրություններն էին, երբ Սերժ Սարգսյանը նաեւ թեկնածու էր: Հարցուպատասխանի արդյունքներից ամենահիշվողը «ինչքան ուզես, էնքան խփենք» պատասխանն էր

Արդեն սովորություն է դարձել՝ օրակարգային հարցերը լրագրողների համար մեկնաբանում են կա՛մ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, կա՛մ էլ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Այս ավանդույթը խախտելու բացառիկ դեպքերից մեկը 2013-ի սեպտեմբերի 4-ին էր, երբ Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի ցանկությունը այնքան կարեւորվեց, որ այն առաջինը մեկնաբանեց Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

2013-ին ՀՀ նախագահի՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մարտին կայացած հետընտրական հանդիպումը բաց չես համարի: Զրույցին մասնակցող կազմը ընտրված էր ու խիստ սահմանափակ: Ընդ որում՝ այդ հանդիպումից հետո նախագահը հույս էր հայտնել, որ ապագայում եւս պարբերաբար նման հանդիպումների եւ հարցեր քննարկելու հնարավորություն կլինի: Վեց ամիս է անցել: Հնարավորություն դեռ չի եղել:

Գուցե ժամանա՞կն է, որ 2008թ.-ից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լրատվամիջոցների հնարավորինս լայն շրջանակ ընդգրկող կազմով ասուլիս անցկացնի: Չեմ կարծում, որ միայն ելույթներն ու ենթադրվող հարցերով ճեպազրույցները բավարար են, որ նախագահը հասարակությանը հայտնի իր մտքերը  հրատապ եւ ոչ այնքան՝ տարբեր խնդիրների շուրջ:

Օրակարգային, ճիշտ հարցադրումներն մշտապես պակասում են: Գուցե նաեւ այն պատճառով, որ չեն օգտագործվում հարցեր ուղղելու հարթակներն ու հնարավորությունները:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *