Հեռարձակման մրցույթներ փաստացի չեն եղել

02.03.2011, Քննադատ

Առցանց «Առավոտի» խմբագիր

«Մեզ ընդամենը թույլ տվին մի հեռուստաընկերություն ունենալ»,- խոստովանում է նախկինում երկու հեռուստաալիքների սեփականատերը:

2011 թվականի հունվարի 26-ին «Հրապարակ» օրաթերթում հրապարակվեց հետեւյալ հարցուպատասխանը «Գրանդ հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանի հետ

- Որոշ ժամանակ առաջ խոսք էր գնում, որ Ձեր հեռուստաընկերությունը՝ «Ար»-ը, պետք է փակվի: Ինչ-որ համաձայնության եկա՞ք, ինչ-որ հարցեր լուծվեցի՞ն, որ չփակվեց հեռուստաընկերությունը:

- Չէ, տենց խոսք չկար կոնկրետ «Ար»-ի մասին: Ուղղակի կար որոշում, որ երկու հեռուստաալիք ոնց որ թե համարվում էր շատ, կամ չգիտեմ իրենք ոնց էին համարում: Մեզ ընդամենը թույլ տվին մի հեռուստաընկերություն ունենալ, որի մեջ խտացրինք երկու հեռուստաալիքների հաղորդումները:

- Ասել է թե՝ «Հայրենիքն» այլեւս չի՞ լինելու եթերում:
- Երկուսն էլ լինելու են: Ցերեկվա ժամերին լինելու է «Հայրենիքը», երեկոյան ժամերին՝ «Ար»-ը:

Ընդամենը մի քանի տող, որոնցում կա «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի առնվազն մի քանի խախտումների մասին վկայություն:

Նախ` օրենքը հստակ հակամենաշնորհային երաշխիքներ է սահմանում, որ իրավաբանական կամ ֆիզիկական անձը, կամ թեկուզ նրան փոխկապակցված անձինք կարող են ունենալ եթերային հեռարձակում իրականացնող ոչ ավելի, քան մեկ հեռուստաընկերության արտոնագիր:

Երկրորդ` «Ար»-ը հաղթեց օրենքով հստակ սահմանված մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական ուղղվածության մրցույթում: Եվ այն, որ այժմ այդ հեռուստաընկերությամբ շարունակում են հնդկական կինոներ ցուցադրել կամ փորձում են, ինչպես ասում է պրն Վարդանյանը` խտացնել ցերեկվա ժամերին «Հայրենիք», երեկոյան ժամերին՝ «Ար»` բնավ չի համապատասխանում արտոնագրի այն պայմաններին, որը ստացել է այս ընկերությունը:

Սակայն ամենակարեւորն այս փոքրիկ պարբերության մեջ հետեւյալ նախադասությունն է. «ՄԵԶ ԸՆԴԱՄԵՆԸ ԹՈՒՅԼ ՏՎԻՆ ՄԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ»: Եվ Հրանտ Վարդանյանի այս անկեղծ խոստովանությունն ընդամենն այն է, ինչը եւ պահանջվում էր ապացուցել, ինչի մասին արդեն վաղուց էին կասկածներ հայտնում ոլորտի փորձագետները: Այն է` վաղօրոք պայմանավորվածության տպավորություն էր թողնում, թե ինչպես հեռուստաընկերությունները մասնակցեցին այս մրցույթին:

Իհարկե, երբ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանից էինք հետաքրքրվում, թե ինչպես է բացատրում, որ մրցութային այս ողջ գործընթացը վերածվեց գերազանցապես իմիտացիայի՝ իր մեկական, արդեն իսկ հաղթած մասնակիցներով (հայտարարված 18 մրցույթներից 16-ին մասնակցում էին մեկական ընկերություններ) պատասխանում էր. «Ակնհայտ է, որ հեռուստատեսային գործունեությունը, զուտ հեռանկարայնության իմաստով, գրավիչ չէ, քանի որ փոքր է գովազդային մեր պաշարը, որը պետք է կենսական միջավայր դառնա հեռուստաընկերությունների գործունեության կենսապահովման համար»:

Սակայն ակնհայտ է` հեռուստաոլորտը գրավիչ ոլորտ է գոնե այնքան, որ մրցույթների ապագա մասնակիցները նախապես պայմանավորվել, իրար մեջ բաժանել էին` ով որ արտոնագիրը ստանալու համար է հայտ ներկայացնելու, ով ընդհանրապես չի ներկայացնելու (բացառությունն «Ա1+»-ը եւ «Գալա»-ն են: Դե ԱԼՄ-ին էլ ակնհայտորեն ինչ-որ բաներ էին խոստացել` հետո խաբել): Սա շատ նման է ընտրական այն արատավոր ավանդույթին, որը վերջին շրջանում հաստատվել է Հայաստանում` այն է, մեկ թեկնածուով` նախապես հայտնի ելքով ընտրություններ:

Միաթեկնածու այդ մրցույթների վերաբերյալ, որոնք փաստացի մրցույթ էլ է դժվար անվանել` ՀՌԱՀ-ի կայացրած որոշումներից կասկած է ծնվում, թե այդ հանձնաժողովի անդամները չեն ընթերցել անգամ հայտ ներկայացրած հեռուստաընկերության մրցութային առաջարկը: Քանի որ որոշումների մեջ նույնիսկ թվարկված չէ, թե ներկայացված տվյալ առաջարկն ինչպես է բավարարում օրենքով սահմանված չափորոշիչները` հաղթողին որոշելու համար: Ուղղակի նշված է. «Ընկերության ներկայացրած հայտի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք բավարարում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները»: Վերջ այսքանը` հետագա 10 տարիներին հեռուստադիտողն առանձնապես պահանջներ էլ չի կարող ներկայացնել, որ այս ընկերությունները կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները:

Թեեւ անգամ նախորդ մրցույթների ընթացքում նրանց ստանձնած պարտավորությունների համար, առնվազն դրա համար լիազորված մարմինը` ՀՌԱՀ-ը, երբեք հեռուստաընկերություններին որեւէ պահանջ չներկայացրեց, չտուգանեց խախտումների համար; Տույժերը, տուգանքները, նախանձախնդիր վերաբերմունքը ՀՌԱՀ-ը պահպանում է բացառապես այն հեռուստաընկերությունների համար, որոնք փոքրիշատե ինքնուրույնություն են հանդես բերում:

Ինչեւէ, Հայաստանում հետագա 10 տարիներին մրցույթներ չեն լինելու: Եվ եթե ամեն ինչ այսպես էլ շարունակվելու է` մրցութային գործընթացն ընդանրապես իմաստազուրկ է, նյարդերի եւ ջանքերի անիմաստ վատնում: Միեւնույն է` գործունեություն ծավալելու հնարավորություն են ստանում նրանք, ում դա թույլատրվում է նախապես:

Աննա Իսրայելյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?