2019.03.25,

Քննադատ

Ինչպես է Ֆեյսբուքը խրախուսում հայհոյանքները

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Խոսքն այն մասին չէ, որ սոցցանցերում մարդիկ հաճախ իրենց կորցնում են և գրում ավելին, քան կասեին իրական կյանքում, եթե խոսքի հասցեատերը կանգնած լիներ իրենց դիմաց։ Դա ընդհանուր ինտերնետի խնդիրն է, միայն Ֆեյսբուքինը չէ։

Բայց հենց Ֆեյսբուքն ունի մի յուրահատկություն, որը փաստացի դրդում է էջերի ադմիններին խրախուսել ցածր որակի քննարկումները։ Այս ամենը սկսվել է վաղուց, իսկ ամրապնդվել՝ մեկ տարի առաջ։

Ինչպես հայտնի է ֆեյսբուքն ունի ալգորիթմ, որը որոշում է, թե յուրաքանչյուրս մեր լրահոսում ինչ կտեսնենք և երբ։

Մենք կարող ենք ունենալ հազարավոր ընկերներ, հավանել հարյուրավոր էջեր, բռնի կերպով դառնալ հազարավոր անիմաստ խմբերի անդամ, բայց մեր պատերին կտեսնենք խիստ սահմանափակ քանակի գրառումներ։

Ֆեյսբուքին պետք է, որ մենք չխելագարվենք բազմազան և ահռելի քանակի տեղեկատվությունից և դուրս չգանք սոցցանցից, քանի որ պետք է գովազդ դիտենք․ դա է մեր իրական գործը Ֆեյսբուքում։

Այսպիսով, ալգորիթմն անհատապես ձևավորում է լրահոսները՝ հիմնվելով հազարավոր չափանիշների վրա, որոնք Ֆեյսբուքում կոչում են սիգնալներ։ Սիգնալների մի մասը գաղտնի են, մի մասը՝ պարզաբանվել են ադմինիստրացիայի կողմից։ Եվ ամենակարևորը, ալգորիթմն անընդհատ փոփոխվում է, ուսումնասիրվում է մարդկանց վրա դրա ազդեցությունն ու կրկին ձևափոխվում։

Մոտ մեկուկես տարի առաջ Ֆեյսբուքի ղեկավարությունը եկավ այն եզրակացության, որ մարդիկ ավելի շատ ուզում են կարդալ իրենց ընկերների գրառումները, քան լրատվական կայքերի էջերը։ Եվ հերթական անգամ նվազեցրեց էջերի ցուցադրումները լրահոսներում։

Սակայն դրվեց մի պայման, որը թույլ է տալիս մեծացնել լրատվականների ցուցադրումները։

Ֆեյսբուքը կարևորում է քննարկումները։ Եթե ձեր էջի նյութը ստանում է շատ մեկնաբանություններ, այն ավելի մեծ քանակի մարդկանց է ցուցադրվում, քան, օրինակ, շատ լայքեր ստացած, բայց քիչ քննարկվող հրապարակումը։

Այս մոտեցման իմաստը շատ պարզ է․ մեկնաբանությունները շատ են, ուրեմն թեման հետաքրքիր է։ Իսկ եթե հրապարակումը հետաքրքրում է ձեր ընկերներին, ուրեմն մեծ է հավանականությունը, որ ձեզ էլ այն դուր կգա և կհայտնվի ձեր լրահոսում։

Բնականաբար, էջերի ադմինները, որոնք ողբում էին, երբ ալգորիթմը փոփոխվեց, քանի որ կտրուկ այցելությունների անկում էր նկատվում, արագ կողմնորոշվեցին և սկսեցին էջերում գեներացնել քննարկումներ։

Հանրահայտ “Giny kaseq?”, որը տասնյակներով հայտնվում է զանազան ֆեյսբուքյան խանութներում, հենց այս ամենի հետևանքն է։ Նպատակը գինը չգրելն է, որպեսզի բոլորը տակը տեղադրեն հարցն ու այդպիսով ազդեն ալգորիթմի վրա։

Եթե խանութներից գանք լրատվական դաշտ, կտեսնենք, որ մեկնաբանությունների հարցը շատ ավելի լուրջ է։ Ցավոք, հասարակական, քաղաքական բնույթի հոդվածների տակ մեկնաբանությունները հազվադեպ են լինում շատ խորիմաստ և բովանդակալից։

Հիմնականում դրանք էմոցիոնալ են, իսկ հաճախ՝ պարունակող անեծք, հայհոյանք։ Քանի որ լսարանը «նորմալ» մեկնաբանություններ քիչ է անում, շատ լրատվականների ադմիններ և խմբագիրներ սկսում են խրախուսել ցածրորակ քննարկումներ։ Դա արվում է կամ սադրիչ նյութեր/վերնագրեր հրապարակելով, կամ մեկնաբանություններում մոդերացիայի բացակայությամբ։

Այսինքն, մեկնաբանությունները չեն զտվում, ատելության ամեն մի խոսք կամ հայհոյանք պարունակող գրառում հանգիստ տեղ է գտնում հրապարակումների տակ։

Խմբագիրը գերադասում է ունենալ մեծ քանակի «վատ» մեկնաբանություններ, քանի որ առանց դրանք մոդերացնելու և էջի ֆիլտրումը միացնելու կայքի այցելություններում պարզապես անկում է լինում։

Ֆեյսբուքի ալգորիթմը փաստացի խրախուսում է, որ մեկնաբանությունները չֆիլտրվեն, անբարո գրառումներ կատարողները չարգելափակվեն, էջերի բովանդակության ֆիլտրերը չկիրառվեն։

Քանի որ հակառակ դեպքում Ֆեյսբուքը պարզապես նվազեցնում է դիտումները։ Դե արի, ադմին, ու մի խելագարվի։ Ու մնացածին էլ հետդ մի տար։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *