2010.12.20,

Նյուսրում

«Ա1+»-ը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՌԱՀ-ի

«Ա1+» հեռուստաընկերությունը հայց է ներկայացրել վարչական դատարան, որով պահանջում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին (ՀՌԱՀ) պարտավորեցնել տրամադրել «Ա1+»-ի մրցակից «Արմնյուզ» ընկերության` հեռարձակման լիցենզավորման մրցույթին ներկայացրած առաջարկների փաթեթի կրկնօրինակը:

Դեկտեմբերի 16-ին կայացած թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթում «Ա1+»-ը պարտվեց «Արմնյուզ»-ին՝ ստանալով ընդամենը 2 միավոր. «Արմնյուզ» ընկերության հայտը ՀՌԱՀ-ի կողմից գնահատվեց 44 միավոր:

«Ա1+»-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանի խոսքերով՝ իրենք պահանջել են «Արմնյուզի» մրցութային առաջարկի պատճենը, սակայն հանձնաժողովը հրաժարվել է այն ներկայացնել մինչեւ հունվարի 20-ը` ասելով, որ դեռ աշխատում են փաստաթղթերի վրա:

«Եթե կա արդեն հաղթող ճանաչված ընկերությունը, մեզ համար անհասկանալի է, թե ինչու է հանձնաժողովն այդ մրցութային փաթեթների վրա աշխատում»,-հայտարարեց փաստաբանը: 

«Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը հայտարարեց, որ անձամբ դատական հայց է ներկայացնելու ընդդեմ ՀՌԱՀ նախագահ Ամալյանի, որը վիրավորել եւ կեղծարար է անվանել իրեն` անհիմն եւ առանց դատարանի որոշման: 

ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը «Ա1+»-ի հայտը մերժելը բացատրել էր նրանով, որ ընկերությունը ակնհայտ կեղծ փաստաթղթեր է ներկայացրել:

«Կեղծված են մասնավորապես՝ Բրիտանական «Hobbington Manegment Limited» ընկերության կողմից «Մելտեքս» ՍՊ ընկերությանը տեխնիկական վերազինման նպատակով ցուցաբերվելիք ֆինանսական աջակցությունը հավաստող փաստաթուղթը եւ Բելիզի «Rogeston Logistics LTD» ընկերության կողմից «Մելտեքս» ՍՊ ընկերությանը տեխնիկական վերազինման նպատակով ցուցաբերվելիք ֆինանսական աջակցությունը հավաստող փաստաթուղթը։ Համապատասխան երկրների իրավասու հաստատությունների տեղեկատվության համաձայն՝ նման գործող կազմակերպություններ գոյություն չունեն»,- մրցույթից հետո հայտարարել էր Ամալյանը:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *