Մեդիագրագիտություն դասավանդելիս խորհուրդ եմ տալիս համբերատար լինել

24.11.2017, vox populi

10 տարեկան աշակերտները երբեմն այնպիսի հարցեր են տալիս մեդիագրագիտության առարկայի դասին, որ զգում ես, ինչքան դժվար է նրանց զուգահեռ առաջ շարժվելը՝ տեխնոլոգիական նորամուծություններին հետևելը:

Առարկան Ֆրանսիայի կրթության նախարարությունը կարևորել է, այն ներառել է դպրոցական ծրագրում: Նախարարությանը կից CLEMI կառույցը շաբաթը մեկ անգամ հարթակ է ստեղծում մեդիայի, դասախոսների, ուսուցիչների համար, որպեսզի քննարկեն դասընթացի ժամանակ առաջացած հարցերը, ներկայացնեն մեդիայի զարգացումները: Դա շատ է օգնում դասավանդողներիս պահպանել աշխատանքային ռիթմը:

Բայց դա իմ կարծիքով բավարար չէ, մեդիագրագիտությունը պետք է լինի պարտադիր առարկաների ցանկում: Հատկապես, որ աշակերտները ոգևորված են թեմաներով, պատրաստ են երևակայել և դառնալ դասընթացի մի մաս: Նրանք բոլորն այսօր ինտերնետում են և պահանջ ունեն դառնալ գրագետ մեդիա սպառող: Օրեցօր այդ պահաջն ավելի ցայտուն է դառնում:

Ես որպես ուսուցիչ շատ խնդիրներ ունեմ, թեման գտնելը, բացատրելը քիչ է, նրանց պետք է մասնակից դարձնել պրոցեսին: Հենց այդ մասնակցությամբ են նրանք հասկանում դասընթացի կարևորությունը, իրենց առօրյայի վրա դրա ազդեցությունը: Կարճ ասած, դասընթացը պետք է պատկերավոր լինի: Ինչպե՞ս: Դերային խաղերով, պատկերներով, գործնական աշխատանքներով, հանդիպումներով:

Ֆրանսիայում մեդիան ուզում է ունենալ գրագետ լսարան, խմբագրությունները պատրաստ են գալ և մեզ հետ աշխատել դպրոցական երեխաների հետ: Մենք հյուրընկալում ենք լրագրողների և հեռուստաեթերի տարբեր մասնագետների, համատեղ խաղեր կազմակերպում, ֆիլմեր նկարահանում:

Դասաժամերին կուտակված հարցերի տարափ է սկսվում: Աշակերտները անկեղծացնում են լրագրողներին, տեղեկանում մանրամասների՝ նրանց լրատվամիջոցի, աղբյուրների հետ աշխատանքի մասին:

Օրինակ, լրագրողները պարզաբանում են, ինչու են իրենց նյութը ներկայացրել միայն պաշտոնական տեղեկատվությամբ կամ ինչու են կարծիքը հոդվածում ներկայացրել որպես փաստ և այլն:

Երեխաների երևակայությունը մարզելու համար ընտրում ենք թատերական ներկայացման ձևաչափը, բաժանվում խմբերի՝ լրագրողներ, դեպքի ականատեսներ, ոստիկաններ և այլն: Սկսում են ստեղծագործել, երևակայել, սիրել մեդիայի աշխատանքը:

Երեխաների թույլ տված սխալներն օգտագործելով ընդհանրացումներ ենք անում: Սովորեցնում նախ դասակարգել տեղեկատվությունը, կողմնորոշվել համացանցում, չդառնալ կեղծ և մանիպուլիացիոն տեղեկատվության թիրախ:

Այս թեմաներից պարզ խոսելու ճանապարհը միայն ներկայացումը չէ, չնայած այն ամենաէֆեկտիվներից է: Երեխաների ուշադրությունը երկար պահել չես կարող, պետք է հաճախ մտածել դասավանդման մեթոդների մասին:

Իմ աշակերտներն այսօր չեն տարածում որևէ տեղեկություն՝ առանց այն ստուգելու: Նրանք գիտեն, որ տեղեկություն ստուգելն այդքան էլ հեշտ գործ չէ, ժամանակ ու հմտություններ է պահանջում: Խորհուրդ եմ տալիս համբերատար լինել, չշտապել:

Կեղծ տեղեկության տարբերակումն առաջին քայլն է, հետո նրանք վերլուծում են՝ ինչու է լրատվամիջոցը նման տեղեկություն տարածում: Դա մի քիչ բարդացնում է իրավիճակը, որովհետև պետք է բազմաթիվ հարցերի պատասխաններ ստանալ:

Օրինակ, թե ինչու է տեղեկությունը տարածվել՝ մարդկանց ծիծաղեցնելո՞ւ, քլիքներ հավաքելո՞ւ, համոզելո՞ւ, մարդկանց վնասելո՞ւ, թե՞ գովազդի համար: Կամ միգուցե անփութության հետևա՞նք է եղել:

Կարծիքներն ու մեկնաբանությունները տարբեր են, սուր բանավեճերի  արդյունքում երեխաները ստեղծում են ինֆորմացիան բացատրող բովանդակություն՝ տեքստ, գրաֆիկ և այլն: Դա օգտակար է և՛ իմ, և՛ իրենց համար:

Արդիական է նաև լուսանկարների թեման, իմ աշակերտները գիտեն, թե ինչպես ստուգել լուսանկարի պատմությունը, որտեղ և երբ է այն նկարահանվել, այնուհետև տարբեր ինտերնետային ծրագրերի միջոցով հասկանալ տեղանքը, համացանցում հայտնվելու ամսաթիվը և այլն:

Իհարկե երկար կարող եմ ներկայացնել մեր ձեռքբերումները, աշխատանքային մեթոդները, բայց կրթական ծրագիրը մի մեծ բաց ունի: Քննադատական մտածողության մասին պետք է խոսել ոչ միայն իմ առարկայի, այլևս պատմության, գրականության և այլ դասաժամերի ընթացքում:

 

Ռոզ-Մարի Ֆարինելլա

Ֆրանսիայի Մեդիա և ինֆորմացիոն գրագիտության նախագծի հեղինակ,

GAPMIL-ի Մեդիա և ինֆորմացիոն գրագիտության երրորդ մրցանակակիր

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?