Թվապատում 2016. ազդեցիկ պատմություններ փոփոխությունների մասին

28.09.2016, Նյուսրում

Լրագրող

«Լրագրողների դերը երկիրը փոխելու մեջ ամենաառաջնայինը պետք է լինի, քանի որ լրագրողների աչքերը սուր են ու հեռատես: Նրանք տեսնում են լավն ու վատը ու լուսաբանում են դա»,- ասում է Շիրակի մարզի Բասեն համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանը, որը հաղթող է ճանաչվել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած Թվապատում 2016 լրագրողական մրցույթի «Գործող անձ» (Homo agendi) անվանակարգում:

«Մենք մեր աշխատանքի մեջ չենք կարողանում տեսնել մեր թերություններն ու առավելությունները, բայց լրագրողներն ամեն ինչ տեսնում են: Միշտ դիպուկ, անզիջում՝ պայքարում, իշանություններին միշտ ցույց են տալիս իրենց թերությունները: Հենց լրագրողներից պետք է սկսվի փոփոխությունը»,- ավելացնում է նա:

Լրագրողները շարունակում են պատմել փոփոխությունների մասին, իսկ Թվապատումը` գնահատել նրանց աշխատանքը: Թվապատում մրցույթին, որի նպատակն է խթանել Հայաստանում իրականացվող փոփոխությունների, տեղական ինքնակառավարման, հաշվետու ու թափանցիկ կառավարման, սոցիալական ոլորտների հարցերի ու խնդիրների լուսաբանումը, մեծ թվով նյութեր են ներկայացվել՝ 76 լրագրողների 131 նյութ 35 լրատվամիջոցից:

Գործող անձ Համլետ Պետրոսյանը՝ Շիրակի մարզի Բասեն համայնքի ղեկավարը«Մենք փորձում ենք որակյալ նյութի միջոցով խոսել Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների մասին: Ես չեմ խոսում բարեփոխումների մասին, որովհետև լրագրողների նյութերի միջոցով հանրությունը միայն պետք է որոշի՝ դրանք բարեփոխումներ են, թե փոփոխություններ»,- ասում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:

Մրցույթի չորս անվանակարգերում ներկայացված նյութերը մեդիա մասնագետներից կազմված ժյուրին երկար է քննարկել. գնահատելիս հաշվի է առել լրագրողական աշխատանքը, մրցույթի թեմաները, ստեղծագործական մոտեցումը ու նոր մեդիայի գործիքների օգտագործումը: Ժյուրիի կարծիքով՝ նախորդ տարվա համեմատ՝ այս տարվա նյութերն ավելի որակյալ են, բայց լրագրողները դեռևս աշխատելու տեղ ունեն:

Ինչպես և անցյալ տարի, «Դիտակ. հետաքննական լրագրություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Հետք»-ի երկու հրապարակում՝ «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» և «Ինչպես խաբել հասարակությանը` կառավարության որոշումներում մշակութային վերնագիր դնելով. «Գրքի աշխարհ»-ի հետքերով», որոնց հեղինակներն են Քրիստինե Աղալարյանը, Էդիկ Բաղդասարյանը և Մարինե Մադաթյանը:

«Հետք»-ի լրագրողներ Մարինե Մադաթյանը և Քրիստինե Աղալարյանը«Ինձ համար շատ կարևոր է Թվապատում մրցույթը և շատ ոգևորիչ է երկրորդ անգամ մրցանակի արժանանալը: Մրցանակաբաշխությունից առաջ մասնակցեցի նաև վարպետանոցին, որտեղ ժյուրիի անդամներից մեկը նշեց, որ ամենալավ նյութերն անգամ հնարավոր էր ավելի լավ ներկայացնել: Համաձայն եմ: Սա ինձ համար չափանիշ է, և ես հաջորդ տարի կփորձեմ լրագրության նոր գործիքներն օգտագործել նյութս ավելի մատչելի դարձնելու ու ավելի մեծ լսարան գրավելու համար»,- ասում է «Հետք»-ի լրագրող Մարինե Մադաթյանը:

«Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում» անվանակարգում նույնպես մրցանակը բաժին ընկավ «Հետք»-ի լրագրող Գրիշա Բալասանյանին՝ «Պատգամավորների թանկարժեք նվերները» մուլտիմեդիա նյութի համար:

«Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն լուսաբանում» անվանակարգի մրցանակը շնորհվեց Անուշ Մուրադյանին՝ «ԱՐ» հեռուստաըներկության «Հատուկ թղթակից» հաղորդաշարի համար պատրաստած «Գյուղացիական կոոպերատիվներ. ում է պետք ֆերմերների միավորումը» տեսանյութի համար:

Ժյուրիի անդամ Մանան Ասլամազյանը, լրագրողներ Լալա Տեր-Ղազարյանը, Երանուհի Սողոյանը, Լիլիթ Բարսեղյանը ու նրա տեսանյութի հերոս Անի ՀայկունինԳործող անձ (Homo Agendi) անվանակարգում հաղթող ճանաչվեց ոչ միայն Սիվիլնեթի «Կանաչ հեղափոխություն» տեսանյութի հերոսը՝ Շիրակի մարզի Բասեն համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանը, այլև նյութի հեղինակ Գոհար Տեր-Հակոբյանը:

Հերոսի կերպարը բացահայտելու համար հատուկ մրցանակի արժանացավ Հանրային հեռուստաընկերության լրագրող Լիլիթ Բարսեղյանը՝ «Հաղթահարելով քաղցկեղը» տեսանյութի համար, որի պատմության հերոսը Անի Հայկունին է:

«Սովորաբար տեսանյութերը նկարահանվում, մեկ անգամ ցուցադրվում են ու դրվում են դարակներում: Եվ վերջ: Իսկ այս մրցույթի միջոցով թե՛ նյութի մասին են ավելի շատ իմանում, թե՛ նյութի հերոսի: Նշանակում է՝ մի քանի անգամ կրկնապատկվում է լսարանդ: Թվապատումը մի յուրօրինակ հնարավորություն է ոլորտի մարդկանց աշխատանքներին ծանոթանալու, գնահատված զգալու»,- ասում է Լիլիթ Բարսեղյանը:

Լրագրողական հետևողականության համար հատուկ մրցանակ շնորհվեց Երանուհի Սողոյանին՝ «Ոսկի՞, թե՞ հիվանդածին ապագա Ամուլսարից» հոդվածաշարի համար:

Թվապատում 2016 մրցանակաբաշխության վարող Արտակ Վարդանյանը, ժյուրիի անդամ Մեսրոպ Հարությունյանը և լրագրող Անուշ ՄուրադյանըA1plus.am-ի «Մանկատան այլընտրանքը» նյութի հեղինակ Ռոբերտ Անանյանը և panorama.am-ի «Բարի մաման» հոդվածի հեղինակ Լալա Տեր-Ղազարյանը ստացան խրախուսական մրցանակներ:

«Թվապատմանը» աջակցություն ցուցաբերող ԵԱՀԿ երևանյան գրասենյակը իր հատուկ մրցանակը հանձնեց Արման Սուլեյմանյանին՝ Սիվիլնեթում հրապարակված «2016-ից հաշմանդամությունն այլևս վարակիչ չէ» նյութի հերոսի ընտրության համար:

«Ես քվեարկում եմ.լսարանի վստահության մրցանակ» անվանակարգի հաղթողին կորոշեն ընթերցողները: Բոլոր անվանակարգերում ժյուրիի ընտրած լավագույն 20 աշխատանքները կդրվեն քվեարկության հոկտեմբերի 1-ից 31-ը մրցույթի կայքում:

«Թվապատում 2016-ը» կազմակերպվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: «Թվապատմանը» աջակցություն է ցուցաբերել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակը: Միջոցառման գլխավոր հովանավորն է Beeline-ը։ «Թվապատումը» համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Ինտերնյուսը:

Աննա Բարսեղյան
Լուսանկարները՝ Սոնա Քոչարյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?