Թվայնացվող հեռուստատեսությունը նոր չափող կունենա

16.12.2015, Նյուսրում

Լրագրող, արվեստի քննադատ

Հայաստանում փոխվում է հեռուստալսարանի չափումներ իրականացնող ընկերությունը:

2016 թվականի հունվարի 1-ից «GFK» շվեյցարական հետազոտական ընտանիքի արտոնագրով աշխատող «Տելեմեդիակոնտրոլ» հայաստանյան ընկերությունը դուրս է գալու շուկայից:

Նրա փոխարեն աշխատանքի կանցնի «Ադմոսֆեր Արմենիա» նորաստեղծ մասնավոր ընկերությունը, որի գործընկերը «Նիլսեն Ադմոսֆեր» չեխական չափողն է:

Որպես նախապատմություն հետաքրքիր է, որ մեդիա չափումներ ու ուսումնասիրություններ անցկացնող «ԷյՋիԲի Նիլսեն Մեդիա Ռիսըրչ» (AGB Nielsen Media Research) խոշոր կորպորացիան առաջին չափողն էր Հայաստանում, որը 2005-2008 թթ.-ին դաշտի մոնոպոլիստ էր:

Հետո Հայաստանում հայտնվեց երկրորդ չափողը՝ «Տելեմեդիակոնտրոլ»-ը, և որոշ ժամանակ Հայաստանի հեռուստադաշտը միանգամից երկու չափող ուներ՝ «Նիլսեն»-ը և «Տելեմեդիակոնտրոլ»-ը: Ի վերջո, մնաց միայն վերջինը, որը 2010 թվականին մրցույթը շահեց (առանց «ԷյՋիԲի Նիլսեն»-ի մասնակցության), բայց 2015 թվականին որոշեց հեռանալ Հայաստանից:

Պարզ դարձավ, որ Հայաստանի հեռուստատեսությունը մնալու է առանց չափողի:

Խնդիրն այն է, որ 2016 հունվարի 1-ից Հայաստանի հեռուստատեսությունն անցում է կատարում թվային հեռարձակման, իսկ «Տելեմեդիակոնտրոլ»-ն այս պահի դրությամբ ունակ է չափել միայն անալոգային հեռուստատեսությունը:

Եվ քանի որ «ՋիԷֆՔեյ» (GFK) ընկերությունը ցանկություն չի հայտնել հավելյալ և բավականին մեծ ներդրումներ անել Հայաստանում և արդիականացնել սարքավորումներն ու տեխնոլոգիան՝ դրանք համապատասխանեցնելով թվային ազդանշանի չափմանը, «Տելեմեդիակոնտրոլը» կհեռանա շուկայից: Այսպես ասած՝ հայտարարել է ինքնաբացարկ:

«Տելեմեդիակոնտրոլ»-ի գործադիր տնօրեն Վազգեն Ավետյանն ասաց, որ Հայաստանի փոքր գովազդային շուկան «ՋիԷֆՔեյ»-ի համար հետաքրքրություն չի ներկայացնում, քանի որ ներդրումներն ու ակնկալվող շահույթը համեմատելի չեն:

Բացի այդ՝ «ՋիԷֆՔեյ»-ին երախշիքներ են պետք: Այդ խոշոր միջազգային ընկերությունն անգամ Բելառուսում աշխատելուց է հրաժարվել, թեև շահել է տենդերը: Պատճառն այն է, որ Բելառուսը «ՋիԷֆՔեյ»-ին չի տվել բանկային երաշխիքներ:

Նորաստեղծ ընկերություն

Հայաստանի հեռուստադաշտը հայտնվեց հետաքրքիր իրավիճակում. չափող չկա, առանց չափողի էլ չի լինի:

Արդյունքում՝ ստեղծվեց «Ադմոսֆեր Արմենիա» մասնավոր ընկերությունը, որը հանրապետական հեռուստաչափումներ կիրականացնի բացառիկ կարգով ու մուտք կգործի շուկա՝ առանց նախապես հայտարարված մրցույթի ու մրցակիցների: Մրցույթի կարիք չի զգացվել, թերևս, այն պատճառով, որ մրցակիցներ չեն եղել: Խոշոր միջազգային չափողները չեն շտապում Հայաստան գալ, իսկ թվային հեռուստատեսություն չափողները, որպես կանոն, խոշոր են ու միջազգային:

Վազգեն Ավետյանն ասաց, որ նոր չափող ընկերություն ձևավորելը «Տելեմեդիակոնտրոլ»-ի աշխատակիցների նախաձեռնությունն էր: Հենց նրանք սկսեցին միջազգային ասպարեզում որոնել Հայաստանին համապատասխանող չափող, գտան այն ու համատեղ աշխատելու պայմանագիր կնքեցին:

Այդ չափողը դարձավ Չեխիայում (նաև Բուլղարիայում և Սլովակիայում) աշխատող «Նիլսեն Ադմոսֆեր»-ը, որն իր ստեղծման օրվանից տեղական ընկերություն էր՝ «Մեդիա Ռիսըրչ» (Media Research) անվամբ: Այն հայտնվեց հետազոտական մեթոդիկայի ու տեխնոլոգիայի հսկա «Նիլսեն» ընկերության ուշադրության կենտրոնում: «Նիլսեն»-ը դարձավ համասեփականատեր՝ ձեռք բերելով «Մեդիա Ռիսըրչ»-ի 51% բաժնեմասը:

Այսպես «Նիլսեն»-ը հասավ Չեխիա, հետո ճյուղավորվելով՝ Հայաստան: Պարզապես Հայաստան հասնելուն պես անհետացավ «Նիլսեն» բառը:

«Նիլսեն» բրենդը հայաստանյան ընկերությունն իր անվան մեջ չի նշում, ինչը թույլ կտար հեղինավոր ընկերությանը միանգամից հղում անել:

«Տելեմեդիակոնտրոլ»-ի և միաժամանակ «Ադմոսֆեր Արմենիա»-ի գործադիր տնօրեն Վազգեն Ավետյանը դրանում տարօրինակ բան չի տեսնում: Ըստ նրա՝ «Ադմոսֆեր» բրենդն արդեն վաղուց նույնականացվում է «Նիլսեն»-ի հետ: Եվ ոչ մի տարբերություն չկա, թե այդ երկու բրենդներից որ մեկն է կազմում հայաստանյան ընկերության անվան մասը:

Տարբերություններ թերևս կան: «Նիլսեն»-ը, որպես կանոն, միշտ ինքն է ձևավորում ընտրանքը, տարբեր երկրներում հիմնվում իր ընտրած մասնագետների վրա, միայն իր արտադրած սարքավորումներն ու ծրագրային ապահովումներն օգտագործում: «Նիլսեն» բրենդի ծրագրային ապահովումը «Արիաննա»-ն է (Arianna), «Ադմոսֆեր Արմենիա»-ն օգտագործելու է չեխական «Էդվինդ Քայթ»-ը (Adwind Kite):

Նորաստեղծ ընկերությունը շնորհադես է կազմակերպել ու ներկայացրել իր հետագա քայլերը: Ընկերության գլխավոր տնօրեն Արման Վարդանյանն ասել է, որ հեղինակավոր հեռուստաչափողի ի հայտ գալը հայտնի ընկերություններին կօգնի ավելացնել Հայաստանում տեղադրվող գովազդի ծավալը:

Այժմ «Նիլսեն Ադմոսֆեր»-ի չեխ մասնագետները «Ադմոսֆեր Արմենիա»-ի հետ միասին մշակում են իրենց հետագա անելիքներն ու նախապատրաստվում մուտք գործել շուկա՝ նոր պատվիրված հետազոտություններով, դրանց հիման վրա կազմված ընտրանքով, չափման պանելներով ու մեթոդաբանությամբ:

Չափման նորույթները

«Ադմոսֆեր Արմենիան» այլևս կկարողանա չափել ոչ միայն համապետական հեռուստաեթերը, այլև արբանյակային և մալուխային հեռուստատեսությունը, IP հեռուստատեսությունը և դրա catch up (հեռուստաեթերի ժամանակացույցից անկախ) դիտումները: Հնարավոր կդառնա նաև նոր սերնդի հեռուստացույցների տվյալների հավաքագրումը:

Կիրառվելու է «audiomatching» տեխնոլոգիան, որը արագ կմշակի դիտվող հեռուստաարտադրանքի ձայնն ու կուղարկի տվյալները գլխավոր սերվեր (ենթադրվում է 8 րոպե ուշացումով): Ձայնային ճանաչելիությունը փոխարինելու է կադրային ճանաչելիությանը:

Ըստ Վազգեն Ավետյանի՝ հարկավոր չի լինի սպասել, ինչպես նախկինում, մինչ տվյալները հավաքագրվեն, կուտակվեն սերվերի վրա, դրանք առցանց ռեժիմով կարելի է տեսնել սերվերի վրա:

