Ֆուտբոլային տենդը մեդիայում

11.10.2011, Քննադատ

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Նախկին Հարավսլավական հանրապետություն Մակեդոնիայի հետ Հայաստանի հավաքականի ֆուտբոլային հանդիպումից առաջ եւ հատկապես հետո հայաստանյան մեդիայում ֆուտբոլը գերակշռում է:

Հավաքականին ոգեշնչող «Հավատում ենք...» խորագրով տեսահոլովակներն անըդհատ եթերում են, ֆուտբոլիստների բոլոր 21 գոլերը օրվա տարբեր ժամերին կարելի է դիտել ամենատարբեր հեռուստաալիքներով:

Ցանցային լրատվամիջոցներին երկար ժամանակ պետք չէր հասկանալու՝ որքան շատ ֆուտբոլային հոդվածներ, այնքան շատ այցելուներ եւ ռեյտինգ:

Դե իսկ սոցիալական ցանցերում ֆուտբոլի թեման հաղթում է անվերապահորեն: Հայաստան-Իռլանդիա հանդիպմանը նվիրված պաստառներ, թարմ լուրեր, քննարկումներ: Ֆուտբոլասերները Հայաստանի հավաքականի գոլերի, հանդիպումների մասին YouTube-ում ավելի ու ավելի շատ հոլովակներ են տեղադրում:

Հոկտեմբերի 10-ին «Հայլուր»-ի գլխավոր թողարկմանը ֆուտբոլի մասին ռեպորտաժ էր պատրաստել Արթուր Գրիգորյանը, ով ավելի հայտնի է հայ-թուրքական, ղարաբաղյան թեմաների լուսաբանմամբ: Հանրային հեռուստաընկերության եթերում այս օրերին ֆուտբոլը նշանակությամբ հավասարվել է քաղաքականությանը:

Ես՝ որպես մեդիա սպառող եւ ֆուտբոլասեր, ավելի շատ փնտրում եմ մեր ֆուտբոլիստների խաղին եվրոպական ու ռուսական արձագանքներ: Ոչ միայն ան պատճառով, որ հետաքրքիր է քո երկրի մասին ուրիշի ասածը լսելը: Ուղղակի հայաստանյան մեդիայում այս ֆուտբոլային օրերին մի քիչ պակասում են վերլուծական հրապարակումները, քննարկումները:

Բոլորը հիացած են եւ սպասում են հաղթանակի: Բայց մակեդոնացիների հետ խաղի սխալների վերլուծությունը, իռլանդացիների տակտիական սխեմաներ մասին տեղեկատվությունը, մեր հնարավորությունների իրական գնահատականները մի տեսակ չեն հերիքում: Այս իմաստով, օրինակ, Գարդիանի այս հրապարակումից հաճույք ստացա:

Իսկ ընդհանուր, ֆուտբոլը Հայաստանում զարգանում է եւ, բնականաբար, մեդիայում գերակշռող թեմա է դառնում: Սպասենք ֆուտբոլային մեկնաբանների նոր սերնդի:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?