2017.11.01,

Նյուսրում

Ֆրիլանս լրագրողները Հայաստանում

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հայաստանում ազատ գրաֆիկով աշխատող՝ ֆրիլանս լրագրողները քիչ են: Հեշտ չէ խմբագիրներին անընդհատ թեմաներ առաջարկել: Նրանց համար կարևոր է ունենալ ճկուն վերջնաժամկետներ,  ստեղծագործական ազատություն, միջազգային մեդիայի հետ աշխատելու հնարավորություն:

Կան լրագրողներ և լուսանկարիչներ, որոնք անցել են ֆրիլանս աշխատելու համար անհրաժեշտ դժվարությունների միջով: Նրանց պատմությունները կօգնեն հասկանալ՝ ինչ խնդիրներ ունի ֆրիլանս լրագրությունը Հայաստանում:

Գայանե Մկրտչյանը

Գայանե Մկրտչյանը լրագրող է, ով հայտնի է հիմնականում սոցիալական թեմաներով նյութերով: Երկարուձիգ տարիներ ArmeniaNow-ում աշխատելուց հետո, անցել է ազատ գրաֆիկի և թղթակցում մի շարք լրատվամիջոցների՝ JAMnews.net-ին, «Չայխանա»-ին, oc-media.org-ին: Չի ուզում ասուլիսային նյութեր անել տեղական մեդիայում և նախընտրում է ամբողջական թեմաներ լուսաբանել մեծ լսարանի համար:

Սովորաբար թեմաները Գայանեն է առաջարկում, օնլայն քննարկում են խմբագրի հետ և գործի անցնում: Որոշ լրատվամիջոցներ մանրամասն նկարագրություն են ուզում նյութի, հերոսների, հրապարկման նպատակի մասին: Արտասահմանյան խմբագիրների դեպքում, երբ կա լեզվամտածողության առանձնահատկություն, պետք է կարողանալ գլոբալ հետաքրքրության թեմաներ առաջարկել, հետո էլ բացատրել, ինչու է կարևոր դրանց լուսաբանումը (այդ առումով ավելի հեշտ է աշխատել տեղացի խմբագիրների հետ): Թեմաներն էլ տարբեր կարող են լինել՝ մարդու իրավունքների պաշտպանությունից մինչև ընտանեկան բռնություն, հաշմանդամության խնդիրներից մինչև ներառական կրթություն: Հայաստանը որպես զարգացող երկիր հետաքրքիր է արտասահմանյան մեդիային:

Արտասահմանյան մեդիայի հետ աշխատանքն իր առանձնահատկություններն ունի, դժվար է  600-800 բառի մեջ տեղավորվել, պատմել Հայաստանը որտեղ է, Գեղարքունիքը Հայաստանի որ մասում է, ինչ առանձնահատկություններ ունի, օրինակ, Կալավան գյուղը:

Սկզբնական շրջանում Գայանեն ոգևորված էր այդ ազատությամբ և նոր համագործակցություններով: Հետո դժվար եղավ և՛ ինքնակազմակերպման, և՛ ֆինանսական առումներով: Ամսական պետք է 4 կամ 5 նյութ անել միջին լրագրողական եկամուտ ստանալու համար: Քանի որ այդ նյութերը հնացող չեն և երբեմն ուշ են տեղադրվում կայքերում, հոնորարը կարող է ամիսներով ուշանալ: Գայանեն այժմ հաստիքային աշխատանք է փնտրում, որովհետև Հայաստանում դժվար է ֆրիլանս լինելով ավելին վաստակել, քան հաստիքակազմում:

Լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը ֆրիլանս աշխատելու երազանքը իրականացրել է 2016թ-ին: Մինչև այդ համագործակցել է տարբեր գործակալությունների հետ, զուգահեռ իրականացրել է սեփական նախագծերը: Երկու տարբեր ուղղություններով աշխատել երկար հնարավոր չէր, և Նազիկը որոշեց անցնել ազատ գրաֆիկի:

Նա կարծում է, որ ֆրիլանսեր լինելը մեր երկրում բավականին ռիսկային որոշում է, կորցնում ես կայուն եկամուտ, բայց փոխարենը ստանում ավելի որակյալ արտադրանք ստեղծելու հնարավորություն: Ֆինանսական դժվարությունը հաղթահարելու համար նա առաջադրանքը բաժանում է ամիսների, որպեսզի մինչև հաջորդ նախագիծը ֆինանսական հոսքեր լինեն:

Ֆրիլանսերի համար Հայաստանում լավ առաջարկներ չկան: Օրինակ, արտասահմանում կազմակերպությունները բարձր են գնահատում ֆրիլանսեր լուսանկարիչների աշխատանքը, քանի որ որակյալ լուսանկարչության միջոցով տարբեր խնդիրներ են բարձրացնում:

Հայաստանում լուսանկարչության հանդեպ վերաբերմունքը տարիների ընթացքում փոխվեց: 2000-ականներին գերատեսչությունները, խմբագրությունները լուսանկարիչների կարիք շատ ունեին, իսկ այժմ խմբագրություններն ուզում են ունենալ 7 լրագրող և ևս մեկ լրագրող, ով նաև լուսանկարել կարողանա: Մեր երկրում որակյալ լուսանկարչության պահաջարկ չկա: Ստիպված դրսի շուկա պետք է դուրս գալ:

«4պլյուս» լուսանկարիչների կազմակերպությունը, որի հիմնադիրներից է Նազիկը,  արդեն երեք տարի է՝ մասնակցում է միջազգային փառատոնների, ծանոթանում խմբագիրների, ֆոտոաշխարհի դեմքերի հետ, ներկայացնում սեփական աշխատանքները: Այսօր արդեն «4պլյուս»-ը արժեքավոր  կոնտակտներ ունի և երբեմն կարողանում է աշխատել միջազգային լրատվամիջոցների հետ:

Նելլի Շիշմանյանը

Նելլի Շիշմանյանը ֆրիլանս լուսանկարիչ է: Ազատությունը նրան ավելի է ծանրաբեռնել աշխատանքով: Նրա կարծիքով, երբ խմբագրությունում ես աշխատում, գիտես կոնկրետ հանձնարարություն կա, որը պետք է կարճ ժամկետներում ավարտես, իսկ ֆրիլանսի դեպքում կարող ես այնքան տրվել գործին, որ օրեր ու միգուցե շաբաթներ ծախսես:

Մտքի ազատության կարիք ուներ, ուներ կուտակած փորձ և որոշեց ինքնուրույն տնօրինել իր աշխատանքային ժամանակը: Իրեն լավ է զգում ֆրիլանսերի կարգավիճակում: Համոզված է, որ, ի տարբերություն լրագրողների, լուսանկարիչներն ավելի շատ հնարավորություններ ունեն դրսի պատվերներ իրականացնելու, լուսանկարչության դեպքում լեզու իմանալն այդքան էլ կարևոր չէ, ի վերջո արհեստավարժության մասին խոսում են լուսանկարները:

Ֆրիլանս դառնալիս նա կշեռքի նժարների վրա է դրել առավելություններն ու թերությունները: Ճիշտ է հոնորարներից հարկեր չի վճարում, բայց նաև աշխատանքային ստաժ չի կուտակում: Հեշտ չէ նման որոշում կայացնելը:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *