Մեկ ցուցանիշ, երկու վարչապետ, երեք տարբեր թվեր

26.10.2017, Ստուգված է

Հոկտեմբերի 24-ին կայացած համատեղ ասուլիսի ժամանակ Ռուսաստանի և Հայաստանի վարչապետները տարբեր վիճակագրական տվյալներ հնչեցրեցին երկու երկրների ապրանքաշրջանառության մասին։

Ըստ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ 2017թ. առաջին 8 ամսվա կտրվածքով երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 23.5%-ով: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի տվյալներով՝ այդ թիվը կազմում է 30%:

Փորձենք պարզել ճշմարտությունը՝ հենվելով պաշտոնական տվյալների վրա։

ԱՎԾ տվյալներ

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների՝  Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառությունը 2017թ.-ի հունվար-օգոստոսին կազմել է 991.7 մլն ԱՄՆ դոլար, որից 310 մլն ԱՄՆ դոլարը կազմել է ՀՀ-ից ՌԴ արտահանումը, իսկ 681.7 մլն դոլարը` ներմուծումը։

ԱՎԾ-ի տվյալների հիման վրա կառուցված 2016-2017թթ համեմատականը ներկայացված է աղյուսակ 1-ում։

Աղյուսակ 1.ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը ըստ բաղադրիչների ԵԱՏՄ երկրների հետ, մլն դոլար

Արտաքին ապրանքաշրջանառության պատկերը ավելի ամբողջական դարձնելու համար աղյուսակ 2-ում ներկայացվել են նաև դրա ձևավորման բաղադրիչները:

Աղյուսակ 2. ՀՀ արտաքին առևտրաշրջանառություն ըստ բաղադրիչների, մլն դոլարներով

Այսպիսով հայաստանյան վիճակագրությունը ամրապնդում է Կարեն Կարապետյանի հնչեցրած թիվը՝ 2017թ. հունվար-օգոստոսին ՀՀ-ՌԴ ապրանքաշրջանառությունը աճել է 23.5%-ով, ընդ որում՝ արտահանումը աճել է 36.6%-ով, իսկ ներմուծումը՝ 18.3%-ով։

Հիմա տեղափոխվենք Ռուսաստան ու ուսումնասիրենք ՌԴ վիճակագրական տվյալները։

ՌԴ պետական վիճակագրության դաշնային ծառայություն

ՌԴ վիճակագրական մարմնի տվյալներով՝ 2017թ.-ի հունվար-օգոստոսին ՌԴ-ն իրականացրել է 365.2 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն, որից ՀՀ-ի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 973 մլն ԱՄՆ դոլար, 2016թ համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճելով 28.4%-ով (2016թ.` 758 մլն ԱՄՆ դոլար)։

Արձանագրենք, որ 2017 հունվար-օգոստոս ամիսների համար ՀՀ ԱՎԾ տվյալներով արտաքին ապրանքաշրջանառությունը ՌԴ-ի հետ կազմել է 991.7 մլն ԱՄՆ դոլար, իսկ ՌԴ վիճակագրական մարմնի տվյալներով այն կազմում է 973 մլն դոլար:

ՀՀ ԱՎԾ-ի կողմից 2017թ. թվային առումով շեղումը կազմում է մոտ 19 մլն ԱՄՆ դոլար (իսկ տոկոսային առումով 2%)։

Ուշագրավ է, որ 2016թ. համապատասխան ժամանակաշրջանի տվյալները ևս տատանվում են, մասնավորապես ըստ ՌԴ տվյալների ՀՀ-ի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 758 մլն ԱՄՆ դոլար, իսկ ըստ ԱՎԾ-ի՝ 803.2 մլն ԱՄՆ դոլար:

Թվային առումով շեղումը կազմում է մոտ 45 մլն ԱՄՆ դոլար (իսկ տոկոսային ավելի քան 5%)։  

Ինչպես տեսնում ենք, Հայաստանի հանրապետության վիճակագրությունը մշտապես ներկայացնում է ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառության ավելի մեծ թվային պատկեր, քան ՌԴ-ինը։

Հասկանալի է, որ ՌԴ արտաքին առևտրում ՀՀ-ն աննշան դեր է խաղում, իսկ մեր տնտեսության և վիճակագրական պատկերի տեսանկյունից ՌԴ-ի դերակատարումը անհամեմատ մեծ է:

Օրինակ, ՌԴ-ի հետ մի քանի միլիոն դոլարի արտաքին առևտրաշրջանառության ավելացումը կարող է էականորեն փոխել ՀՀ տնտեսության իրական պատկերը, մինչդեռ նման «վարժությունը» ՌԴ տնտեսության վրա մեծ հաշվով աննշան ազդեցություն կունենա։

Հեշտ է նկատել, որ տոկոսային շեղման նման տարբերությունները` 2% (2017թ) և 5% (2016թ), վկայում են այն մասին, որ դրանք մեթոդաբանական տարբերությունների հետևանք չեն։

Ակնհայտ է, որ  նույնիսկ ՌԴ պաշտոնական վիճակագրությունը չի ամրապնդում Մեդվեդևի հնչեցրած 30% հավելաճը, մինչդեռ Կարեն Կարապետյանի թվերը մատնանշված են ԱՎԾ վիճակագրության մեջ։ Սակայն ինչպես նկատում ենք, վիճակագրական խնդիրը առկա է։

Հետաքրքիր էր ուսումնասիրել նաև  ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի վիճակագրությունը ՀՀ-ՌԴ առևտրի մասով, առավել ևս, որ երկու մարմիններն էլ տվյալները ներկայացնում են ԵԱՏՄ դասակարգիչներով։

ԵԱՏՄ վիճակագրական տվյալների վերլուծություն

Համաձայն 2017թ․ հոկտեմբերի 25-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում զետեղված վիճակագրական տվյալների՝ ԵԱՏՄ անդամ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2017թ․ հունվար-օգոստոսին կազմել է 34․2 մլրդ ԱՄՆ դոլար, կամ էլ 2016թ համապատասխան ցուցանիշը գերազանցել է 27․5%-ով։

Աղյուսակ 3-ում փորձել ենք ուսումնասիրել ՀՀ առևտուրը ԵԱՏՄ շրջանակներում։

Աղյուսակ 3․ ՀՀ-ից արտահանումը դեպի ԵԱՏՄ 2016-2017թ հունվար-օգոստոսին

Ինչպես նկատում ենք, ըստ ԵԱՏՄ վիճակագրության ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանումը նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճել է 36․6%-ով: Ուշագրավ է, որ այս մասով ևս ԱՎԾ տվյալները համընկնում են ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի տվյալների հետ։

Ներկայացրել ենք ապրանքաշրջանառության հաջորդ բաղադրիչը՝ ներմուծումը (Աղյուսակ 4)։

Աղյուսակ 4․ ԵԱՏՄ երկրներից ներմուծում դեպի ՀՀ, 2016-2017թ հունվար-օգոստոսին

Ինչպես նկատում ենք ներմուծման տվյալները շուրջ 1%-ով տարբերվում են ԱՎԾ տվյալներից (ըստ ԱՎԾ-ի 2017թ հունվար-օգոստոսին ՌԴ-ին ներմուծումը կազմել է 681.7 մլն դոլար)։

Դիտարկվող ժամանակաշրջանում ըստ ԵԱՏՄ տվյալների (աղյուսակ 3 և 4) ՀՀ-ի ապրանքաշրջանառությունը ՌԴ-ի հետ 2017թ հունվար օգոստոսին կազմել է 983.8 մլն ԱՄՆ դոլար (673.8+310), իսկ 2016թ հունվար-օգոստոսին՝ 729 մլն դոլար (505.5+223.4):

Այսինքն` ըստ ԵԱՏՄ տվյալների՝ ՀՀ արտաքին ապրանքաշրջանառությունը ՌԴ-ի հետ աճել է 35%-ով։

Ամփոփելով ասենք, որ չնայած առկա շեղումներին՝ Կարեն Կարապետյանի տվյալները ավելի մոտ են թվում իրականությանը, քանի որ, օրինակ, ԱՎԾ-ի արտահանման թիվը համընկնում է ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի թվի հետ, իսկ ներմուծման մասով շեղումը նշանակալի չէ։

Հաշվի առնելով, որ չափման միավորը եղել է ԱՄՆ դոլարը, տվյալների ձևավորվել են նույն աղբյուրներից և դասակարգվել են նույն հիմքերով:

Եվ անհասկանալի է, թե ինչպես են երեք կառույցների (ՀՀ ԱՎԾ, ՌԴ պետական վիճակագրություն, ԵԱՏՄ) թվերը նույն ցուցանիշի մասով իրարից էականորեն տարբերվում։

Նման տարբերությունները խորացնում են կասկածները վիճակագրական տվյալների հավաստիության հանդեպ։

Լրագրողների համար

Նյութը գրելիս օգտագործվել են հետևյալ պատշոնական աղբյուրները.

1) ԱՎԾ վիճակագրությունը, տես էջ 78-80:
2) ՌԴ վիճակագրության համար հիմք է ծառայել պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվությունը:
3) ԵԱՏՄ վիճակագրությունը, մասնավորապես 2016 և 2017թթ հոկտեմբերի 25-ին հրապարակված վերլուծական տեղեկանքներում ներկայացված տվյալները։

Արտակ Մանուկյան
տնտեսագետ

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?