2015.12.08,

Նյուսրում

Լրագրողական համայնքը պահանջում է պատժել լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառողներին

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Հայաստանյան մեդիա կազմակերպությունները դատապարտել են դեկտեմբերի 6-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններն ու նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Հանրային լրագրության ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստանը, «Լրագրողներ հանուն ապագայի», Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հկ-ները եւ Գորիսի մամուլի ակումբը հայտարարություն են տարածել, որով վրդովմունք ենք հայտնել արձանագրված բռնությունների եւ լրագրողական աշխատանքի խոչընդոտման փաստերի վերաբերյալ:

«Ցավոք, կրկնվեց այն ամենը, ինչը Հայաստանում տեղի է ունեցել բազմիցս. ընտրությունների եւ հանրաքվեների ժամանակ ահագնանում են հարձակումներն ու ճնշումները լրագրողների վրա, որովհետեւ նրանք կարող են խախտել այն ուժերի «խաղաքարտերը», որոնք խտրականություն չեն դնում միջոցների մեջ եւ «հաղթանակ» են ապահովում ընտրակաշառքների, կեղծիքների, չարաշահումների հաշվին։ Ինչպես միշտ, այս նպատակով լայնորեն օգտագործվեցին թաղային «հեղինակությունների» ծառայությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

«Սա արդեն դառը իրականություն է եւ ավանդույթ Հայաստանում, երբ այդ քաղաքական միջոցառումներում ներգրավված են լինում թաղային հեղինակություններ եւ այլ անձինք, որոնց համար կարծես թե որեւէ արգելքներ չկան կյանքում, երբ նրանք տեսնում են լրագրողների, վստահված անձանց կամ դիտորդների ակտիվ գործունեությունը, որը կարող է խանգարել իրենց պլաններին, նրանք դիմում են այդ անընդունելի միջոցներին: Կարծում եմ՝ դրա վերջը կտրվի միայն այն ժամանակ, երբ սկսեն պատժվել այդ կարգի մարդիկ»,- ասում է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Մեդիա կազմակերպությունները ոստիկանությունից եւ քննչական մարմնից պահանջում են մանրակրկիտ եւ անաչառ հետաքննություն իրականացնել արձանագրված փաստերի առնչությամբ՝ բացառելով իմիտացիոն մոտեցումները, դատախազությունից՝ պատշաճ վերահսկողություն սահմանել իրավապահ մարմինների գործողությունների նկատմամբ, հետեւողականություն ցուցաբերել լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքները խախտողներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար, իսկ հանրաքվեն նախաձեռնած իշխող կուսակցությունից՝ բացատրություններ տալ երկրի հասարակությանը լրագրողների նկատմամբ իրականացված բռնությունների եւ խոչընդոտումների վերաբերյալ:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *