Թվապատման դիտակետում հետաքննող լրագրողներն են

13.12.2016, Նյուսրում

Լրագրող, արվեստի քննադատ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած «Թվապատում հետաքննություն. մեդիան ընդդեմ կոռուպցիայի» լրագրողական կոնֆերանսը, որը տեղի ունեցավ Երևանում դեկտեմբերի 6-8-ը, ուներ մեկ գլխավոր նպատակ՝ փորձում էր խթանել Հայաստանում հետաքննական լրագրությունն ու կոռուպցիոն դեպքերի բացահայտումները, որոնք հիմնված են հանրային շահի և հանրայի ներգրավվածության գաղափարի վրա:

ԱՄՆ-ից, Գերմանիայից, Լիտվայից, Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, Մոլդովայից, Թուրքիայից, Չեխիայից, Ռուսաստանից և Վրաստանից ժամանած լրագրողները, մեդիափորձագետներն ու հետաքննական կենտրոնների ներկայացուցիչները բանախոսությունների ու վարպետության դասերի միջոցով պատմեցին իրենց աշխատանքային փորձի, խոչընդոտների և հաջողությունների մասին:

Հետաքննող լրագրողների կոնսորցիոումի հիմնադիր անդամ, նախկինում «The Guardian»-ի հետաքննությունների բաժնի խմբագիր Դեյվիդ Լին ասաց.

«Հետաքննող լրագրողները հետապնդում են մարդկանց, որոնք ունեն փող և իշխանություն և կարող են վճարել իրավաբանների, բանկային աշխատողների ու հաշվապահների բանակին՝ պահպանելու իրենց կեղտոտ գաղտնիքները»:

«Թվապատում հետաքննություն. մեդիան ընդդեմ կոռուպցիայի» կոնֆերանսԱյս իրավիճակում լրագրողներին օգնության է գալիս անդրսահմանային համագործակցությունը: Ի վերջո, նույն թեմայով աշխատող և համագործակցող լրագրողները կարող են ավելի մեծ հանրային արձագանք առաջացնել, քան եթե դա անեն միայնակ և ապավինելով միայն տեղական աղբյուրներին:

Իսկ երկրորդ սատարող ուժը հաքերներն են, որոնք վերջին տարիներին ահռելի ինֆորմացիոն զանգվածի արտահոսքի պատճառ դարձան:

«Եվ երբ այս երկու ֆենոմենները միանում են, ստեղծվում է նոր ազդեցիկ մի զենք, որին տիրապետելով՝ լրագրողները սովորում են հաջողությամբ պայքարել ֆինանսական կոռուպցիայի դեմ»,- ասաց Դեյվիդ Լին:

Լրագրողների մեծ թիմերը աշխատում են միասին, հետո մեկ մեծ պատմությունը վերածում դրվագային հոդվածաշարերի ու միաժամանակ հրապարակում տարբեր լրատվամիջոցներում: Եվ լավ է, երբ համագործակցությունը միջազգային է:

«Երբ աշխատում ենք խոշոր հետաքննական ցանցերի նախագծերում, հաճախ չենք էլ իմանում, թե որն է մեր աղբյուրը: Աղբյուրը չիմանալը պետական ճնշումներից պաշտպանվելու լավագույն միջոցն է»,- ասաց Դեյվիդ Լին:

Պավլա ՀոլցովանՉեխական հետաքննական լրագրության կենտրոնի հիմնադիր Պավլա Հոլցովան պատմեց, որ իրենց բոլոր նախագծերը համագործակցային են: Օրինակ՝ չեխ լրագրողները հայաստանյան «Հետք»-ի հետ միասին հետաքննել են հայկական ստվերային բիզնեսի ճյուղավորումները Չեխիայում: Արդյունքում բացահայտվեց «օրենքով գողերի» կապը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց բիզնես միավորումները, ապօրինի ունեցվածքն ու ներգրավվածությունը մաֆիոզ համակարգում այլևս գաղտնիք չէ:

«Internews Network»-ի ավագ մեդիա փորձագետ Օլեգ Խոմենյուկը ներկայացրեց այն հարթակներն ու տեղեկության մշակման փուլերը, որոնք անհրաժեշտ են հետաքննող լրագրողներին:

«Հանրային ինֆորմացիան դարձել է մատչելի: Հիմա ցանկացած տեղեկություն հնարավոր է ստանալ առանց միջնորդների: Խնդիրը տեղեկության վերլուծությունն ու պահպանումն է: Հայտնվում են նոր գործիքներ, որոնք օգնում են արագ որոնել անհրաժեշտ թվերն ու փաստերը միլիոնավոր տեղեկությունների հոսանքում»,- ասաց նա՝ ցուցադրելով կամավորների օգնությամբ ստեղծված ուկրաինական կայքերը, որոնք հավաքագրում են պետական պաշտոնյաների մասին բաց տեղեկությունն ու այն որոնելի դարձնում լրագրողների համար:

«Թվապատում հետաքննություն. մեդիան ընդդեմ կոռուպցիայի» կոնֆերանսԼիտվացի լրագրող Սկիրիմանտաս Մալինաուսկասը պատմեց, որ վերջին տարիներին Լիտվայում շատացել են կոռուպցիայի դեպքերը բացահայտող հոդվածաշարերը, որոնց համար հիմք են դարձել Պանամայի փաստաթղթերի արտահոսքը:

«Հետաքննությունը միայն տարբեր աղբյուրներից ստացված տեղեկության հրապարակումը չէ, մենք մեծ աշխատանք ենք կատարում՝ տեղեկությունը պեղելու, ստուգելու, այն որպես տվյալ օգտագործելու և մեր սեփական եզրահանգումն անելու համար: Որպեսզի ընթերցողների համար պարզ լինի թեման, անհրաժեշտ է լինում գնահատել և ներկայացնել համատեքստը: Եվ, իհարկե, թույլ չտալ, որ մեր գործը ի շահ իրենց օգտագործեն տարբեր ընկերություններն ու անձինք»,- ասում է նա:

Սկիրիմանտաս Մալինաուսկասը նաև հորդորեց լրագրողներին չմոռանալ, որ երկար և որակյալ տեքստերը, միևնույն է, չեն ունենալու այնպիսի դիտելիություն, ինչպես կարճ հոդվածները սեքսի, սպորտի կամ եղանակի մասին:

«Հետաքննություններում ամենակարևորը տեքստն է: Միգուցե ձեզ անհրաժեշտ են մի քանի լուսանկարներ՝ տեքստին ուղեկցելու համար, բայց ոչ ավելին»,- ասաց նա:

«Թվապատում հետաքննություն. մեդիան ընդդեմ կոռուպցիայի» կոնֆերանսՎաշինգթոնի Ամերիկյան համալսարանի Հաղորդակցության դպրոցի Հետաքննական արհեստանոցի մասնագետ Լուի Լիֆը հետաքննող լրագրությունը համեմատեց վերահսկողի, պահապան շան հետ, որը ճշմարտությունն է ասում իշխանություններին:

«Բայց կարևոր է, որ մարդիկ վստահեն լրագրողների գործին և զգան, որ կարող են գործել նրանց հաղորդած տեղեկության հիման վրա: Այսօր իմ երկրում (կարծում եմ՝ նաև ձեր) մեդիային ավելի սակավ են հավատում և ավելի շատ են կասկածում դրա վստահությանը»,- ասաց նա:

Նոր ինֆորմացիոն լանդշաֆտում լրագրողները ստիպված են նոր ուղիներ գտնել հաղորդակցվելու համար տարբեր համայնքների ու ակտիվ քաղաքացիների հետ («like» և «share» կոճակները սեղմելուց բացի), որպեսզի իրենց աշխատանքն ավելի արդյունավետ դառնա:

«Լրագրողների դերը վերաիմաստավորվում է, երբ գտնվում են հանրության ներգրավվածության նոր մոդելներ, որոնք արդեն դուրս են լրագրության սահմաններից: Լուրերի սպառողները պասիվ դիտողներից վերածվում են ակտիվ մասնակիցների և տեղեկություն հավաքագրողների»,- այսպես է ձևակերպում նպատակը Լուի Լիֆը:

Լուի ԼիֆըԼիտվացի հետաքննող լրագրող Էվալդաս Լաբանաուսկասը նշեց նաև ռիսկերի մասին, որոնցից ամենակարևորը մտահոգությունն է, թե հետաքննությունը նպատակին չի հասնի.

«Երբեմն այն սպասված ուշադրությանը չի արժանանա կամ չի ունենա ազդեցություն հասարակության վրա: Վատթարագույն դեպքում այն կարող է ընդհանրապես չհրապարակվել (գլխավոր խմբագիրն այդպես կորոշի, բիզնեսի շահերը կխանգարեն և այլն): Բայց դա չպիտի հուսահատեցնի»:

Ըստ նրա՝ իհարկե, կլինեն լրագրողներին վարկաբեկելու, սաստելու փորձեր: Հնարավոր մեղադրանքներից ապահովագրվելու համար նա նշեց մի քանի պայման.

«Նախ՝ եղեք այնքան բծախնդիր, որքան կարող եք, ստուգեք ու վերստուգեք ձեզ հասած տեղեկությունները: Անգամ փոքր սխալը կարող է ճակատագրական լինել թե՛ ձեր հետաքննության, թե՛ մեդիայի, թե՛ անձամբ ձեր անձի համար: Հետո՝ հանրայնացրեք ձեր գործը՝ հրապարակելով փաստաթղթերն ու վկայությունները այլ մեդիա հարթակներում և ցանցերում: Հրապարակայնությունը ձեր լավագույն զենքն է այն դեպքերում, երբ ձեզ ուզում են լռեցնել: Եվ վերջում՝ ունեցեք հավատարիմ թիմ, որը կօգնի հետաքննական իրավիճակում ու ոչ միայն կապահովի նոր տեղեկատվական մանրամասներով, այլև բարոյապես կաջակցի ձեզ»:

«Թվապատում հետաքննություն. մեդիան ընդդեմ կոռուպցիայի» կոնֆերանս«Հետք»-ի (հետաքննող լրագրողների պլատֆորմի) գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն ասաց.

«Հետաքննական լրագրությունը կոնկրետ թշնամի չունի: Մեր թիրախում պաշտոնյաներն են, որովհետև նրանք տնօրինում են մեր հարկերից ձևավորվող պետական բյուջեն: Հետաքննող լրագրողները շատ բան չեն ուզում. ուզում են, որ իրավախախտումներ անողները պատժվեն: Եթե սա լինի, երկրում փոփոխություններ կլինեն»:

«Թվապատում հետաքննություն․ մեդիան ընդդեմ կոռուպցիայի» կոնֆերանսը կազմակերպվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Միջոցառմանն աջակցել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպանությունը:

Նունե Հախվերդյան
Լուսանկարները՝ Սոնա Քոչարյանի և Հակոբ Հովհաննիսյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?