Ցանկացած չափման հիմքում ընտրանքն է, տվյալ երկրի հասարակությունը լավագույնս արտացոլող փոքր մոդելը, որը ցույց է տալիս հարցվողների քանակը, սեռը, կրթության աստիճանը, սոցիալական դիրքը և այլ բնորոշումները: Կարելի է կիրառել նաև ավելի նուրբ չափորոշիչներ և խորքային սոցիալոգիական հետազոտություն կատարել (ո՞վ, ի՞նչ, ե՞րբ և ինչու՞ է հեռուստացույց դիտում, ի՞նչ լեզվով և ի՞նչ սպասելիքներով):

Վազգեն Ավետյանը նշում է, ու ընտրանքը կառուցելիս իրենք հիմնվել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների վրա: Տվյալները հավաքագրել է «ԱյՓիԷմ Ռիսըրչ» (IPM Research) մարքեթինգի և հանրային կարծիքի ուսումնասիրման միջազգային ինստիտուտը: Հետո ընտրանքի ձևավորում է կազմվել և որոշվել, թե որքան տնային տնտեսություններում պետք է տեղադրվեն մարդաչափերը՝ peoplemeter-ները, որպեսզի չափման արդյունքները գոհացուցիչ լինեն:

Այժմ հայտնի է, որ մարդաչափերը կտեղադրվեն Հայաստանի 20 քաղաքների 375 տնային տնտեսություններում:

Հետաքրքիր է, որ «Տելեմեդիակոնտրոլ»-ը աշխատում էր ավելի քիչ՝ 300 տնտային տնտեսությունների արդյունքների հետ: Վազգեն Ավետյանը վստահեցնում է, որ տնտեսությունների ավելացումը կատարվել է չափումների՝ ավելի կայուն ու մանրակրկիտ լինելու նպատակով:

Աշխարհում քիչ են ընտրանքի ձևավորում պատրաստող մասնագետները: Եվ չափումների օբյեկտիվության հիմնական մեխը հենց ընտրանքն է:

Սովորաբար հետազոտության արդյունքում ստեղծված ընտրանքը հիմնվում է երեք հիմնական աղբյուրների վրա:

ա) ընդհանուր վիճակագրական տվյալները
բ) էլեկտրական հաշվիչների ցուցանիշները (եթե հաշվիչը պտտվում է, ուրեմն այդ տանը իրականում, այլ ոչ միայն փաստաթղթով ապրող կա):
գ) ստացիոնար հեռախոսային բազան (եթե մարդ կա, ուրեմն երբեմն խոսում է հեռախոսով):

Այդ երեք ուսումնասիրությունների համադրման արդյունքում էլ ի հայտ է գալիս հնարավորինս իրատեսական պատկերը:

Հիմա երբ հունվարի 1-ից նոր (ենթադրաբար թարմ ու ճշգրիտ) ընտրանքի համապատասխան չափումներ կիրականացվեն, սպասելի է, որ դեկտեմբերի ու հունվարի արդյունքների միջև տատանումներ լինեն:

Սոցիալ-տնտեսական իրավիճակը ու ժողովրդագրական պատկերը Հայաստանում վերջին տարիներին փոխվել է: Եվ եթե նոր չափողի ցուցանիշները իրականում մոդելավորում են ներկան ու հնարավորություն տալիս խոսել անկախ տվյալների բազայի ստեղծման մասին, տարբերությունները հնարավոր է լինեն զգալի:

Այժմ  Հայաստանում «Տելեմեդիակոնտրոլ»-ը դեռ աշխատում է, իսկ «Ադմոսֆեր Արմենիա»-ն արդեն պատրաստվում է աշխատել, բայց երկու չափող ընկերությունների աշխատակազմը գրեթե նույնն է, կարելի է ասել, որ ցնցումային տատանումներ չեն լինի: Դա ո՛չ նախորդ, ո՛չ էլ հաջորդող չափողին է պետք:

Բացի դրանից անալոգայինից թվային անցումը կտրուկ չի լինելու: Այն իրականացվելու է փուլերով՝ ըստ սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար թվային հեռարձակման ազդանշանն ընդունելու համար անհրաժեշտ DVB-T2 կցուրդների տրամադրման:

Հնարավոր է, որ հունվար ամսին երկու ընկերությունների արդյունքները համադրվեն ու միջինացվեն:

Նունե Հախվերդյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?