2012.04.13,

Քննադատ

Ռեստորանային երաժշտությունը եթերում

Դեռեւս իննսունականների վերջերից ռեստորանային երաժշտությունը մուտք գործեց  հայաստանյան հեռուստաընկերություններ եւ մինչեւ հիմա շարունակում է իր հաղթարշավը:

Շուկայի ազատականացմամբ պայմանավորված՝ ռեստորանային երաժշտության մուտքը հեռուստաընկերություն անխուսափելի էր, սակայն խնդիրն այն է, որ շատ չանցած իշխանությունների  հովանու ներքո ցածրորակ ռեստորանային երաժշտությունը գերիշխող դիրք գրավեց հեռուստաընկերություններում՝  քիչ տեղ թողնելով այլ տեսակի երաժշտության եւ ընդհանրապես հաղորդումների համար:      

Հայկական քեֆուրախությունների, ռեստորանում անցկացվող խնջույքների անբաժան մասը հանդիսացող այդ երաժշտությունը այժմ տարբեր ձեւաչափերով ներկայանում է հեռուստադիտողին՝ փորձելով տարին տասներկու ամիս բարձր տարամադրություն, քեֆուրախություն պարգեւել  նրանանվերջանալի տոն, որը մեկնարկում է ամանորյա երաժշտական ծրագրերով եւ չի ավարտվում:

Ռեստորանային երաժշտությունը հեռուստադիտողին ներկայանում է ոչ միայն տեսահոլովակների միջոցով, այլեւ տարբեր երաժշտական հաղորդաշարերի, երաժշտական մրցույթների, փառատոնների:

Ռեստորանային երաժշտություն մատուցող հեռուստաընկերությունները կամ հաղորդաշարերի հեղինակները փորձում են այնպիսի ձեւաչափեր գտնել եւ հաղորդման համար այնպիսի անվանումներ ընտրել, որոնք «կօրինականացնեն» դրանց մուտքը եթեր: Օրինակ` նմանատիպ հաղորդաշարերից մեկի անվանումը «Սիրված երգեր» է.  բնական է, չէ՞, որ սիրված երգերը պետք է հնչեն հեռուստատեսությամբ:

Ռեստորանային երաժշտության «լեգիտիմացման» մի  յուրահատուկ ձեւ է գտել «Արմենիա» հեռուստաընկերությունը՝ հաղորդաշարի անվանումը դնելով «Հեռուստառեստորան»: «Հեռուստառեստորան»-ում, որտեղ  հնչում է ռեստորանային երաժշտություն՝ ռաբիսից մինչեւ ռուսական շանսոն, երգում եւ միմյանց հետ մրցում են տարբեր ռեստորաններից հրավիրված երգիչները, իսկ ժյուրիի կազմում ներգրավված են Ռաֆայել Քոթանջյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը:

Ոչ վաղ անցյալում ցածրորակ, ռաբիս երաժշտությունը քննադատողները այսօր արդեն հանդես են գալիս որպես ժյուրի, ծափահարում են, բարձր գնահատականներ են տալիս այդ երաժշտությանը: Սակայն պետք է նշել, որ նրանք իրենց խոսքում պարբերաբար խոսում են ճաշակից եւ ռեստորանների երգիչներին, որոնց մեջ, ի դեպ, շնորհքով մարդիկ էլ կան, հորդորում են ճաշակով երգեր ընտրել:

Հայտնի սովետահայ արվեստագետներից բացի ժյուրիի կազմում կան նաեւ ռեստորանային երաժշտության հանրահայտ այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Հայկոն, Աիդա Սարգսյանը եւ այլն:

Հաղորդումը վարում է Հրանտ Թոխատյանը կամ ինչպես նրան դիմում է երգիչ Հայկոն` Հրանտ Արամիչը: Թոխատյանը հաճախակի փորձում է սրամտել, հումոր անել, ինչը նրան հիմնականում չի հաջողվում

Հաղորդման ստեղծագործական խմբին ձեւավորման, հնչեցվող երաժշտության շնորհիվ ընդանուր առմամբ հաջողվել է ռեստորանի մթնոլորտ ստեղծել:

Այդ նպատակին է ծառայում նաեւ այն, որ Թոխատյանը բեմից երգերի պատվերներ է հնչեցնում, որոնք իբր պատվիրել են ներքեւում` սեղանների շուրջ  նստած այցելուներըՊատվերների տեքստերը, որոնք կարդում է Թոխատյանը, կոչված են հանդիսատեսին զվարճացնելու եւ նախապատրաստելու երգչի մուտքը, սակայն  դրանք հազվադեպ են զվարճալի լինում, զգացվում է պատվերի տեքստը հնչեցվելիք երգի հետ կապելու ճիգը:

Երգերի ժամանակ հաղորդման նկարահանմանը ներկա հանդիսատեսը պարում է՝ «ուրախ» երգերի տակ անկանոն շարժումներով «հայկական» պարեր, «տխուր» երգերի տակ` «տանգո»:

Երգերի տեքստերը գրվում են հեռուստացույցի էկրանի ներքեւի մասում, ինչպես կարաոկեում: Անհասկանալի է, թե ինչ նպատակով են գրվում երգերի տեքստերը. հաղորդման հեղինակներին թվում է, թե ինչոր մեկը տանը, հեռուստացույցի առջեւ նստած ձայնակցելու՞ է երգիչներին, թե՞ նպատակը երգերի բառերը սովորեցնելն է

Այնուամենայնիվ, երգերի տեքստերը էկրանին գրելը օգտակար է, որովհետեւ որոշ կատարողներ այնպես են կլկլացնում, որ լսողությամբ անհնար է լինում հասկանալ երգի բառերը:

Հայաստանի բնակչության մեկ երրորդը աղքատ է, իսկ ոչ աղքատների միայն մի փոքր հատվածը կարող է իրեն թույլ տալ  շաբաթը մեկ անգամ ռեստորան հաճախել:  «Հեռուստառեստորան»-ը եւ նմանատիպ հեռուստահաղորդումները փոխարինող, «փոխհատուցող» գործառույթ են իրականացնում:

ՀՀ իշանություններին չի հաջողվում բարձրացնել բնակչության կենսամակարդակը, այլ կերպ ասած` չի հաջողվում հաց տալ, բայց անուրանալի է բնակչությանը զվարճանք մատուցելու գործում գրանցած հաջողությունը , ինչի մասին վկայում են բազմաթիվ տոնահանդեսներրը, հրավառությունները, տոնակատարությունները եւ վերջապես  հեռուստաընկերություններում «զվարճալի» հաղորդումների առատությունը:

Համբարձում Համբարձումյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *