Սոցիալական ցանցերը Հայաստանում․ 2016-ի աշուն

03.10.2016, Քննադատ

Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:

2016 թվականը դառնում է նոր փուլի սկիզբ Հայաստանում սոցիալական մեդիայի զարգացման համար։ Օդնոկլասնիկին կամաց-կամաց գնում է երկրորդ պլան, Ֆեյսբուքի աճը դանդաղում է, առաջ են գալիս նոր հարթակներ։

Օդնոկլասնիկիի վիճակագրությունը ցույց է տալիս, որ շաբաթ առ շաբաթ այցելությունները Հայաստանից նվազում են։ Վերջին կես տարում անկումը մոտ 25% է կազմել (Տես նկարը․ տվյալները՝ ըստ Liveinternet.ru)Օդնոկլասնիկիի վիճակագրությունըՄյուս կողմից՝ Ֆեսյբուքի ամսական կտրվածքով ակտիվ օգատերերի թիվը հասել է մեկ միլիոնի։ Օրական լսարանը հասնում է 650 հազարի։ Սակայն վերջին երեք ամսում աճը կազմել է ընդամենը մոտ հինգ տոկոս։

Իսկ Ինստագրամը, հակառակը, աճում է արագ տեմպերով։ Այստեղ օրական օգտվողների թիվը հասնում է 110 հազարի, իսկ ամսական լսարանը՝ 200 հազարի։ Ընդ որում՝ այստեղ տարիքային բաշխվածությունը շատ ավելի միանշանակ է՝ գրեթե բոլոր օգտատերերը մինչև 45 տարեկան են։ Ըստ Սիմիլարվեբի գնահատականի՝ Հայաստանում Ինստագրամն այցելություններով արդեն տասնմեկերորդ տեղում է։Հայաստանից ամենաայցելվող կայքերըԹվիթերի դեպքում հստակ թվերի մասին խոսելը դեռ դժվար է, քանի որ հարթակի գովազդային համակարգը չի կարողանում հստակ թվեր ներկայացնել։ Սակայն լսարանը կարելի է գնահատել մոտ 15-20 հազար օգտատեր, որոնց գրառումների բավականին մեծ տոկոսը ավտոմատացված հեռարձակումներ են կայքերից կամ Ֆեյսբուքից։

Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում նկատվում է ակտիվացում, հատկապես երիտասարդների շրջանում։ Բացի այդ՝ ըստ Թվիթերի գովազդային վահանակի տվյալների՝ կարելի է եզրակացնել, որ կանայք այստեղ ավելի ակտիվ են, քան տղամարդիկ․ կանայք քանակապես մոտ երկու անգամ շատ են։ Նման սեռական անհավասարակշռություն նկատվում է նաև Ինստագրամում։

Ռուսաստանյան Վկոնտակտե սոցցանցի վերաբերյալ գնահատականներն ամենադժվարն են։ Մի կողմից՝ սոցցանցի տվյալներով՝ այստեղ գրանցված է մեկ միլիոնից ավելի հայաստանցի, այցելություններով նույնպես սոցցանցը տասնյակի մեջ է։ Մյուս կողմից՝ այցելուների հիմնական մասը Վկոնտակտեն օգտագործում է ոչ թե որպես սոցիալական ցանց, այլ երաժշտություն լսելու և ֆիլմեր նայելու հարթակ։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?